Հիսուսը դարձյալ բարձրաձայն աղաղակեց և հոգին ավանդեց։ Եվ ահա տաճարի վարագույրը պատռվեց և վերից վար երկու մասի բաժանվեց, երկիրը շարժվեց, և ժայռերը ճեղքվեցին, գերեզմանները բացվեցին, և բազում սուրբ ննջեցյալներ հարություն առան։ Նրանք գերեզմաններից ելան և Հիսուսի հարությունից հետո մտան Սուրբ քաղաքը, որտեղ շատերին երևացին։
Երբ հարյուրապետը և նրա հետ եղող զինվորները, որոնք պահակություն էին անում, տեսան երկրաշարժը և պատահածները, սաստիկ վախեցան և ասացին.
- Իսկապես որ սա Աստծու Որդին էր։
Այնտեղ կային նաև բազմաթիվ կանայք, որոնք, հեռվում կանգնած, դիտում էին. նրանք Գալիլեայից հետևել էին Հիսուսին՝ նրան ծառայելու համար։ Նրանց մեջ էին Մարիամ Մագդաղենացին, Հակոբի և Հովսեփի մայրը՝ Մարիամը, ինչպես նաև Զեբեդեոսի որդիների մայրը։

Երբ երեկո եղավ, Հովսեփ անունով հարուստ մի մարդ, որ Արիմաթեայից էր, և որ ինքն էլ աշակերտել էր Հիսուսին, գնաց Պիղատոսի մոտ և խնդրեց, որ Հիսուսի մարմինը տրվի իրեն։ Պիղատոսը հրամայեց, որ տան մարմինը։ Հովսեփը, մարմինն առնելով, պատանեց մաքուր կտավով և դրեց նոր բացված ժայռափոր մի գերեզմանի մեջ։ Ապա գերեզմանի մուտքին մի մեծ քար գլորեց որպես կափարիչ և գնաց։ Այնտեղ էին Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը, որոնք նստած էին գերեզմանի դիմաց։
(Մատթեոսի ավետարան 27:50-61)

Երախտապարտ եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ զորացրեց ինձ և արժանի համարեց իրեն սպասավոր կարգելու, ինձ, որ նախապես հայհոյում, հալածում և անարգում էի նրան: Բայց նա ողորմություն ցույց տվեց ինձ, որովհետև այդ բանն անում էի առանց գիտենալու, երբ տակավին չէի հավատացել նրան… Պարզ է մի բան, և դա ամեն մարդ պետք է իմանա, որ Հիսուս Քրիստոսն աշխարհ եկավ՝ փրկելու մեղավորներին, և առաջին մեղավորը ես եմ:
(Պողոս առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին 1:12-15)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել