Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի
խմբակցությունների եւ պատգամավորական խմբի
Հայտարարությունը
Օգոստոսի 28-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությանը եւ նրա ժողովրդի ազատ զարգացմանն աջակցող բանաձեւ: Մինչ այդ՝ մայիսի 8-ին, նույն բանաձեւն ընդունել էր Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատը:
Գոհունակությամբ նշելով, որ Արցախի անկախության եւ նրա ժողովրդի ազատ զարգացման աջակցությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների արդեն հինգերորդ նահանգի կողմից է դրսեւորվում՝ մեր երախտագիտություն ենք հայտնում Կալիֆորնիայի ազգաբնակչությանը, Արցախի բարեկամ քաղաքական գործիչներին ու մեր հայրենակիցներին, ում ջանքերի շնորհիվ է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը ստանում է նորանոր արձանագրումներ: 
Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ որպես պետություն, կազմավորվել է ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում, իսկ նրա զարգացման եւ հզորացման աղբյուրը մշտապես եղել է ազատության եւ հավասարության սկզբունքը:
Նահանգային օրենսդիր մարմինների բանաձեւերը հույս են ներշնչում, որ ԱՄՆ-ը, որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդ երկիր, անարձագանք չի թողնի օրենսդիրների հորդորները եւ կսատարի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխան ինքնորոշված արցախահայության ձգտումները:
ԼՂՀ Ազգային ժողովի
«Դաշնակցություն» 
«Ժողովրդավարություն»
«Հայրենիք» խմբակցություններ եւ
«Արցախատուն» պատգամավորական խումբ
30 օգոստոսի 2014թ.
ք. Ստեփանակերտ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել