1925թ. հրատարակվեց Վիրջինիա Վուլֆի <<Միսիս Դելոեյ>> վեպը: Մեկ օր Լոնդոնում:Բայց այնուամենայնիվ Վիրջինիային հաջողնում է ցույց տալ, որ իրականում օրը գոյություն չունի: Անցյալն այնքան է ներխուժել ներկայի մեջ, որ առանձին օրն ապրելը դառնում է անհանր: Վեպում ժամանակը այնպիսին, ինչպսիսն սովոր ենք ընկալել, գոյություն չունի:

 Վեպը առ այսօր պահպանել է իր էքսպերիմենտալ շունչը: Ինչպես ինքը՝ Վիրջինիան է խոստովանում իր օրագրի գրառումներում՝ ցանկացել է մինիմումի հասցնել սյուժետային գիծը վեպում: Եվ իրոք, եթե չհաշվենք մի քանի կարևոր իրադարձություն, օրինակ՝ Սեպտիմուս Սմիթի ինքնասպանությունը կամ սպասվելիք խնջույքը Դելոեյների տանը, կարելի է ասել վեպում առհասարակ ոչինչ չի կատարվում սյուժեի տեսանկյունից: Սա գիտակցելուց հետո հաճախ է դեմքիդ խփում պատերազմին մասնակցելու հետևանքով հոգեկան խանգարում ստացած Սեպտիմուսի առաջին հայացքից անիմաստ, բայց, ըստ իս, վեպի ամբողջ գաղափարախոսությունը արտահայտող զառանցանքը. <<Սեր, ծառեր, չկա հանցագործություն, չկա մահ>>: Իրոք, եթե չկա հանցագործություն (որևէ իրադարձություն), ոչինչ չի կատարվում, ուրեմն չի կարող գոյություն ունենալ նաև այդ ամենի ավատրը, մահը:
Վեպը գրեթե ամբողջովին գիտակցություն հոսք է: Չեմ խոստանում, որ վեպը ընթերցելուց ձեզ կհմայի այդ թվականներին բնորոշ Լոնդոնի արիստոկրատ խավի շունչ (ինչ-որ առումներով այն իհարկե կա), բայց խոստանում եմ, որ դուք կհայտնվեք ամեն մի հերոսի գլխում, մտքերի մեջ: Մի յուրօրինակ ճամապարհորդություն դեպի ներս: Վիրջինիան ակնհայտորեն ավելի կարևորում է գործողության պատճառները, այլ ոչ թե հենց բուն գործողությունը: Գիտակցության հոսքի վերաբերյալ Վիրջինիան իր օրագրում գրում է, որ նպատակ է դրել մտքերը շարադել այնպես ինչպես նրաք այցելում են կամ կայցելեին իր գլխի մեջ, նույն քաոսային հերթականությամբ: Արդյունքում վեպը ընթերցելիս ուղղակի ստիպված ես քեզ պարտադրել ստեղծագործելու ջանքը, ստիպված ես վեպը կառուցել ինքդ այն ամենապարտադիր դետալներով, որը Վիրջինիան կտա քեզ՝ նվազագույնի հասցված անժամանակ սյուժե, առանց որի, ըստ երևույթին,  վեպը փուլ կգար:

Ու իհարկե, ինձ համար վեպը կատարելության հասավ, երբ Միսիս Դելոեյի ու Սեպտիմուս Սմիթի մեջ տեսա Վիրջինիայի անձի երկատվածությունը: Դա նկատելն իրականում մեծ ջանք չի պահանջում: Ամբողջ վեպի ընթացքում իրենց գործողություններով Միսիս Դելոեյն ու Սեպտիմուսը որևէ կապ չունեն իրար հետ, կարծես երկու առանձին վեպերի հերոսներ լինեն, բացառությամբ երկու պահի, որոնք բանալիներն են: Առաջին անգամ Միսիս Դելոեյը տեսնում է Սեպտիմուսին (նրանք անծանոթներ են, ինչը պակաս կարևոր չէ), երբ ծաղկավաճառի խանությում ավտովթարի ձայնի պատճառով նայում է պատուհանից դուրս, նկատում է հոգեկան խանգարում ստացած այդ երիտասարդ տղային (հայելու մեջ՝ ինքն իրեն): Երկրորդ անգամ վեպի ավարտին, երբ խնջույքի ժամանակ նրան պատմում են Սեպտիմուսի ինքնասպնության մասին: Չափազանց զգայուն Միսիս Դելոեյը հեռանում է հյուրերից, մարդկանցից, մոտենում է պատուհանագոգին՝ խորազուզված մահվան մասին մտքերի մեջ, միայն մի տարբերությամբ, եթե Սեպտիմուսը որոշում է ցած նետվել ներքևում գտնվող ցանկապատի սուր ելունների վրա, ապա Միսիս Դելոեյը վեջին պահին փոշմանում է, վերադառնում է հետ, որտեղ ընթանում է իր խնջույքը՝ իր կյանքը:
Վեպի շատ տարբեր կողմերի չեմ անրադառնում, ինչպես օրնակ՝ Միսիս Դելոեյի սիրային պատմությայնը Պիտեր Ուոլշի հետ, որտեղ այնքան հրաշալիորեն ընդգծվում է ծերության գաղափարը կամ սիրո պատմությանը երկու կնոջ միջև (Միսիս Դելոեյ և Սալի Սեթըն) : Դեռ նկատելու շատ բան կա վեպում, սա էլ թողնում եմ հաջորդ վերընթերցումներին:
Վերջում նորից ցավով պետք է ասեմ, որ այս հրաշալի վեպի հայերեն թարգմանությունը չկա, ինչը ամոթալի է, տխրացնող է, բայց չկորցնենք մի օր վեպը մեր մայրենիով կարդալու հույսը:
Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել