Հյուսիսային Իրաքի Շանգալ եզդիաբնակ տարածքում իրադրությունը շարունակում է կատաստրոֆիկ մնալ. Ոչ պաշտոնական տվյալներով արդեն 2000-ից ավելին եզդի է սպանվել: ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը արդեն հայտարարություն է տարածել Շանգալի տարածքում հումանիտար աղետի վերաբերյալ: Պաշտոնական հայտարարության մեջ նշվում է, որ ավելի քան 200 հազար եզդիներ բռնել են փախուստի ու գաղթի ճանապարհը, 100 հազարից ավելի եզդիներ պատսպարվել են Շանգալի լեռներում, որտեղ 2 օրից ավելին է, ինչ մնացել են առանց ջրի, պարենի և դեղորայքի. սա հումանիտար աղետ է: Բացի դա իսլամիստները պարբերաբար գրոհում են այդ լեռները՝ պատճառելով մարդկային մեծ կորուստներ:
Մազապուրծ եղած ականատեսների վկայությունների համաձայն՝ իսլամիստ տերորիստները կարողացել են ավելի քան 100 եզդիական ընտանիքների առևանգել, բոլոր տղամարդկանց և երեխաներին սպանել են, իսկ կանանց հավանաբար կպարտադրեն տերորիստների հետ «ջիհադական զույգ» կազմեն: Ըստ նրանց վկայության՝ քրդական «Պեշմարգայի» զորամիավորումները որոշ տեղերում սատարել են, որոշ տեղերում էլ դավաճանաբար լքել են եզդի կամավորականներին: Սակայն ուժերն անհավասար են եղել և եզդիական ջոկատները տեղի են տվել: Մի պահ տեղեկատվություն եղավ, թե տերորիստները պայթեցրել են եզդիների «Շարֆադին» սրբավայրը, սակայն հետո այդ լուրը հերքվեց: Հաղորդվեց, որ 3000-ոց եզդիական զինված կամավորականների միավորումը արյան գնով հետ է մղում տերորիստների գրոհը և առայժմ անառիկ են պահում իրենց սրբավայրերը… Հաղորդվեց նաև, որ սպասվում է օգնություն «Պեշմարգայից» և Իրաքի զինված ուժերից, և, որ կարճ ժամանակում Շանգալը պիտի մաքրվի իսլամիստ տերորիստներից… Քույրեր և եղբայրներ, ամուր կացեք, սա ցեղասպանություն է…
Երեկ և այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում, բազմաթիվ քաղաքաներում եզդիները բազմահազարանոց բողոքի ակցիաներ, հանրահավաքներ ու երթեր են կազմակերպում՝ ի պաշտպանություն Շանգալի եզդիների: Բազմաթիվ նախաձեռնություններ, ստորագրահավաքներ են կազմակերպվել, պաշտոնական մի շարք դիմում-գրություններ են ուղղվել դեպի ՄԱԿ, Եվորխորհուրդ, ԱՄՆ և ՌԴ նախագահներին՝ պահանջով դատապարտել և կանխել Շանգալում եզդի ժողովրդի նկատմամբ կիրառվող ցեղասպանությունը...
Խուադեն ու Մալակե Թաուսը պահապան մեր ժողովրդին...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել