Հայացքով ընդգրկի՛ր ողջ մոլորակն ու զգա ` արև ունես.. Այդ արևը միայն քոնն է , քեզնից է, քեզնում... Հայացքով շրջի՛ր քաղաքիդ փողոցներով ու արևը տա՛ր հետդ , նույնիսկ եթե ծակի գրպաններդ ու տաքացնի առանց այն էլ տաք մարմինդ: Այդ արևից երբե՜ք ոչ ո՜ք չի վառվել...
Հայացքով զգա՛, բայց սրտով տե՛ս մյուս արևները` պահված, ստվերոտ, թաքուն ։ Տեղանքում կողմնորոշվի՛ր սրտիդ արևով, իսկ ներսում` հոգուդ գողտրիկ անկյուններում, զգա՛ բյուրեղյա աչքերով ։ Բյուրեղյա աչքերը երբեք չեն ստում :
Բյուրեղյա աչքերով թերթի՛ր մյուսների աչքերն ու գտի՛ր քեզ հարազատ վշտերը, թախիծներն ու սփոփանքները: Գտի՛ր, դի՛ր գրպանդ, վերնագրի՛ր: Եւ մի օր էլ, երբ, ասենք, դատարկես գրպաններդ, մի՛ վախեցիր ցույց տալ վերացած վշտերը, թախիծներն ու սփոփանքները. արևն է դրանք գողացել.. Եւ երբ պարզես դատարկ ձեռքերդ, հիշի՛ր, որ հարուստ ես, հարուստ ավելի, քան այն մարդը, որ թանկարժեք մեքենայով կորավ մյուս հասարակ մեքենաների ժխորում.. Այդ պահին կտեսնես այն ծերուկին, որ փողոցում միշտ նույն ժամին գալիս, նստում, ջազ էր նվագում ։ Նա չի կորչի խուլ ամբոխում, ինչպես այն թանկ, մեծ մեքենան. ինչու՞.

Դու հարուստ ես, հարուստ ավելի, քան նյութական թանկ բաներով ապահովված մեկ ուրիշը... Դու լսեցիր խենթ ամբոխում մի ծերունու շատ արևոտ, ծիածանոտ, հուզող ջազը... Դա քո ներսի արևից էր։ Դու քո ներսում արև ունեիր:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել