Սեպտեմբերի 17-ին Կոնվերս Բանկում ավարտվեց «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագիծն ու բարեգործական դրամահավաքը: Ամառային երեք ամիսների ընթացքում յուրաքանչյուր ոք Կոնվերս Բանկի հատուկ հաշվեհամարին կարող էր փոխանցել գումար՝ Վանաձորի երաժշտական դպրոցի սաներին աջակցելու համար: Բարեգործական դրամահավաքն ավարտվել է սեպտեմբերի 1-ին, երբ ողջ գումարը կրկնապատկվել է Բանկի կողմից: Այս միջոցներով ձեռք են բերվել նոր երաժշտական գործիքներ՝ երեխաների համար:

Սեպտեմբերի 17-ին Վանաձորում երաժշտական դպրոցի սաները հանդես եկան փոքրիկ համերգային ծրագրով, իսկ Կոնվերս Բանկի Ռազմավարական և բիզնես զարգացման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը երեխաներին հանձնեց նոր գործիքներն ու մաղթեց իրենց փայլուն ապագա: Համերգի մասնակից երեխաների թվում էին նաև Կոնվերս Բանկի ու Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի 3 կրթաթոշակառու՝ երկու թավջութակահար և դաշնակահարուհի:

«Մեր մանուկները մեր ապագան են: Այս տարի Կոնվերս Բանկը իրականացրել է  կրթական ոլորտի տարատեսակ ծրագրեր: «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագիծը դրանցից մեկն է: Հետաքրքիր է, որ նվերներով մենք էինք եկել, բայց ամենամեծ նվերը ստացանք ինքներս՝ տաղանդավոր երեխաների կատարումներն էին: Բոլոր սաներին շնորհավորում ենք նոր ուսումնական տարվա առթիվ ու ցանկանում, որ յուրաքանչյուր տարին ավելի առատ լինի ձեռքբերումներով», - ասաց Րաֆֆի Քասարջյանը:

«Մշակութային անցուդարձի կիզակետում գտնվում է հիմնականում մայրաքաղաքը, ինչը լուրջ խոչընդոտ է մարզերում մշակույթի զարգացման համար: Իսկ երաժշտական գործիքների կարիքը Վանաձորի դպրոցում իսկապես մեծ էր, քանի որ երեխաները մի քանի տարին մեկ փոխում են դրանք: Ի դեպ Կոնվերս Բանկի միջոցով Վանաձորի թիվ 3 դպրոցում ստեղվեց նաև թավջութակի դասարան: Ես համոզված եմ, որ ապագայում մենք դեռ շատ կլսենք այս դպրոցի սաների մասին», – նշեց Խաչատուրյան Տրիոյի թավջութակահար, Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի տնօրեն Կարեն Քոչարյանը:

Հունիսի 1-ին Կոնվերս Բանկի գլխամասում «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագծին զուգահեռ մեկնարկել էր հայտնի լուսանկարիչ Վիգեն Մնոյանի ցուցահանդեսը: Լուսանկարներին պատկերված են Վանաձորի և այլ երաժշտական դպրոցների սաները՝ դասերի ժամանակ: Այս ցուցահանդեսը կշարունակվի Բանկի գլխամասում մինչև տարեվերջ:

Նախագիծն իրականացվում է «Խաչատուրյան Տրիո»-ի և Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի հետ համատեղ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել