Դիվերսիոն անհաջող ագրեսիաներից հետո, Ադրբեջանը լծվեց ակնհայտ ինֆորմացիոն ագրեսիայի: Դա դիկտատորական ռեժիմներին ներհատուկ գործելաոճ է, քանի որ դիկտատուրան հենվում է հիմնականում ռազմական ուժի վրա, որի միջոցով իշխանությունը դարձնում է խիստ ինստրումենտալ ու կամային և փաթաթում ժողովրգի գլխին: Քանի որ նման իշխանությունը ձախողում է իր ռազմական ուժի արտաքին կիրառությունը, սկսում է դիմել ինֆորմացիոն և դիվանագիտական ագրեսիայի: Բիհևիորիստները սա կանվանեին դիկտատուրայի ճգնաժամի սինդրոմ, որի ժամանակ իշխանության վարքաբանությունը վերահսկողականից փոխակերպվում է ագրեսիվի: Այսպես, Բաքուն սկսեց օգտագործել տեղեկատվական դաշտը և ներքին, և արտաքին հարթություններում դրությունը փոխելու համար: Սկզբում սկսեցին լուրեր տարածել, որ հայկական կողմերից կա 51 զոհ և 70-ից ավելի վիրավոր, որ դիվերսիաներն իրականացվել են հայկական կողմերի կողմից՝ ակնհայտորեն հակասությունների մեջ դնելով իրենց իսկ տարածած տեղեկատվությունները, օրինակ՝իբրև թե «ոչնչացվել է հայկական հատուկ ջոկատայինների մի ամբողջ վաշտ՝ 40 հոգի», որը մի կայքում նշվում էր, թե տեղի է ունեցել Սեյսուլան գյուղի

 , մեկ այլ կայքում՝ Նամիրլանի ուղղությամբ: Այս ամբողջն իր գագաթնակետին հասավ վերջին՝ ամենաանհավանական դեզինֆորմացիայի տեսքով, երբ սպանված ֆիլիպինցի զինվորների նկարը տեղադրել էին կայքում՝ ներկայացնելով իբրև հայ զինվորներ են, որոնց սպանել են ադրբեջանցիները հաջողությամբ պաշտպանվելիս:Փաստորեն, նրանք այժմ լծվել են ամեն գնով ներքին լսարանի մոտ սեփական իշխանության ամրության ու բանակի հզորության քարոզչական գործին՝ «քարոզչություն ցանկացած գնով» նշանաբանով, որի նպատակն է. 1. դիկտատորական ռեժիմի խստացում, սեփական բանակի ուժի ցուցադրման եղանակով՝ «որքան սուտը շատ, այնքան հավատալու հակվածությունը մեծ» կարգախոսի ոգուն համապատասխան գործողությամբ, 2. ռազմական գործողության ձախողումն ինֆորմացիոն-քաոզչական մեթոդներով փակելը, 3. «արտաքին մեսիջավորում». ուժեղն Ադրբեջանն է, թելադրողը՝ նույնպես, հետևաբար զիջողը՝ Հայաստանը, 4. «քարոզչական պաուզա կամ շեղում». հայկական կայքերը կսկսեն այդ «սենսացիոն նյութը» տարածել իրենց մեկնաբանություններով, կկենտրոնանան դրա վրա՝ բացահայտելով ադրբեջանական կեղծիքը, որը այդ երկրի քարոզիչներին այլ ուղղություններով գործելու հնարավորություն կտա, սա կոչվում է նաև «քարոզչական խայծ», պետք է առավել ուշադիր լինել այս առումով 5. և իհարկե, հայկական խուճապ: Կիրառվում են նաև արհեստական գաղափարաբանական դոզավորման կամ, այսպես ասած, սեմանտիկ ծրագրավորման հնարքները. երբ ադրբեջանցի վատ պատրաստված դիվերսանտներին կնքում են «շահիդ» անվամբ՝ իբրև գաղափարի նահատակներ: Այդպես ադրբեջանցիներին լեզվական ծրագրավորմամբ դարձնում են հայրենիքի նվիրյալ, իսկ իրականում՝ սովորական մոլեռանդ: Իսկ դիվանագիտական ագրեսիայով փորձ է արվում Հայաստանի դեմ բանաձևեր կամ պատժամիջոցներ կորզել միջազգային հանրությունից՝ օգտագործելով բոլոր հարթակները (դիցուք՝ ադրբեջանական Ղարաբաղ ֆուտբոլային թիմը դիմել էր ՈՒԵՖԱ՝ թույլ տալու սև թևկապերով դուրս գալ խաղադաշտ՝ ի հիշատակ զոհված ադրբեջանցի զինծառայողների, բարեբախտաբար, մերժվել էր): Բայց տոտալ քարոզչությունը ճեղքեր էլ է տալիս, ու այդ ժամանակ փլուզումը կործանարար է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել