Karabakh-open.info-ն գրում է.

ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի պատասխանը Karabakh-open.info-ի հարցին

-Ինչպե՞ս կմեկնաբանեք օգոստոսի 10-ին Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։

Հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լարվածության աննախադեպ սրացման ֆոնին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացման փաստը, մեր կարծիքով, արդեն իսկ դրական քայլ է, որը կարող է խթանել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանը:

Ռուսական կողմի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի նախաձեռնությունը հստակ ազդանշան դարձավ առ այն, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորումն այլընտրանք չունի եւ խաղաղարար ջանքերի խաթարման ցանկացած փորձ անթույլատրելի է:

Կարեւոր է, որպեսզի տվյալ ազդանշանը հասնի Ադրբեջանի ղեկավարությանը, որը դեռեւս հանդիպման նախօրեին սպառնում էր ռազմական գործողությունների վերսկսմամբ: Հաշվի առնելով ադրբեջանական կողմի հռետորաբանության մեջ առնվազն հանդիպման հրապարակային մասում ցուցաբերված որոշակի փոփոխությունը, հուսով ենք, որ նման տրամադրվածությունը կպահպանվի նաեւ Ադրբեջանի նախագահի Բաքու վերադառնալուց հետո:

Իրենց հերթին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, հավատարիմ լինելով Ադրբեջանի հետ հակամարտության բացառապես խաղաղ միջոցներով կարգավորմանը, պատրաստ են այսուհետ եւս իրենց կառուցողական ներդրումն ունենալ բանակցային գործընթացի շարունակման համար պայմանների ապահովման եւ հակամարտության գոտում կայունության ու կանխատեսելիության մակարդակի բարձրացման գործում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել