ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի եւ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի քաղաքական հայտարարությունը վկայում է, որ պաշտպանության նախարարը խախտելով ՀՀ պաշտպանության մասին օրենքը, իր վրա է վերցրել հանրապետության գերագույն գլխավոր հրամանատարի լիազորությունը՝ պաշտպանության հարցերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնել միջազգային հարաբերություններում։

Ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, երբ Սերժ Սարգսյանը լքել է Հայաստանը, իսկ ՀՀ պաշտպանության նախարարը ԱՄՆ դեսպանի հետ միասին հակամարտության գծում իրավիճակը լիցքաթափելու ուղիներ է որոնում «նախեւառաջ Մինսկի խմբի գործընթացի միջոցով»։

Օրենքի այս խախտումը կարող էր տրամաբանված լինել միայն այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը առնվազն ի վիճակի չէ անձամբ կատարել Հայաստանի անկախության, տարածքային ամբողջականության եւ անվտանգության երաշխավորի պարտականությունները, իսկ Գալուստ Սահակյանը եւ Հովիկ Աբրահամյանը ի վիճակի չեն փոխարինել նրան։

Նման դեպքում, Սեյրան Օհանյանը պետք է ԱՄՆ դեսպանի հետ հանդիպումից մեկ ժամ առաջ, հրապարակային ելույթի միջոցով իրազեկեր հանրությանը, որ հայկական քրեական օլիգարխիան այսուհետ չի տրապետում պետական կառավարման լծակներին եւ նա ստիպված է իր վրա վերցնել ամբողջ պատասխանատվությունը հայրենիքի համար։

Բնականաբար, այդ հայտարարությունից հետո ամբողջ Հայաստանը, Արցախը եւ համայն հայությունը կնշեին այս օրը՝ օգոստոսի 4-ը, որպես Հայաստանի պետականության իրական կայացման տոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել