Հարգելի ընկերներ և գործընկերներ,

Վերջին օրերին շատ ակտիվ են համացանցային քննարկումները կապված Ռ.Սաֆարովին Ադրբեջանի կողմից ներում շնորհելու իրավական գնահատականների հետ։ Եվ քանի որ կարծիքները բազմաթիվ են և գալիս են գերազանցապես միջազգային իրավունքի կամ միջազգային հարաբերությունների հետ կապ չունեցող անձանցից, ես որոշեցի հետ չընկնել և նույնպես կարծիք հայտնել այս կապակցությամբ :)

Դժվար չէր նկատել, որ քննարկումների մեծ մասը կենտրոնացված է Ադրբեջանի և Հունգարիայի ներպետական օրենսդրության, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի 1983թ. Դատապարտված անձանց հանձնման վերաբերյալ կոնվենցիայի վրա։ Եվ թեև դրանք ունեն որոշակի վերաբերելիություն, կարծում եմ, որ քննարկումները գնացել են սխալ ուղղությամբ՝ բաց թողնելով հիմնականը՝ պետությունների պատասխանատվությունը մարդու իրավունքների ոտնահարման համար, ինչպես նաև միջազգային իրավունքի վերագրելիության խնդիրները։ Հենց այդ խնդիրներին կանդրադառնամ ստորև։

(նշեմ, որ վերլուծությունը գրված է ազատ ոճով, մանրամասն խմբագրված չէ, իսկ հղումները հարմարավետության համար արված են պարզապես կայքերի «լինքերի» միջոցով և չեն հարում հղումների դասական կանոններից և ոչ մեկին)

Ընդհանուր միջազգային իրավունք

Միջազգային իրավունքի հանձնաժողովի կողմից կոդիֆիկացված «Միջազգային հակաիրավական արարքների համար պետությունների պատասխանատվության հոդվածները» (այսուհետ՝ Պետությունների պատասխանատվության հոդվածներ կամ ՊՊՀ) սահմանում են վերագրելիության կանոնները (կանոններ, որոնց հիման վրա այս կամ այն գործողությունը համարվում է պետության կողմից կատարված գործողություն և որի հակաիրավական լինելու դեպքում պետությունը կարող է պատասխանատվություն կրել) (http://untreaty.un.org/ilc/texts/instruments/english/draft%20articles/9_6_2001.pdf)։

ՊՊՀ 11-րդ հոդվածի համաձայն «[գ]ործողությունը ... կհամարվի պետության արարք, եթե և այնքանով, որքանով այդ պետությունը ճանաչում և ընդունում է խնդրո առարկա գործողությունը որպես սեփական»։

«Ճանաչում» և «ընդունում» եզրույթները չեն ենթադրում պարզապես պետության կողմից արվող հայտարարություն առ այն, որ այս կամ այն գործողությունն իր արարքն է. նման «ճանաչումը» և «ընդունումը» կարող է տեղի ունենալ նաև այլ, ոչ բացահայտ գործողությունների միջոցով։ Օրինակ, պետությունն իր պաշտոնյաների միջոցով կարող է հրահրել ֆիզիկական մասնավոր անձանց դիմելու որոշակի գործողության (տե՛ս օրինակ The United States Diplomatic and Consular Staff in Tehran (United States v. Iran), International Court of Justice (1980), para. 74, http://www.icj-cij.org/docket/files/64/6291.pdf) կամ կարող է «ճանաչել» և «ընդունել» որոշակի ֆիզիկական անձանց գործողությունները պասիվությամբ՝ չպատժելով հանցագործներին և դիտավորյալ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ (Velasquez Rodriguez, Inter-American Court of Human Rights (1988), paras. 174-176, http://www1.umn.edu/humanrts/iachr/b_11_12d.htm)։    

Ադրբեջանի գործողություններում ըստ էության առկա են «ընդունման» թե՛ ակտիվ (մշտական հակահայկական քարոզչությունը), թե՛ պասիվ (խաղաղ պայմաններում հայ զինվոր սպանած անձին ներում շնորհելը) տարրերը և ՊՊՀ 11-րդ հոդվածի կիրառելիությունն անհերքելի է։ Ուստի կյանքի իրավունքի ոտնահարման փաստը վերագրելի է Ադրբեջանի Հանրապետությանը։

Մարդու իրավունքների միջազգային իրավունք

Մարդու իրավունքների տարբեր կոնվենցիաների իմպլեմենտացման համար պատասխանատու մարմինների (Մարդու իրավունքների կոմիտե, Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Մարդու իրավունքների միջամերիկյան դատարան և այլն) մեկնաբանությունների համաձայն կյանքի իրավունքը, ինչպես նաև խոշտանգումների արգելքը յուրահատուկ համալիր պարտականություններ են ստեղծում պետությունների համար։ Դրանք մի կողմից ամրագրում են պետության նեգատիվ պարտավորությունը չխոշտանգելու և կողմնապահորեն (“arbitrary”) չզրկելու անձանց կյանքից, իսկ մյուս կողմից ամրագրում են նաև պետությունների պոզիտիվ պարտականությունը հետաքննելու նման խախտումները և պատժելու այդ խախտումները իրականացրած անձանց՝ լինեն դրանք պետության ագենտներ, թե մասնավոր անհատներ։

Պետությունը չի կատարում իր այս պոզիտիվ պարտականությունը նաև այն դեպքերում, երբ ներում է շնորհում նման իրավախախտումներ իրականացրած անձանց։ Դատական պրակտիկան այս հարցի շուրջ հատկապես լավ կայացած է խոշտանգման արգելքի համատեքստում (տես Kepa Urra Guridi v. Spain, Human Rights Committee (2005), para. 6.6,  http://www1.umn.edu/humanrts/cat/decisions/212-2002.html; General Comment no. 20, Human Rights Committe (1992), para. 15, http://www.unhchr.ch/tbs/doc.nsf/0/6924291970754969c12563ed004c8ae5)։

Այս հանգամանքը պայմանավորված է նախ և առաջ խոշտանգման արգելքի իմպերատիվ (jus cogens) բնույթով։ Որոշակի վարքագծի արգելքի իմպերատիվ բնույթը նշանակում է, որ վերջինիցս բացառություններն անթույլատրելի են, իսկ ներում շնորհելը դիտարկվում է հենց նման մի բացառություն իրականացնելու փորձ (տես Prosecutor v. Anto Furundzija, International Criminal Tribunal for former Yugoslavia, Trial Chamber Judgment (1998), para. 155, http://www.icty.org/x/cases/furundzija/tjug/en/fur-tj981210e.pdf; տես նաև Prosecutor v. Morris Kallon and Bazzy Kamara, Special Court for Sierra Leone, Decision on Challenge to Jurisdiction (2004) para. 71, http://www.sc-sl.org/LinkClick.aspx?fileticket=%2FpbetMq1CXU%3D&tabid=195), ինչը և հակասում է ոչ միայն մարդու իրավունքների միջազգային իրավունքին, այլ ընդհանրպես ընդհանուր միջազգային իրավունքին՝ անկախ պետությունների կոնվենցիոն պարտավորություններից:

Այս նույն տրամաբանությունը կիրառվել է նաև կյանքի իրավունքի համատեքստում (թեև դատական պրակտիկան այդքան հարուստ չէ)։ Մասնավորապես Մարդու իրավունքների միջամերիկյան դատարանը «Բարրիոս Ալթոս» գործով գտել է, որ համաներումը, որի հետևանքով տասնյակ անձանց կյանքի իրավունքը խախտած Պերուի պետական պաշտոնյաները չպետք է ենթարկվեին պատասխանատվության, հակասում է Միջամերիկյան կոնվենցիայի 1-ին (կոնվենցիոն իրավունքների իմպլեմենտացիա) և 4-րդ (կյանքի իրավունք) հոդվածների տրամաբանությանը (Barrios Altos v. Peru, Inter-American Court of Human Rights (2001), 41-44, 51(2)(a), http://www.corteidh.or.cr/docs/casos/articulos/seriec_75_ing.pdf):      

Համանման մոտեցում արձանագրվել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկայում, մասնավորապես՝ Էնուկիձեն ընդդեմ Վրաստանի գործով (գործին ծանոթացնելու համար շնորհակալություն փաստաբան Վահե Գրիգորյանին) (Enukidze and Girgvliani v. Georgia,European Court of Human Rights (2011), para. 274 http://hudoc.echr.coe.int/sites/eng/Pages/search.aspx#{"fulltext":["enukidze"],"documentcollectionid":["COMMITTEE","DECISIONS","COMMUNICATEDCASES","CLIN","ADVISORYOPINIONS","REPORTS","RESOLUTIONS"],"itemid": ["001-104636"]})։

Միակ խնդրահարույց կողմը կապված Եվրոպական դատարանի մոտեցման հետ այն է, որ Եվրոպական դատարանն անդրադառնում է հանցագործության և մինչև ներումը հանցագործի կողմից արդեն կրած պատժի միջև համաչափությանը՝ պահանջելով պետություններից «ադեկված պատիժ» (ibid.)։ Եվ թեև Ռամիլ Սաֆարովի կրած մի քանի տարվա ազատազրկումը դժվար է որակել որպես «ադեկված պատիժ», այստեղ դիրքերն ունեն փոքր ինչ ամրապնդման անհրաժեշտություն։

 Այս նպատակով դիտարկենք մեկ այլ միջազգային պայմանագիր՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ 1965թ. կոնվենցիան (http://www2.ohchr.org/english/law/cerd.htm) (վերջինս տարածվում է նաև էթնիկ և ազգային հիմք ունեցող խտրականության վրա)։ Վերջինս ամրագրում է պետությունների պարտականությունը չհովանավորել խտրականությունը, ձեռնարկել անհրաժեշտ վարչական միջոցներ խտրական ակտերի վերացման ուղղությամբ, արգելել և պատժել խտրականության դրսևորումները (2-րդ հոդված), ինչպես նաև ապահովել արդյունավետ պաշտպանություն խտրականության դեմ (6-րդ հոդված)։ Այն որ տվյալ պարագայում Ադրբեջանը խախտել է սույն կոնվենցիայով սահմանված պարտականություններն ակնհայտ է։ Ավելի կարևոր է սակայն այն հանգամանքը, որ խտրականության արգելքը համընդհանուր ճանաչում է ստացել որպես իմպերատիվ (jus cogens) նորմ (Commentaries to Articles on State Responsibility, International Law Commission, Commentary to article 26, para. 5, http://untreaty.un.org/ilc/texts/instruments/english/commentaries/9_6_2001.pdf), որն առաջացնում է պարտավորություններ ուղղված ողջ միջազգային հանրությանը (Barcelona Traction Light & Power Co. (Belgium v. Spain), International Court of Justice (1970), paras. 33-34, http://www.icj-cij.org/docket/files/50/5387.pdf)։ Իսկ նման պարտավորություններից, ինչպես արդեն նշվեց բացառություններն անթույլատրելի են, իսկ ներման ինստիտուտը կիրառման ոչ ենթակա։  

Ուստի վերոգրյալի համատեքստում ակնհայտ է դառնում, որ Ռամիլ Սաֆարովի նկատմամբ ներման կիրառումը հակասում է Ադրբեջանի միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ կյանքի իրավունքին և վերջինիցս ծագող պետության պոզիտիվ պարտականություններին, ինչպես նաև խտրականության միջազգային-իրավական արգելքին։

Այս օրերին հեռուստացույցով հնչեցին նաև փորձեր որակել Ռ.Սաֆարովի գործողությունները որպես ցեղասպանություն։ Այս մոտեցման հետ չեմ կարող համաձայվել։ Թեև ցեղասպանության հանցակազմի առկայության համար բավարար է անգամ մեկ տուժողի առկայությունը, սակայն այստեղ կենտրոնական դեր է խաղում սուբյեկտիվ կողմը (mens rea, dolus specialis): Հանցագործը պետք է ունենա դիտավորություն ամբողջությամբ կամ մասամբ բնաջնջել որոշակի էթնիկ (կամ որևէ այլ) խումբ (տես օրինակ Prosecutor v. Jelisic, International Criminal Tribunal for former Yugoslavia, Appeals Chamber Judgment (2001), para. 46, http://www.icty.org/x/cases/jelisic/acjug/en/jel-aj010705.pdf)։ Եվ թեև Սաֆարովի գործողություններում ակնհայտ է էթնիկ ատելությունը, ասել, թե մեկ անձի սպանությամբ նա փորձ է ունեցել բնաջնջելու հայ ժողովուրդը, կամ թեկուզ Հունգարիայում բնակվող հայերին, անհնար է։ Ուստի կարծում եմ գործողությունների նման որակման փորձն անհեռանկարային է։ 

Հավանական ատյաններ    

Այն որ Սաֆարովին Ադրբեջանի կողմից ազատ արձակելը կարող է ՄԻԵԿ-ի շրջանակներում հիմք դառնալ Եվրոպական դատարան միջպետական հայց (Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի կամ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի) ներկայացնելու համար, արդեն ասվել է բազմաթիվ անգամ։

Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ այն միակ հասանելի ատյանը չէ տվյալ հարցում։ Վերևում արդեն քննարկեցինք Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման վերաբերյալ 1965թ. կոնվենցիան։ Տվյալ կոնվենցիան նախատեսում է միջպետական վեճերը Միջազգային դատարան բերելու հնարավորություն (22-րդ հոդված, որից ոչ Արդբեջանը, ոչ էլ Հայաստանը վերապահում չեն արել)։ Իհարկե Կոնվենցիան նախ պարտադրում է անդամ պետություններին դիմել Կոնվենցիայի հիման վրա ստեղծված Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտե՝ միջնորդության համար (այս նախապայմանն ի կատար չածելը դարձավ Վրաստանի՝ Ռուսաստանի դեմ Միջազգային դատարան ներկայացրած հայցի պարտության պատճառ,Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Georgia v. Russia), International Court of Justcie (2011), paras. 167-184, http://www.icj-cij.org/docket/files/140/16398.pdf), և այս հանգամանքը դատարան գալու ճանապարհը դարձնում է ավելի երկար, սակայն Միջազգային դատարանը շատ ավելի ճկուն է իրավախախտմանը վերջ դնելու համար պետություններին պահանջներ ներկայացնելու տեսանկյունից, քանց Եվրոպական դատարանը։ Ուստի այս տարբերակը չի կարելի արհամարհել։  Անհրաժեշտ է նաև նշել, որ Ադրբեջանը ճանաչել է նաև Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոմիտեի իրավասությունը անհատական դիմումներով (http://treaties.un.org/Pages/ViewDetails.aspx?src=TREATY&mtdsg_no=IV-2&chapter=4&lang=en), ուստի կա նաև Գուրգեն Մարգարյանի հարազատների կողմից Կոմիտե հայց ներկայացնելու տարբերակ։

Հ.Գ. Շնորհակալություն ընթերցելու համար, ցանկացած մասնագիտական քննադատություն ավելի քան ողջունելի է։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել