Հին հույն իմաստուններն ասում էին, որ փիլիսոփայության կիրառական դրսևորումը քաղաքականությունն է, քաղաքականությունն անվանում էին պրակտիկ փիլիսոփայություն:

Քաղաքականությունը մեր դեպքում էլ ի՛ր փիլիսոփայությունն ունի, որից ներկայացնում եմ որոշ շեշտադրումներ:Նախ, չկա արտաքին և ներքին քաղաքականություն, դրանք անբաժան են, քանի որ սպառողը նույնն է՝ ՀՀ քաղաքացին, քանի որ արտաքին և ներքին քաղաքականության մեջ գերակայում են նույն գաղափարները, մի դեպքում ուղղված ներքին լսարանին, մյուս դեպքում՝ արտաքին, և երրորդը՝ և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության սուբյեկտը «այս պահի պետությունն է»՝ իշխող կուսակցությունը:

Մեր քաղաքականությունը հիմնված չէ որևէ գաղափարախոսական համակարգի վրա, որտեղ գաղափարները լինեին այնչափ համակարգված, որ տրամաբանորեն բխեին մեկը մյուսից: Այդ իսկ պատճառով որևէ գաղափարական համակարգ մեր քաղաքական համակարգում չկա, փոխարենը գործում են իդեոլոգեմաներ՝ գաղափարական կլիշեներ, որոնք որոշում են քաղաքացու քաղաքական վարքը: Տարածված իդեոլոգեմաներից են «անկախություն», «հանդուրժողականություն», «ժողովրդավարություն», «խոսքի ազատություն» և այլն:

Իդեոլոգեմաներն ունեն մեծ էմոցիոնալ ծանրաբեռնվածություն, դրանք  շատ են օգտագործվում հատկապես զանգվածային գիտակցությունը կառավարելու համար, որովհետև իդեոլոգեման հեշտ է հիշվում և մարդու մոտ ստեղծում է իրականությունը հասկանալու պատրանք: Իդեոլոգեմաների էական հատկությունն այն է, որ դրանք բազմիմաստ են և տարբեր իրավիճակներում օգտագործվում են տարբեր իմաստներով: Շարքային քաղաքացիներն այդ իմաստներից վերցնում են ամենապարզունակները, քանի որ դրանք ավելի արագ են ապահովում քաղաքականությունը հասկանալու պատրանք:

Որպես քաղաքական-մշակութային իդեոլոգեմաներ են գործում «Եվրոպան լավն է, Ռուսաստանը՝ ոչ», «հայերի ինքնությունը և՛ արևելյան է, և՛ արևմտյան», «հայի տեսակը յուրահատուկ է» և այլ արտահայտությունները: Բոլոր այս կլիշեները կենսունակ են մնալու այնքան ժամանակ, քանի դեռ կա զանգվածային մարդը, մարդու այն տեսակը, ով գիրք չի կարդում, տեղեկություն ստանում է ԶԼՄ-ներից, ամեն ինչ ընդունում է առանց քննելու, ինքնահաստատվում է ոչ թե աշխատանքում, այլ ընտանիքում՝ երեխանի վրա, ծեծում է իր զավակներին և արդարացնում դա, ասելով, որ իրեն նույնպես փոքր տարիքում ծեծել են, ով նոր բան գնելիս ուրախանում է ոչ թե ապրանքի, այլ ապրանքի զեղչված գնի համար, ով կյանքում առաջնորդվում է՝ «բոլորն անում են, ես էլ եմ անում» սկզբունքով, ով ուզում է ունենալ, ոչ թե լինել (երեխա ունենալ, ոչ թե ծնող դառնալ ու լինել, ունենալ դիպլոմ, ոչ թե գիտելիքի կրող լինել, ունենալ լավ Հայրենիք, ոչ թե Հայրենիքի լավ զավակ լինել):

Քաղաքական իդեոլոգեմաները հսկայական տեղ են զբաղեցնում Հայաստանի քաղաքական համակարգում և օգտագործվում են ինչպես իշխանության, այլպես էլ ընդդիմության կողմից հիմնականում նույն՝ զանգվածային գիտակցության մեջ հայկական իրականությունը հասկանալու պատրանք ստեղծելու համար: Դա պատվաբեր և ազնիվ գործ չէ, բայց պատիվը և ազնվությունը քաղաքական կատեգորիաներ չեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել