57 տարի առաջ այս օրը Ստամբուլում սկսվեց կատաղած թուրք ամբոխի հարձակումները հույների և հայերի վրա: Սպանություններն ուղեկցվում էին թալանով, ավերածություններով:

«Ստամբուլյան պոգրոմ» անունը կրող հրեշավոր դեպքերը տևեցին 2 օր`1955 թվականի սեպտեմբերի 6-ից 7-ը: Ըստ որոշ տվյալների` ստամբուլյան ջարդերի ժամանակ սպանվեցին 13-17 քաղաքացիներ, որոնցից առնվազն մեկը ազգությամբ հայ էր:
Թուրք մոլեռանդ խուժանին այս ամենը սկսելու համար հիմք ծառայեց Սալոնիկում գտնվող Աթաթուրքի հայրական տանը տեղի ունեցած պայթյունը:

Վարկած կա, որ պայթյունը կազմակերպել էին հենց թուրքական հատուկ ծառայությունները, որոնք այդ կերպ փորձում էին հրահրել Ստամբուլի քրիստոնյա բնակչության կոտորածներն ու նրանց արտագաղթը:
Սեպտեմբերի 6-ից սկսած գազազած թուրքերի ամբոխն իսկական վայրագությունների և ավերածությունների թատերաբեմի վերածեց Ստամբուլը: Այս ամենը տեղի էր ունենում թուրքական իշխանությունների կասկածելի թողտվության պայմաններում: Սպանությունների և կողոպուտի միայն երկրորդ օրը թուրքական բանակն ու ոստիկանությունը փորձեց վերահսկողության տակ վերցնել ստեղծված իրավիճակը, սակայն արդեն ուշ էր, և գործն արված էր: Կային մեծ թվով սպանվածներ, իսկ պատճառված վնասը հասնում էր մի քանի տասնյակ միլիոն դոլարի: Ավերվել էին հայերի և հույների խանութները, սեփականությունը, տները: Որոշ դեպքերում բռնությունների ենթարկվեց նաև հրեական համայնքի ներկայացուցիչները, սակայն գլխավոր թիրախում էին հույներն էին, ապա հայերը:

Բացի Ստամբուլից, քրիստոնյաների դեմ ուղղված գործողություններ տեղի ունեցան նաև Թուրքիայի մեկ այլ քաղաքում` Իզմիրում (Զմյուռնիայում): Այստեղ տեղակայված ՆԱՏՕ-ի զորամիավորումները չեզոք դիրք զբաղեցրին և չփորձեցին կանխել հրոսակների գործողությունները:

Ստամբուլյան դեպքերի հետևանքով սկսվեց նոսրանալ երբեմնի Կոստանդնուպոլսի հույն բնակչության թիվը: Եթե մինչ այդ Ստամբուլում ապրում էր 100 հազար հույն, ապա մեր օրերում այդ թիվը նվազել է` հասնելով ընդամենը 2500-ի:
Այս քայլը հերթական անգամ ապացուցեց, թե ինչ է սպասվում Օսմանյան կայսրության ժառանգորդ Թուրքիայում ազգային փոքրամասնություններին, մանավանդ երբ նրանք ոչ մուսուլմաններ են: 

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել