Ինչպես և ակնկալում էի, բավականին «հետաքրքիր» ստացվեց ԱԺ նստաշրջանի մեկնարկը:
Դեռ երկու օր առաջ ՀՀԿ գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում բաց տեքստով հրամայեց, որ այդ կուսակցության պատգամավորների համար Ազգային Ժողովը պետք է լինի խրամատ, որտեղ նրանք կռվելու են վատ երևույթների դեմ: 
Իսկ այսօր, ԱԺ նստաշրջանի մեկնարկից մեկ ժամ էլ չէր անցել, երբ դահլիճի ձախ սեկտորը գրեթե ամբողջովին դատարկվեց /այնտեղ նստում են բացառապես ՀՀԿ պատգամավորները/: Առաջինը խրամատը լքեցին իսկական մարտիկներ, գեներալներ Մանվելը և Սեյրանը: Նրանց հետևեցին Շմայսը, Նավոն (Նահապետ Գևորգյան), Թոխմախի Մհերը (Մհեր Սեդրակյան), Բուռնաշը (իսկական անունը չեմ հիշում) և այլ ՀՀԿ կարկառուն դեմքեր: Իսկ «թուրքի սարսափ» Լֆիկ Սամոն (Սամվել Ալեքսանյան) ընդհանրապես չէր էլ մտել խրամատ:
Ընդ որում` խրամատը լքելուց հետո նրանք հասցրեցին աչքի ընկնել լրագրողների հետ հանդիպելիս. Շմայսն ասաց` «Դավայ, յան տվեք սաղդ ըստեղից», Մանվելը` «Այ տղա լքող ըլնի հետևին ձեռք կտամ», իսկ Նավոն հասցրեց նաև ամոթանք տալ լրագրողներին:
Պարզ է դառնում, որ մարտիկները, լքելով խրամատը, գետնով են տալիս հրամանատարի խոսքը` չկատարելով նրա հրամանը: Իսկ թե ինչ է լինում հրամանատարի հրամանը չկատարողների հետ, գիտեն բոլորը, բայց դա ոչ Հայաստանում, քանի որ նույն այդ խրամատավորներից մեկի «վերջին բոլշևիկ» տիտղոսին արժանացած հրամանատարի խոսքը բազմիցս է գետնով տրվել: Հիշենք միայն այն, որ Սերժ Սարգսյանն ասում էր, որ ՀՀ քաղաքացիների հետ պետք է «Դուք»-ով խոսել, իսկ վարչապետը գյուղացու հետ «արա»-ով է խոսում, Կարեն Կարապետյանը «Նաիրիտի» աշխատողին «Համբալ» է ասում, Թոխմախի Մհերը լրագրողի ծնոտն է պոկում և լիքը նման դեպքեր: Այնպես որ սա Հայաստանն է և վերջ: Խրամատը լքելը ՀՀԿ-ում ձեռագիր է և վերջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել