Քաղբանտարկյալների դատերին շատ եմ գնացել, բայց միշտ դրսում էի մնացել։ Երկու օր առաջ թևակոխեցի դատարանի շեմը և հայտնվեցի նիստի դահլիճում։ Էլի լավ է, որ հայցվորի կարգավիճակով և ոչ թե պատասխանողի։) Շատ դատերի եմ հետևում,գիտեմ, որ դատարանը աբսուրդի օրրան է, բայց միևնույնն է՝ անձամբ դատական պրոցեսի մեջ մտնելը բոլորովին այլ բան է։ Ուրեմն՝ հիմնական տպավորությունս անլրջության տպավորությունն էր։ Նախ՝ էդ թատերականացված մթնոլորտը, դատավորի երկար փարաջան, իբր՝ գործ ունես վերին, ոչ մարդկային մի ատյանի հետ, որը հայտնի է ավելի ատ իր կայացրած անմարդկային վճիռներով։ Երկրորդը՝ իրավաբանական լեզուն, որ ինձ թվում է՝ միայն գրավոր կարող է լինել, ինչպես գրաբարը, բայց երբ տեսնում ես այդ լեզվով վարժ խոսող մարդկանց՝ կենդանի լեզվակրներին, դա իսկական մշակութային շոկ է։ Բայց ամենավառ տպավորությունս ստացա էն հանգամանքից, որ դատարանի հարցերին պիտի պատասխանեմ ոտքի կանգնած։ Կներեք՝ սա ո՞ր դարն է։ Աշակե՞րտ եմ, ի՞նչ եմ։ (Դպրոցում էլ էր ի դեպ էդ ավանդույթը ինձ անհասկանալի։) Հարգանքի ուրիշ արտահայտդամիջոց չկա՞։ Կամ արդեն իսկ հանգամանքը, որ դիմել եմ դատարան, չի նշանակո՞ւմ, որ գոնե առայժմ վերաբերմունքս կանխակալ անհարգալից չի։ Կամ եթե պիտի կանգնենք, էլ ինչո՞ւ են սեղան-աթոռ դնում, թող ամբիոն լինի, ամերիկյան ֆիլմերում կարծեմ այդպես է։ Բայց ոչ, աթոռի իմաստն այն է, որ նստես-վեր կենաս-նստես-վեր կենաս, մեկումեջ էլ մոռանաս-նկատողություն ստանաս, մտքերդ շեղվեն։ 
Լուրջ, ինձ թվում է՝ եթե էդ թատերականացված, ծիսական մթնոլորտը վերանա, մարդիկ ավել լուրջ կվերաբերվեն դատարանին։ Դատավորն էլ ավել պատասխանատու կլինի որոշումներ կայացնելիս։ Թե չէ անլուրջ է՝ խոսքի մեջ, ձեռի հետ ինչ-որ որոշումներ կայացնել ու ինքդ քո մասին երրորդ դեմքով ասել՝ դատարանը որոշեց սենց բան։ Նման կերպ դատարանը կարա ինչ ասես որոշի ու որոշում էլ է։ Ու եթե գործ ունենք ոչ թե մարդու, այլ աբստրակցիայի հետ՝ դատարանի, ավելի ճիշտ չի լինի՞, որ այդտեղ մարդ չնստի, այլ ռոբոտ, ավտոմատացվածմեքենա, մարդկային դեմք չունեցող համակարգիչ. հայցերը ու պատասխանները ներբեռնենք մեջը, ինքը վճիռը պրինտ անի համաձայն իր ծրագրում եղած օրենքների։ Ինչքան քաշքշուկից կպրծնենք և ինչքա՜ն փող կտնտեսի պետությունը, որ ծախսում է դատավորների վրա։ Ինչքան գիտեմ՝ Հայաստանում ամենաբարձր աշխատավարձն իրենցն է։
Մի խոսքով, Ֆրանց Կաֆկան անմահ է։)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել