Հասարակությունն առհասարակ ունի զարգացման երկու ուղի` հոգևոր զարգացում և նյութական: Նյութական զարգացումը մեր օրերում դրսևորվում է տեխնիկական միջոցների արտադրության, գնման և կիրառման տեսքով: Հոգևոր զարգացումն իրականանում է աշխարհի գիտական և ոչ գիտական ճանաչողության, մշակույթի վերաիմաստավորման, վերարժևորման և վերապրման, ապագայի պլանավորման և այլ ձևերի միջոցով:
Այս տեսակետից, հայ հասարակությունը կարող է մտածել միայն նյութատեխնիկական զարգացման մասին, այն մյուս էվոլյուցիան` հոգևորը, մեզ չի սպառնում: Մի հասարակություն, որում գիտական և գեղարվեստական գրականություն գրեթե չեն կարդում, մի հասարակություն, որում գրեթե չեն կարդում օտար լեզուներով, մի հասարակություն, որտեղ կրթությունը ձև է, իսկ արժեք` դիպլոմը (մինչդեռ ճիշտը հակառակն է), այդ հասարակությունը հոգևոր զարգացում ունենալ չի կարող: Երևի թե պետք էլ չի, պետք լիներ` ամեն ինչ կփոխեր և կունենար. կգնային ծնողները դպրոց և տգետ ուսուցիչների հետ կռիվ կտային երեխայի գիտելիքների և դպրոցի բարոյահոգեբանական վիճակի համար, պետք լիներ` երեխաների համար գրականություն կգնեին, ոչ թե հեռախոս ու պլանշետ, պետք լիներ.... բայց ում է պետք:

Զարգացումը սխալ` նյութական բարիքներից ավելի շատ օգտվելու իմաստով, հասկացող հասարակությունը լրջագույն արժեքային պրոբլեմ ունի իր մեջ, միջանձնային հարաբերություններում, և քանի այդ պրոբլեմը լուծված չէ, մենք, ցավոք սրտի, ավելի լուրջ հարցերի` իշխանափոխություն, հայրենասիրություն, զարգացում և այլն, մտածել ուղղակի չենք կարող: Երազել` կարող ենք, մոլորվել այդ հարցերի շուրջ` կարող ենք, բայց մտածել ու գործնական քայլեր ձեռնարկել` երբեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել