Հայրենի իշխանությունների վարած քաղաքականության շնորհիվ մեր հայրենակիցներից շատերը նորից բռնել են արտագաղթի ճանապարհը: 
Այն, որ մեր հայրենակիցներից շատերը հանապազօրյա հաց վաստակելու համար գնացել են «խոպան» նույնիսկ խորհրդային տարիներին դա անվիճելի փաստ է, սակայն հիմա խնդիրը այլ է` եթե խորհրդային տարիներին և վերջին երկու տասնամյակների ընթացքում մեր հայրենակիցները գնում էին փող վաստակում հետո վերադառնում Հայրենի տուն, ապա հիմա նրանք գնում են ընտանիքների հետ միասին` անվերադարձ: Այսինքն մենք կորցնում ենք մեր հայրենակիցներին, Հայաստանը, «թշնամու սրտով», հայաթափվում է:
Իհարկե սոցիալական իրավիճակը ևս ստիպում է մարդկանց բնակության վայր փոխել, հայրենիքից ստիպված զրկվել, արտագաղթել, բայց էստեղ պետք է նկատել, որ հեռացողների մի մասը ամենևին էլ հացի խնդիր լուծելու համար չէ, որ հեռանում է Հայաստանից: 
Պետք է նշել, որ Հայաստանում սոցիալական ծանր վիճակին զուգահեռ գրեթե բացակայում է հավատը վաղվա օրվա նկատմամբ:
Հայ ժողովուրդը, և հատկապես Հայաստանի հայերը շատ դժվարություններ են տեսել վերջին 25 տարիների ընթացքում` 1988թ., պատերազմ, երկրաշարժ, մութ ու ցուրտ տարիներ, սոցիալական ծանր վիճակ, սակայն ոչինչ չի ստիպել նրանց հեռանալ Հայրենիքից, բռնել գաղթականի ճանապարհը, որովհետև նրանք հավատացել են վաղվա օրվան, նրանք հավատացել են վաղվա Հայաստանին:
Այսօր Հայաստանը լքում են թե հարուստ, թե չքավոր հենց այդ վաղվա օրվա հավատի բացակայության համար: Պաշտոնական տվյալներով տարեկան տասնյակ հազարավոր մարդիկ անվերադարձ լքում են իրենց Հայրենի օջախները և բնակություն հաստատում աշխարհի տարբեր ծայրերում։
Հ.Գ. Հայասատանը ուժեղ է և կարող է ուժեղանալ միայն ուժեղ և հավատքով լեցուն հայերի շնորհիվ, այլապես մենք կկորցնենք մեր Հայրենիքը: Սա պետք է հասկանա ցանկացած պաշտոնյա և ջանք ու եռանդ չխնայի, որ մեր հայրենակիցները իրենց ու իրենց երեխաների ապագան այլ երկրներում չփնտրեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել