Հասկանալու համար նախ պետք է վերլուծել, թե ինչի համար է այն ներդրվել, այսինքն ինչն է կարևոր` ձևը թե բովանդակությունը....
Եթե ներդրվել է դպրոցներում երեխաների տրամաբանությունը զարգացնելու համար, ապա իհարկե լավ է, սակայն դրա համար պետք չէր այն, որպես պարտադիր առարկա ներդնել, փոխարենը կարելի էր ցանկացողների համար կազմակերպել անվճար ու խորացված ուսուցում` արհեստավարժ մասնագետների կողմից:
Եթե ներդրվել է, որպեսզի ամբողջ աշխարհին հայտարարենք, որ մենք առաջին երկիրն ենք, որի դպրոցներում շախմատը կամ չգիտես ինչու` ճատրակը, որպես պարտադիր առարկա է դասավանդվում, սակայն իրականում մեր դպրոցներում այդ առարկան դասավանդում են ֆիզկուլտուրայի կամ ռազմագիտության ուսուցիչները` հագեցնելով իրենք ժամաքանակը և հանձնարարված տնային աշխատանքները հիմնականում կատարում են երեխաների ծնողները, իսկ երեխաները հազիվ հասցնում են ձեռք բերել շախմատային տարրական գիտելիքներ, որոնք դեռևս ոչ վաղ անցյալում` առանց այդ առարկայի ներդրման, երեխաները շատ նորմալ ձեռք էին բերում իրենց տանը, ապա իհարկե լավ չէ: Նման դեպքում գոնե անհրաժեշտ է տևական ժամանակով շախմատային ուսուցիչների վերապատրաստել, ովքեր հետագայում այդ առարկայից իրենց կուտակած մանկավարժական գիտելիքներով կդասավանդեն երեխաներին:
Իհարկե տարիները ցույց կտան, թե ճիշտ էր արդյոք շախմատ առարկան դպրոցներում նման ձևաչափով ներդնելը, սակայն չեմ ուզում հավատալ, որ շախմատը դպրոցներում ներդրվել է, որովհետև հայերը սիրում են շախմատ խաղալ և ուժեղ են այդ խաղից, քանի որ եթե այս տրամաբանությամբ շարժվենք, ապա ոչ հեռու ապագայում մեր դպրոցներում, որպես պարտադիր առարկա, լիովին հնարավորություն ունեն ներդրվելու ծանրամարտը և ըմբշամարտը.....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել