Բոլորիս համար էլ հայտնի բան է, որ մայրությունն ու մանկությունը գտնվում է պետության խնամքի ներքո: Աշխարհի բոլոր քաղաքակիրթ երկրներում կան հարյուրավոր սոցիալական առողջապահական ու այլ ծրագրեր, որոնք օժանդակում են կնոջը հղիության ընթացքում ու ապահովում նրա բարեկեցությունն ու սոցիալական պաշտպաբվածությունը ծննդաբերությունից հետո առաջին շրջանում, երբ հասկանալի պատճառներով կինը դեռևս չի կարողանում դուրս գալ աշխատանքի ու կարիք ունի խնամքի ու հոգածության: 
Նման օրենսդրություն ու կարգ գործում է նաև Հայաստանում: Սակայն կառավարությունը որոշել է փոխել գործող կարգը ու նոր օրինագիծ է ներկայացրել, որի ընդունումից ու կիրարկելուց հետո ինչպես ժողովուրդը կասեր "տանը կռիվ կընկնի": Ասեմ թե ինչու: Բանն այն է, որ եթե ներկայումս աշխատող կինը մինչծննդաբերական և հետծննդաբերական շրջանի համար նպաստ ստանում է իր միջին աշխատավարձի 100 տոկոսի չափով, ապա, նոր օրինագծի համաձայն, 2015 թվականից առավելագույնս 80 տոկոսի չափով կստանա: Այս նախագծով առաջարկվում է հղիության և ծննդաբերության նպաստը (մայրության նպաստ) աշխատող կնոջ դեպքում հաշվարկել` ըստ նրա վերջին աշխատավայրում ունեցած աշխատանքային ստաժի: Սահմանվում է նաև նախատեսված 140 օր արձակուրդի համար նպաստի վերին շեմ, ըստ որի 1-ին և 2-րդ երեխաների դեպքում այդ նպաստը չի կարող գերազանցել 2.6 միլիոն դրամը, 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում` 3.6 միլիոն դրամը: 
Այս ամենի մեջ մի դրական փոփոխություն էլ կա. օրինագծի ընդունումից հետո` 2016 թվականից արդեն, մայրության նպաստ կսկսեն ստանալ նաև չաշխատող կանայք` միջին նվազագույն աշխատավարձի չափով` 140 օրվա համար: Նախատեսվում է, որ դա կազմելու է 275 հազար դրամ` առանց հարկերի (միջին նվազագույն աշխատավարձը 2016-ին լինելու է 80 հազար դրամ): 
Հիմա, հասկանալի է, որ կառավարությունը փորձում է զսպել անաշխատունակության ծախսերը, հնարավորինս հավասարակշռել ու դարձնել նպատակային ու այնպես, որ բոլորը օգտվեն պետության ընձեռած հնարավորություններից: Սակայն, երբ հաշվում ենք թվերով, դուրս է գալիս, որ տնտեսվող գումարները այնքան էլ մեծ չեն ու ասենք նպաստի տոկոսային չափի կրժատմանը կարելի էր նաև չգնալ, որպեսզի այն տպավորությունը չստացվի, որ աշխատող կանանցից վերցվեց տրվեց չաշխատող կանանց: Չէ որ կարող ենք հանուն մեր ապագա սերնդի մի փոքր էլ գոտիներս ձգել սոցիալական ծախսերի մասով` հասկանալով, որ առջևում մեր երեխաներն են մեր վաղվա օրը: Միթե մեր պետությունն այնքան աղքատ է, որ նման ծախսերից է տնտեսումների գնում: Ասենք լիովին հնարավոր էր այդ ծախսերը պահել ու տնտեսումներ կատարել վարչական ապարատների հաստիքային կրճատումների հաշվին, կամ եկամուտներն ավելացնել խոշոր հարկատուների հարկային վարչարարության խստացմամբ ու հավելյալ գումարների հաշվին էլ պահելեղածը, մի բան էլ ներառել արդեն չաշխատած կանանց, որ ժողովուրդն էլ ասի ապրես կառավարություն ջան: Թե չէ նման կիսատ պռատ քայլերը հաստատ սպասված դրական արդյունքը կամ չեն ապահովի կամ էլ կապահովեն նույն կիսատ պռատությամբ:
Ի դեպ, երեխաների վրա ֆինանսական ծախսերը պետության համար երկարաժամկետ ֆինանսական ներդրում են, որոնք հետո փոխհատուցվում են, երբ այդ երեխան դառնում է քաղաքացի ու աշխատող ձեռք նպաստում երկրի զարգացմանն ու հզորացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել