Պատահական չէ, որ ինչքան էլ վերջին տարիներին միջազգային ֆինանսական կազմակերպությունները Հայաստանում տնտեսական միջավայրի բարելավում են արձանագրում, դրանից ներդրումները չեն ավելանում։ Այնպես որ, եթե գործադիրին հաջողվի թեկուզ մասնակի հաղթահարել մրցակցային դաշտում առկա բացասական երևույթները, ապա Հայաստանի տնտեսությունը մշտապես կգրանցի դրական ցուցանիշներ։

Տնտեսական գործունեության պայմանների բարելավման համար կառավարությունը կարծես փորձում է կատարել նաև առաջին քայլերը։ Խոսքը, մասնավորապես, ավելացված արժեքի հարկի և տեսչական ստուգումների ոլորտում սպասվող փոփոխությունների մասին է, որոնցով ակնկալվում է մի կողմից հավասար պայմաններ ստեղծել պետություն-գործարար հարաբերություններում, մյուս կողմից՝ կրճատել տնտեսավարողների մոտ իրականացվող անհարկի ստուգումները։

Չնայած նրան, որ առկա են որոշ անորոշություններ, այնուհանդերձ, հաջորդ տարվա տնտեսական քաղաքականության ոլորտում կառավարությունը կարևորում է Եվրասիական տնտեսական տարածքին անդամագրումը, ինչը կարող է դառնալ արտահանման ավելացման հիմնական խթաներից մեկը։ Բայց դրա համար անհրաժեշտ է համարվում երկրի տնտեսական պոտենցիալի համալրումը։

Նման հնարավորություններ կառավարությունը տեսնում է ճշգրիտ ճարտարագիտության, կոնյակագործության, գինեգործության, դեղագործության, ոսկեգործության և այլ ոլորտներում։ Այդ իսկ պատճառով մտադիր է ակտիվացնել այդ ուղղություններով նախատեսված ծրագրերը՝ արտահանմանն ուղղված արդյունաբերության քաղաքականության ռազմավարությունը համալրելով տնտեսության նոր ճյուղերով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել