Սերժ Սարգսյանի կողմից հոկտեմբերի 10-ին ստորագրած Հայաստանի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը պետք է ստանա Սահմանադրական դատարանի դրական գնահատականը և վավերացվի Ազգային Ժողովի կողմից։ Ընդ որում, ներկա փուլում վարչապետը կարող է հանդես գալ այդ պայմանագրին միանալու ընթացակարգը կասեցնելու կամ դադարեցնելու նախաձեռնությամբ։

ԵՏՄ պայմանագրից Հայաստանի համար բացասական հետևանքներ ստեղծող դրույթներից ներկա դրությամբ կտարանջատեմ երկուսը․

1. այն դրույթները, որոնց համաձայն ԵՏՄ հանձնաժողովի որոշումները նորմատիվ բնույթ են կրում ՀՀ-ի համար և պարտադիր են դառնում կատարման համար, ոչ միայն պետական մարմինների, այլև քաղաքացիների եւ տնտեսվարող սուբյեկտների համար։

2. այն դրույթները, որոնք թույլ են տալիս Ռուսաստանի, Ղազախստանի եւ Բելոռուսի գործատուներին, առանց որևէ սահմանափակման աշխատանքի ընդունել ՀՀ քաղաքացիներին և բարենպաստ պայմաններ են ստեղծում Հայաստանից արտագաղթող ընտանիքների համար՝ երեխանների ուսման եւ բժշկական օգնություն ստանալու հարցերում։

Ըստ էության, առաջին կետում նշված դրույթները վերաբերվում են անձամբ Գագիկ Հարությունյանին, որը պետք է գնահատական տա հետևյալ հարցերին․

- համապատասխանում է արդյո՞ք ՀՀ Սահմանադրության 55 հոդվածի 7-րդ կետին ԵՏՄ պայմանագրի 12 հոդվածի 15 կետի դրույթը, որի համաձայն Հայաստանը չի կարող ԵՏՄ-ին վերապահված ոլորտներում կնքել որևէ միջազգային պայմանագիր՝ առանց Պուտինի, Նազարբաևի և Լուկաշենկոյի համաձայնության։ Ավելի կոնկրետ, Գագիկ Հարությունյանը պետք է գնահատական տա հետևյալ հարցին․ Հայաստանի համար ԵՏՄ պայմանագիրը ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ նախագահը ի վիճակի է լինելու լիարժեք կատարել իր սահմանադրական իրավունքը եւ պարտականությունը՝ ներկայացնել Հայաստանը միջազգային հարաբերություններում։

- Գագիկ Հարությունյանը պետք է նաև գնահատական տա այն իրադրությանը, որ ԵՏՄ հանձնաժողովը կարող է ընդունել նորմատիվ որոշումներ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում՝ առանց այդ հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցիչների կարծիքը հաշվի առնելու։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս առաջանում է իրավաստեղծ մարմին, որի որոշումների վրա Հայաստանը ազդեցություն չի կարող ունենալ, սակայն այդ որոշումներին պարտավոր են լինելու ենթարկվել թե՛ պետական մարմինները, թե՛ քաղաքացիները և թե՛ տնտեսվարող սուբյեկտները։

Այլ կերպ ասած, Գագիկ Հարությունյանը կանգնած է փաստի առաջ՝ կամ կպարզվի, որ ՀՀ Սահմանադրական դատարանը խամաճիկ ատյան է, կամ ի ցույց կբերի Սերժ Սարգսյանի եւ ՀՀ կառավարության հիմար լինելը։

Այն դրույթները, որոնք վերաբերվում են ԵՏՄ տարածքում աշխատուժի ազատ տեղաշարժին, Հայաստանի համար հանդիսանում են աշխատանքային արտագաղթի խրախուսում։ Այս հանգամանքը ակնհայտ մարտահրավեր է ստեղծում բոլոր քաղաքական ուժերի համար, քանի որ եթե Հովիկ Աբրահամյանն այս փուլում չի օգտվում իրեն օրենքով վերապահված իրավունքից՝ կասեցնել կամ դադարեցնել Հայաստանի ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, ապա դա համարժեք է հրապարակավ հայտարարության, որ իր կառավարության կողմից մայիս ամսին ներկայացված ծրագիրը դեմագոգիկ փաստաթուղթ է։ Հիշեցնեմ, որ այդ ծրագրի համաձայն․

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես իր գործունեու­թյան գերակայություն, հռչակում է Հայաստանի Հանրապետության քաղաքա­ցուն. նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը: Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերն առավելապես ուղղվե­լու են Հայաստանի Հանրապետության քաղա­քացու` ստեղծագործ աշխատանքով իր հայրենիքում իր ապագան կերտելուն: Հայրենիքը յուրաքանչյուր հայի համար դառնալու է ապահով հանգրվան և սեփական կարողու­թյունների, աշխարհի տարբեր ծագերում կուտակած փորձի ու գիտելիքների առավելագույնս դրսևորման հնարավորության երկիր: Հայաս­տանի Հանրապետությունը յուրա­նքանչյուրի համար պետք է դառնա արժանա­վայել կյանքով ապրելու հնարավորությունների երկիր»:

Հասկանալի է, որ ԵՏՄ-ին միանալու հետևանքով Հայաստանից աշխատուժի արտագաղթը ուժեղանալու է, և դժվար չէ կանխատեսել, որ մոտակա 3 տարում Հայաստանը պարզապես կորցնելու է իր աշխատանքային ռեսուրսները։

Սա մարտահրավեր է նաեւ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի համար, որոնք մի կողմից մատնանշում են, որ աշխատանքային արտագաղթը Հայաստանից այն քաղաքական խնդիրն է, որի պատճառով անհրաժեշտ է երկրում իրականացնել իշխանափոխություն, մյուս կողմից՝ դեմ չեն արտահայտվում Հայաստանից արտագաղթը խրախուսող միջազգային պայմանագրի կնքմանը։ Այսինքն, եթե այնուամենայնիվ այդ պայմանագիրը հասնի ԱԺ վավերացմանը, 131 պատգամավոր կանգնելու են փաստի առաջ, որ կամ պետք է կողմ քվեարկեն Հայաստանից արտագաղթին, կամ պետք է դուրս գան Պուտինի դեմ։

Չանդրադառնալով ԵՏՄ պայմանագրի մյուս կարևոր դրույթներին, որոնք նույնպես բացասական հետևանքներ են պարունակում Հայաստանի համար, միայն այս երկուսը բավարար են, որպեսզի Հայաստանում տապալվի պետական և քաղաքական համակարգը։

Սերժ Սարգսյանի հրաժարականը այն միակ քաղաքական գործողությունն է, որը կարող է բոլորին փրկել համազգային խայտառակությունից, որի հիմքում դրված է շատ պարզ բանաձև․ քանի որ Հայաստանում խորհրդարանական բոլոր ուժերը վախենում են Պուտինից, ապա իրենք պատրաստ են հանրապետության դռները բացել և ժողովրդին դուրս քշել սեփական հայրենիքից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել