Tert.am-ը գրում է.

ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է սահմանային վերջին միջադեպերին և Սոչում դրանց հաջորդած բանակցություններին։ Ըստ նրա՝ դիվերսիոն հարձակումները հակառակորդը փորձում է ստուգել հայկական զինուժի զգոնությունն ու պատասխան հարված հասցնելու պատրաստակամությունը։ Հերմինե Նաղդալյանի խոսքով՝ բոլոր դեպքերում՝ բանակցությունների շարունակումը անհրաժեշտություն է: «Երբ մենք անառիկ ենք պահում մեր սահմանը և մարտական գործողությունների մեջ ապացուցում ենք, որ խնդիրներ չունենք, զուգահեռ պիտի քաղաքական ու բանակցային հարթության մեջ ամրապնդենք ու առաջ տանենք խաղաղության հաստատման գործընթացը»,– ասում է նա:

-Ամեն ամառ սահմաններում ստեղծվում է լարված իրավիճակ, այս տարվա լարվածությունն ունի՞ առանձնահատկություններ:

-Ամեն ամառ ստեղծվող լարված իրավիճակը, կարծում եմ, բացատրվում է այն իրողությամբ, որ սահմանից այն կողմ մեր հակառակորդը ուզում է պարզել՝ հայերն արձակուրդ գնո՞ւմ են, թե՞ ոչ: Խնդիրը հայկական կողմի զգոնությունը շոշափելն է և պատասխան հարվածի պատրաստականությունը պարզելը՝ ամառը Ադրբեջանի համար զոնդաժի ժամանակ է: Տարիներ շարունակ նրանք ստացել են համարժեք պատասխան և պետք է, որ արդեն հասկացած լինեին իրենց քայլերի ապարդյունությունը: Հայերը սահմանից արձակուրդ չեն գնում: Իսկ այն, որ Ալիևը պարբերաբար երդվում է Հայաստանի տարբեր հատվածներում ինչ-որ գործողություններ իրականացնել (թեյ խմել, Սևանում լողալ, Երևանում խորոված ուտել) վատ սովորություն է, որ վկայում է ազգային հիշողության խիստ ընտրովիությունը և տրամաբանության կորուստը:

Հրադադարի խախտման դեպքերի այս տարվա առանձնահատկությունը մի քանի պատճառներ ունի: Նախ Ադրբեջանը փորձում է թեժացնել իրավիճակը սահմանին ներքաղաքական պատճառներով: Բաքուն փորձում է ստվերել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության անմխիթար վիճակը, իրավապաշտպանների, լրագրողների վրա գործադրվող բռնությունների փաստերը, որ արդեն անցել են բացարձակ անօրինականության սահմանը: Այդ փաստերը տեսնում են ու բարձրաձայնում միջազգային ասպարեզում ու երկրում: Այդ համապատկերում շատ կարևոր է արտաքին թշնամու գործոնը խաղարկելով՝ ծխածածկույթ ստեղծել ու ուշադրությունը շեղել ներքաղաքական խնդիրներից:

Բաքուն, Իհարկե, ունի տնտեսական հաջողություններ, բայց Ադրբեջանում հազարավոր մարդիկ ունեն սոցիալական անհետաձգելի լուծում պահանջող խնդիրներ, մինչդեռ միլիարդավոր դոլարներ են ծախսվում սպառազինության վրա: Բնական է, որ հանրության համար այդ ծախսերը ոչ միայն պետք է հիմնավորել, այլև անգամ այդքան ավտորիտար կառավարման պարագայում ինչ-որ կերպ արդարացնել, ինչպես նաև արդյունքներ ցույց տալ: Ծախսերը կատարվում են, սպառազինությունները բազմապատկվում են, իսկ շփման գծում ոչինչ չի փոխվում՝ հրադադարը շարունակվում է, որ իրենց համար պարտվողական իրավիճակ է:

- Հրադադարը, կարծես թե, կամավոր է ստորագրվել, ինչո՞ւ է պարտվողական իրավիճակ և ինչո՞ւ այդ պարտվողական իրավիճակը, ինչպես սպառնում են, հաղթողական պատերազմով չեն շտկում:

-Որովհետև ի սկզբանե գիտեն, որ նոր պատերազմը նոր պարտություն է նշանակելու, իսկ այսպես նյարդեր սղոցելով հաջողությունների պատրանք են ուզում ստեղծել: Ի վերջո՝ հրադադարը նրանք ստորագրել են պարտադրված՝ հաղթական հայ զինվորի առաջխաղացումը կանխելու համար: Պարտվածի հոգեվիճակը ճնշում է և իշխանությանը, և հասարակությանը: Երկրորդ պատճառը պաշտպանության նոր նախարար ունենալն է, ռազմական էլիտան իր տասնամյակներով ձևավորված թերարժեքությունը փորձում է թոթափել մարտական հաջողություններով: Հայկական բանակի հրամկազմի և ՀՀ պաշտպանության նախարարի համեմատությանը դժվար է դիմանալը: Սեյրան Օհանյանը փայլուն մարտական ուղի է անցել, ռազմական գործի գիտակ է ու գործով ապացուցել է իր ռազմական տաղանդը թե մարտական գործողություններում, թե բանակաշինության և կազմակերպական աշխատանքներում:

Նույնը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի մասին կարելի է ասել, որ Արցախյան պատերազմի ու Աֆղանստանի բովով անցած ու կայացած հրամանատար է: Վառոդի հոտ չառած և լուրջ ռազմական կենսագրություն չունեցած մեկը՝ նշանակվելով բարձր պաշտոնում խնդիր ունի արդարացնել իր նշանակումը և կայանալ իբրև նախարար: Փոքրիկ հաղթական պատերազմը այդ դեպքում շատ տեղին կլիներ՝ թե անձնական հավակնությունները հաստատելու, թե ներքաղաքական խնդիրները լուծելու համար:

Երրորդ դրդապատճառն արտաքին քաղաքական է՝ գերտերությունների սկսած գլոբալ հակամարտության համապատկերում՝ օգտվելով միջազգային հանրության ուշադրությունը ուկրաինական իրադարձությունների վրա գամված լինելու հանգամանքից՝ Ադրբեջանը կարող էր փորձարկել իրադրությունը ապակայունացնելու ճանապարհով Արցախյան հակամարտությանը ուժային լուծում տալու տարբերակը: Բաքուն բազմիցս արտահայտել է իր դժգոհությունը Մինսկի խմբի գործունեությունից ու ստատուս քվոյի պահպանումից: Մինսկի խմբում նրանք չունեն ադրբեջանանպաստ լուծումների կայացման հող և համանախագահների հետ փոխըմբռնում, և դա շատ լավ հասկանալով՝ Կազանից սկսած, արդեն երկու տարի փորձում են կասեցնել գործընթացը և իրենց դժգոհությունը հայտնել Մինսկի խմբի աշխատանքից ու առաջարկվող սկզբունքներից:

Ի վերջո՝ բարձրամակարդակ համարյա բոլոր հանդիպումներից առաջ կամ հետո Ադրբեջանը սադրանքներ է սկսել սահմաններին՝ երևի թե ցույց տալու իր դժգոհությունը բանակցային գործընթացից կամ հանդիպումից: Սոչիի հանդիպումից առաջ նավթադոլարների առատությունից ոգևորված, սթափ դատելու ու իրականության հետ կապը կորցրած լինելու վիճակում, որին ականատես եղանք նաև Ստրասբուրգում Իլհամ Ալիևի ելույթի ժամանակ, հիմա նրանք փորձում են հաղթաթղթեր կուտակել ու բանակցային գործընթացում գոնե մի քիչ նպաստավոր դիրքեր ստեղծել: Բայց ստացան հակառակը՝ շնորհիվ հայկական բանակի կազմակերպված ու հստակ գործողությունների, հայ զինվորի քաջության ու սխրանքի, որ իսկապես անօրինակ է: Մենք կարողացել ենք այս ընթացքում մեր բանակում պահպանել ու հզորացնել ոչ միայն ռազմական պատրաստակամությունը, այլև հաղթական անկոտրում ոգին: Այն պատրանքը, որ սպառազինությունը հաջողության բավարար փաստարկ է, ևս մեկ անգամ փշրվեց: Ավագ սերնդի՝ մեր ազատամարտիկների, հաղթական օրինակով դաստիարակված զինվորները՝ իրենց հայրենիքը պաշտպանելու և Արցախի ժողովրդի ազատատենչ պայքարին սատարելու գիտակցությամբ, ապացուցում են, որ մարդկային գործոնը շատ ավելին է՝ տեխնիկայի ու սպառազինության թվաքանակից: Շարքային զինվորից մինչև գերագույն գլխավոր հրամանատար՝ մենք ապացուցեցինք մեր գերազանցությունը և ցույց տվեցինք, որ չենք հանդուրժի որևէ ոտնձգություն:

-Չե՞ք կարծում, որ հրադադարի խախտման մեջ շահագրգիռ նաև արտաքին կողմեր կան՝ նպատակ ունենալով խաղաղապահների տեղակայում սահմանին:

-Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը տարբերվում է համանման կոնֆլիկտներից, և տարբերություններից մեկն էլ այն է, որ հրադադարից մինչև այսօր խաղաղությունը պահպանվում է սեփական ուժերով: Մենք դա կարողանում ենք և կարող ենք հակառակորդին խաղաղություն պարտադրել՝ սա շատ կարևոր գործոն է: Տարածաշրջանը իր աշխարհագրական ու աշխարհաքաղաքական նշանակությամբ շատ կարևոր տարածք է, և ես չեմ բացառում, որ լինեն ուժեր, որոնք փորձեն իրենց ներկայությունը պարտադրել սահմանին:

Այսօրվա գլոբալ հակամարտությունների համապատկերում, որ միայն ռազմական չեն, այլև տնտեսական ու աշխարհաքաղաքական, տեղեկատվական պատերազմներով են արտահայտվում, դա բնական է: Կա ևս մեկ հանգամանք. մենք գիտենք, որ պատերազմը չի ավարտվել, բայց մեզ այնպես ենք պահում, կարծես ոչ միայն վաղուց ավարտվել է, այլև երբեմն գերադասում ենք իրավիճակի ու իրադարձության կողքից դիտորդի ու գնահատողի դերը: Մենք թերագնահատում ենք տեղեկատվական պատերազմի թե՛ վտանգները, թե՛ հնարավորությունները, ջանադիր ու քինախնդիր քննարկում ենք այս ու այն տեղեկատվության հավաստիությունն ու անհավաստիությունը, երբեմն ավելի ջանադիր ու քինախնդիր, քան կաներ հակառակորդը: Ես այս դրսևորումների բացատրությունը չունեմ, բայց չարժի, չէ, հիշեցնել, որ մենք դիմակայում ենք հայտարարված ու չհայտարարված մարտահրավերների, և դա պարտադրում է հանրության միասնականություն բոլոր մակարդակներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել