Մի պատահական անցորդ գտավ այս նամակը Սան Ֆրանցիսկոյի միջազգային օդանավակայանում և որոշեց դրանով կիսվել համացանցում:

-----


Ես վերջերս  վերջ դրեցի մի սիրավեպի, որից ես էմոցիոնալ ճնշում էի ապրում:

Ամիսներ շարունակ հնչող վիրավորանքներից, կեղծ մեղադրանքներից, ստերից, կոտրված հայելիներից, գիշերային կռիվներից հետո ես հեռացա: Ես գիտեի, որ նրա կողքին անցկացրած յուրաքանչյուր օրը թունավոր էր ինձ համար: Նեղսրտած վիճակում ես լքեցի իմ երեք տարվա սիրեցյալին՝ իմանալով, որ հեռանալուս պահն արդեն իսկ շատ էի հետաձգել: Սկզբում նա աղաչում էր ինձ վերադառնալ իր մոտ, հետո անիծում էր, սակայն ի վերջո նա իր եղած-չեղածը հավաքեց և վատ երազի պես չքվեց իմ կյանքից:

Առաջին մի քանի շաբաթներին ես չէի համակերպվում պատահածի հետ: Երեք տարի շարունակ ես նրա միջոցով էի տեսել աշխարհը, այսինքն՝ գույնզգույն ակնոցներով: Ես չգիտեի, թե ով եմ առանց նրա: Չնայած ընկերներիս ու անգամ օտարների բարությանն ու սիրալիրությանը՝ ես չէի կարողանում հաղթահարել միայնության զգացումը:  

Սակայն հենց այդ միայնության զգացումն էլ ազատ արձակեց ինձ: Ճանապարհի ինչ-որ մի կետին ես ազատվեցի կապանքներից: Ես հետևում թողեցի ցավոտ հիշողությունները, նրա հասցրած վիրավորանքները, նրա բոլոր մասնիկները, որոնք թաղված էին ուղեղիս խորքում: Ես դադարեցի հավատալ, թե ես այնպիսին եմ, ինչպիսին նա էր ինձ տեսնում: Ես սկսեցի հասկանալ, թե որքան գեղեցիկ է կյանքը: Ես զբաղվում էի մեդիտացիայով, չափից ավելի շատ սուրճ խմում, զրուցում անծանոթների հետ ու հենց այնպես ծիծաղում: Ես սկսեցի բանաստեղծություններ գրել: Հենց որ ես գիտակցեցի, որ իմ ուրախությունը բացառապես ինձնից էր կախված, ինձ այլևս ոչինչ չէր կարող վնասել: Ես խաղաղություն եմ գտել ու շարունակում եմ գտնել այն: Ամեն օր ես ավելի մոտ եմ դրան, քան երեկ: Ես դեռ չեմ հաղթահարել ողջ ճանապարհը, սակայն ես մոտ եմ նպատակակետին և լի եմ գոհունակությամբ և ուրախությամբ:    

Քանի որ ես կյանքիս նոր էջ եմ սկսել, ես ցանկանում եմ խաղաղությամբ ազատվել նախորդ էջի բովանակությունից: Իմ սիրավեպի ավարտը բազում դրական փոփոխությունների հանգեցրեց: Ես գիտակցեցի, որ ես արժանի եմ երջանիկ լինել և իմ երջանկությունը կախված է իմ իսկ որոշումից: Այսպիսով, փորձելով հետևում թողնել այն ամենը, ինչը չի նպաստում իմ աճին, ես ազատվում եմ ցավոտ անցյալիս մասունքներից մեկից:

Մոտ երկու տարի շարունակ ես ամեն օր կրում էի նրա նվիրած այս մանյակը: Ազատվելով դրանից՝ ես ինքս ինձ համար հաստատում եմ, որ առաջ եմ շարժվում` լի ուժերով ու տևական խաղաղությամբ:

Խնդրում եմ, ընդունի՛ր այս նվերը իբրև հիշեցում, որ մենք բոլորս արժանի ենք երջանկության: Ով էլ որ լինես և ինչ ցավերի էլ որ բախված լինես, ես հուսով եմ, որ դու խաղաղություն կգտնես:

Ջեմի  

-----

Իսկ ի՞նչ կանեիք, եթե նամակը Դուք գտնեիք: Ձեր պարանոցին կկրե՞իք ուրիշի ցավոտ անցյալի հուշ հանդիսացող մանյակը, թե՞ կազատվեիք դրանից: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել