Երկու շաբաթից ավելին է, ինչ Շանգալում «Իսլամական հանրապետություն» հորջորջվող ահաբեկչական խմբավորման կողմից ցեղասպանություն է իրականացվում աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի՝ եզդիներիս նկատմամբ: Այս օրերին բոլորս ենք խոսում այս մասին ու դատապարտում այն, ողջ քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունը սևեռված է Իրաքյան դեպքերին, բազմաթիվ հեղինակավոր ԶԼՄ-ներ աղաղակում են եզդիների նկատմամբ կիրառվող սպանդի մասին, բայց ցավալին այն է, որ մարդկության դեմ ուղղված այս ոճիրը կանխելու համար նույն «քաղաքակիրթ աշխարհը» գործնական և էական որևէ նպատակային քայլ չի կատարում: Արդեն քանի օր է, ինչ աշխարհի տարբեր երկրներում բնակվող եզդիներս աղաղակում ենք, բազմահազարանոց բողոքի ցույցեր և զանազան այլ ակցիաներ ենք անցկացնում, և գալիս է պահ, որ հուսադրում ենք ինքներս մեզ, և, երբ թվում է, թե վերջ՝ կկանխվի, էլ սպանդ չի լինի, մեկ էլ նորից տեղեկատվություն ենք ստանում, որ այս կամ այն եզդիաբնակ բնակավայրում կրկին եզդիներ են սպանվել, եզդի կանանց ու աղջիկների են առևանգել: Այլևս ակնհայտ է դառնում, որ որքան էլ աշխարհը դատապարտի և որքան էլ մենք բողոքենք, միևնույն է, Շանգալում իրականացվող եղեռնը շարունակվում է առայժմ: Շանգալը, որը դարեր ի վեր եղել և համարվել է եզդիներիս հայրենի երկիրը, այսօր դատարկվում է, առանց իր ժողովրդի է մնում: Այն Շանգալը, որտեղ գտնվում են մեր գլխավոր սրբատեղիները, որտեղ սրբորեն պահպանվում էին մեր ազգային կրոնն ու հավատքը, այն Շանգալը, որտեղ պահպանվում էին մեր ազգային ադաթներն ու ծեսերը, մեր ազգային ինքնագիտակցությունը, և դրա շնորհիվ էլ աշխարհի ամենատարբեր կետերում ապրող եզդիներս կարողանում էինք պահպանել մեր ազգային նկարագիրն ու ինքնությունը: Եվ այսօր, երբ Շանգալը եզդիաթափվում է, մենք՝ եզդիներս, տարիներ անց հնարավոր է մեր ազգային ինքնությունը կորցնելու մեծ վտանգի առջև կկանգնենք: Այս լրջագույն խնդիրը պիտի գիտակցի յուրաքանչյուր հայրենասեր եզդի, և քանի դեռ կա հնարավորություն, մենք պիտի թույլ չտանք, որ Շանգալը մնա առանց եզդիների… 
Կեցցե~ ազատ Շանգալը…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել