84 տարի առաջ այս օրը ծնվեց աշխարհահռչակ տաղանդավոր երաժիշտ Ռեյ Չարլզը,  ով հեղափոխեց երաժշտական աշխարհը իր ուրույն ոճով ու անկրկնելի կատարումներով։ Սոուլի հայրը համարվող, յոթ տարեկանում կուրացած երաժիշտը շուրջ 70 ստուդիական ալբոմների հեղինակ է, ով  ստեղծագործում էր սոուլ, ջազ, ռիթմ և բլյուզ ոճերում։
Չնայած Ռեյն այսօր մեզ հետ չէ, սակայն նա շարունակում է ապրել իր երաժշտությամբ, որը կարելի է հիրավի համաշխարհային ժառանգություն համարել։

Ռեյ Չարլզի մտքերից՝

 Ես երբեք չեմ ցանկացել հայտնի լինել, ես պարզապես ցանկանում էի անկրկնելի լինել:

Կյանքի ամեն օրը պետք է ապրել այնպես, ասես դա վերջին օրն է. կգա մի օր և դուք չեք սխալվի։

Տեսողությունը գիտակցության մեջ է։

Երազանքները, եթե դրանք լավն են, միշտ փոքր ինչ խենթ են։

Սերը հատուկ բառ է։ Ես այն օգտագործում եմ միայն երբ իրոք դա նկատի ունեմ։ Դուք չափից շատ եք այն արտասանում, ու այն կորցնում է իր արժեքը։

Գիտեմ, որ տղամարդը պետք է լաց չլինի, սակայն կարծում եմ դա սխալ է։ Արտասվելն ինձ համար ներսում խորը թաղված բաներից ազատվելու միջոց է։ Երբ երգում եմ, հաճախ լաց եմ լինում։ Լաց լինել, նշանակում է զգալ, իսկ զգալ նշանակում է մարդ լինել։

Արա դա ճիշտ ձևով, կամ ընդհանրապես մի արա։

Եթե կարողանայի`
Կպաշտպանեի քեզ աչքերիդ տխրությունից,
Փոխզիջման այս աշխարհում քաջություն կտայի,
Այո՛, ես դա կանեի:

Եթե կարողանայի`
Կսովորեցնեյի բոլոր այն բաները, որ երբեք չեմ սովորել,
Կօգնեի անցնել այն կամուրջները, որ այրել էի,
Այո՛, ես դա կանեի:

Եթե կարողանայի` կպաշտպանեի անմեղությունդ ժամանակից,
Բայց իմը չէ կյանքի այն մասը, որ տվել եմ քեզ:
Ես հետևել եմ` ինչպես ես մեծանում,
Եվ հիմա կարող եմ թողնել, որ գնաս...

Եթե կարողանայի`
Կօգնեի քեզ հաղթահարել այն դաժան տարիները,
Բայց գիտեմ, երբեք չեմ կարողանա արտասվել քո փոխարեն,
Բայց կանեի, եթե կարողանայի:

Այո՛, եթե ես ապրեմ մի ժամանակ, մի տեղ, որտեղ դու չես ցանկանա լինել,
Դու պարտավոր չես այդ ճանապարհն ինձ հետ քայլել,
Իմ երեկը պարտադիր չէ քո ճանապարհը լինի:

Եթե իմանայի,
Կփորձեի փոխել այն աշխարհը, ուր բերել եմ քեզ,
Եվ շատ բան չէ, որ կարող էի անել,
Բայց կանեի, եթե կարողանայի:

Օ՜հ, փոքրիկս, 
Հայրիկն ուզում է պաշտպանել քեզ,
Պաշտպանել իմ փոքրիկին դաժան տարիներին,
Որովհետև դու իմ մասնիկն ես,

Ու եթե դու երբևէ կարիք ունենաս
Ինչ-որ մեկի ուսին արտասվելու
Ես այստեղ եմ, ես այստեղ եմ…

Ես չեմ փոխել քո աշխարհը, բայց կանեի, եթե կարողանայի
Օ՜հ թանկագինս, սիրում եմ քեզ փոքրիկս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել