1453-ի գարունն էր: Թուրք սուլթան Մեհմեդ 2-րդի 80 հազարանոց բանակը գրեթե երկու ամիս պաշարել էր Կոստանդնուպոլիսը՝ ոչ միայն Բյուզանդիայի, այլև ամբողջ արևելաքրիստոնեական աշխարհի վերջին հենարանը: Քաղաքը պաշտպանում էր մի ոչ մեծաթիվ կայազոր՝ ընդամենը յոթ հազար հույներ, իտալացիներ և հայեր: Բայց նրանք կենաց-մահու կռիվ էին տալիս, դիմադրում բոլոր ուժերով, նույնիսկ այն ժամանակ, երբ մահացու վիրավորվեց պաշտպանության ղեկավարը՝ Ջովանի Ջուստինիանին: Մեկը մյուսի հետևից նրանք հետ էին մղում թուրքերի բոլոր գրոհները և շատ հնարավոր է, որ կպահեին քաղաքը, եթե...
Պատմության մեջ նույնիսկ պատահական զուգադիպությունները հազվադեպ են պատահական թվում: Հունգարացի մի ճարտարագետ՝ Օրբան անունով (հենց այդպես է նաև Հունգարիայի այսօրվա վարչապետի ազգանունը), ով սովորել էր գերմանացի վարպետներից, իսկ հետո ծառայության անցել թուրք սուլթանի արքունիքում, նոր տերերի համար մի հսկայական հրանոթ էր ձուլել: Նա դա արել էր փողով: Մեծ գումարով: Նրա հրանոթի արկերը ճեղքեցին Կոստանդնուպոլսի պաշտպանական պատը, քաղաքի սակավաթիվ պաշտպանները կայսր Կոնստանտինի հետ պայքարեցին մինչև վերջ, և բոլորը զոհվեցին: Թուրք բարբարոսները ներխուժեցին քաղաք՝ սկսվեց կոտորածը: Եվ մարդասպանների ճանապարհը բացեց հունգարացի Օրբանը:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն այս պատմությունը միգուցե չգիտի: Նրա նախասիրությունը ոչ թե պատմությունն է, այլ ֆուտբոլը: Չնայած Հունգարիայի և հարևան երկրների նորօրյա պատմությունը նա կարծես թե բավականին լավ գիտի: Համենայնդեպս այդ պատմությունը վերաշարադրելու իր արտառոց փորձերով նա բազմիցս ցնցել է սերբ, ռումինացի և սլովակ հարևաններին, ինչպես նաև ամբողջ ազատական Եվրոպայի վերնախավին: Ինչ-որ առումով դա ինձ նույնիսկ դուր է գալիս, և չնայած շատերի կարծիքով այդ վարքագծի պատճառը երկու համաշխարհային պատերազմներում Հունգարիայի և նրա դաշնակիցների կրած ջախջախիչ պարտությունների հետևանքով առաջացած որոշակի բարդույթն է, ես այնուամենայնիվ ազգային ինքնության պահպանման համար ազգային հպարտությունն անհրաժեշտ պայման եմ համարում: 
Բայց հպարտության զգացումը (ցանկացած, բայց հատկապես ազգային) նման է մեծահոգությանը, այն չի կարելի շփոթել փառասիրության և հագեցվածության հետ: Ու եթե որևէ երկրի առաջնորդի մտքով հանկարծ անցնում է, որ հանուն ազգային հպարտության բարձրացման կարելի է նահանջել այն սկզբունքներից, որոնց վրա այդ հպարտությունը հենվել է հարյուրամյակներ շարունակ, դա վկայում է հասարակական խոր ճգնաժամի մասին: Եթե կալվինիստական ընտանիքում դաստիարակված քրիստոնեական առաջնորդն ի վիճակի է ֆինանսական ճգնաժամից դուրս գալու ելք գտնել իր երկրի՝ ցայսօր չաղտոտված արժանապատվության վաճառքի հաշվին, ապա դա նրա գործն է:
Մերօրյա Օրբանը և նրա թիմն ազատ արձակեցին վախկոտ մարդասպան թուրքին: Նրանք ևս դա արեցին փողով: Շատ մեծ գումարով: Իսկ մարդասպան թուրքին (կամ ադրբեջանցուն, ինչ տարբերություն) հայրենիքում անմիջապես ազգային հերոս դարձրին: Դե, հասկանալի է, այդ երկրում կա նավթ, իսկ հերոսներ չկան, այդ պատճառով քնած մարդուն սպանողը ևս հարմար է այդ դերին: Եվ հիմա իրավունքի և արդարության, մարդասիրության և սկզբունքների, անկաշառ արդարադատության և համամարդկային արժեքների գերակայության մասին եվրոպական բոլոր ճամարտակությունները իմաստազրկվեցին: 
Մենք ի՞նչ պետք է անենք: Ես մտադիր չեմ նման բաները քննարկել թերթի էջերում: Բայց պակաս կարևոր չէ հասկանալ, թե ինչ դասեր ենք քաղելու կատարվածից: Մի՞թե միայն այն պարզունակ դասը, որ պատիվն ու ազնվությունը միշտ զիջում են շահին ու հետաքրքրություններին: Դա սխալ դաս է, մեզ օտար է, այն հակասում է մեր ազգային ոգուն, և հայերն արդեն երկու հազար տարի է՝ չեն կարողանում այն սերտել: Եվ պետք էլ չէ: 
Միայն կուշտ լինելով՝ հասարակությունն ինքնին չի երջանկանում. ազգային պատվից ու արժանապատվությունից բարձր ոչինչ չկա. եթե ինչ-որ երկրների առաջնորդներ կարող են իրենց թույլ տալ առուծախ անել նման արժեքներով՝ հանուն վայրկենական ու նույնիսկ ցնորական շահերի, ապա մեզ ոչ մի դեպքում չի կարելի նման բան անել: Մեզ չի կարելի թեկուզ մեկ քայլ նահանջել Ղարաբաղի հարցում, մեզ չի կարելի նահանջել ազգային ոտնահարված իրավունքները վերականգնելու ձգտումից: Ես ամենևին էլ անիրագործելի նպատակներ իրականացնելու կոչ չեմ անում, ուզում եմ պարզապես հիշեցնել, որ անիրագործելի նպատակներ չեն լինում, լինում է միայն անվստահություն՝ սեփական ուժերի հանդեպ: Բոլոր նպատակները, որոնք ունի մեր ժողովուրդը, իրագործելի են, պարզապես պետք է հավատալ դրանց ու այդ նպատակների ապագա իրագործումը չբարդացնել քաղաքական բարեհոգությամբ և վտանգավոր փաստաթղթերի տակ դրած անզգույշ ստորագրություններով: 


Հ. Գ. Իսկ այն առաջին Օրբանին թուրքերը սպանեցին Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո: Տարեգիրներն ասում են, որ նրա հսկայական հրանոթի ուժն ընդամենը բավականացրեց դատապարտված քաղաքի վրա արված մի քանի ճակատագրական կրակոցներին: Հետո այն ճաք տվեց: Դե, թուրքերն էլ նրան պատժեցին: Բացառված չէ՝ կացնով: Բայց հետաքրքիր է, իսկ ի՞նչ եղավ այն փողը, որ ստացել էր Օրբանը:

Վահան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՀՅԴ բյուրոյի անդամ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել