Առաջարկությամբ դիմում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը և սպորտի երիտասարդության նախարարությանը, մասնավորապես՝ պարոն Հայրապետյանին և պարոն Ղազարյանին.
Հարգելի ղեկավարներ, առաջարկում եմ մանրակրկիտ ուսումնասիրել, քննարկել Հայաստանի ակումբային ֆուտբոլի զարգացմանն ուղղված իմ առաջարկությունը:
Պարոնայք, առաջարկում եմ համախմբվել մեկ գաղափարի շուրջ և միասնական ուժերով մեր ակումբային ֆուտբոլը դուրս բերել այժմյան ճահճային վիճակից:
Եկեք սկսենք մարզերում ստեղծել ակումբներ, որոնք պետք է հանդես գան մեր բարձրագույն խմբում, մասնավորապես՝ մեր բոլոր 10 մարզկենտրոններից պահանջենք, որպեսզի յուրաքանչյուր մարզկենտրոն ունենա ակումբ բարձրագույն խմբում, և այդ ակումբները լինեն համայնքային բյուջեի հովանու ներքո, ինչպես նաև մեր առաջնության թիմերի քանակը հասցնենք 16-ի՝ համապատասխանաբար 6 մայրաքաղաքային և 10 մարզային ակումբներով, ինչպես նաև 3 տարի բոլոր ակումբներն իրենց տեղը պահպանեն բարձրագույն խմբում:
Առաջնությունն առաջարկում եմ անցկացնել աշուն-գարուն տարբերակով, չեմպիոնին հատկացնել չեմպիոնների լիգայի ուղեգիր, գավաթակրին Եվրոպա լիգայի խաղարկության ուղեգիր, իսկ մյուս երկու եվրոպական ուղեգրերը խաղարկել երկրորդից-հինգերորդ հորիզոնականները զբաղեցրած ակումբների միջև օլիմպիական մրցակարգով:
Վստահ եմ՝ նման առաջնության անցկացման դեպքում մենք շատ մոտ ապագայում կունենանք մարտունակ ակումբային ֆուտբոլ և այլևս չենք լինի մեր մրցակիցների համար հեշտ անցանելի մրցակիցներ, նաև սրանով էլ ավելի կուժեղացնենք մեր ազգային ընտրանու կազմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել