ԼՂՀ պետական սահմանի ողջ երկայնքով անցյալ շաբաթվա ընթացքում Ադրբեջանի սադրած միջադեպերի հետեւանքով շուրջ 30 ադրբեջանցի զինվորների մահը կարծես թե դարձել է այդ երկրի ռամաքաղաքական ղեկավարության ցնցակաթվածի պատճառ: Հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ տարածք դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելիս ՊԲ դիրքապահների կողմից ոչնչացվեցին գրեթե մեկ տասնյակ ադրբեջանցի հատուկ ջոկատայիններ, Ադրբեջանի ղեկավարության ծայրահեղ շփոթմունքի մասին հուշում էր այդ երկրի ռազմաքաղաքական վերնախավի տարօրինակ լռությունը: Ակներեւ էր, որ իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումներին նախօրեին ԼՂՀ ՊԲ թիկունք անցնելու հրաման տված ադրբեջանական ղեկավարության բոլոր հաշվարկները ձախողվել էին. ԼՂՀ տարածք անցնելու և դիվերսիոն-հետախուզական հաջող գործողությունների փոխարեն, ադրբեջանցի դիվերսանտները ստիպված եղան խուճապահար նահանջել՝ մարտադաշտից մի կերպ հանելով սպանվածների մարմիններն և թողնելով գրեթե ողջ սպառազինությունն ու հանդերձանքը: Սակայն, չնայած պաշտոնական Բաքվի քար լռությանը, իրականությունը կոծկելն անհնար էր. ադրբեջանական էլեկտրոնային լրատվամիջոցները մեկը մյուսի հետեւից հանրությանը գուժեցին ընտիր ասկյարների ոչնչացման լուրը:
Պաշտոնական առաջին արձագանքը եղավ միայն հաջորդ օրը երեկոյան, երբ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը, գլխիվայր շրջելով փաստերը, հաղորդեց, որ ՊԲ հետախուզական ստորաբաժանումների դիվերսիոն-հետախուզական գործողությունը կասեցնելիս զոհվել են 5 ադրբեջանցի զինծառայող: Սուտն այնքան աչք ծակող էր, որ հարուցեց անգամ ադրբեջանական փորձագիտական հանրության տարակուսանքը:
«Ես չեմ հավատում մեր պաշտպանության նախարարությանը,- լրատվամիջոցներին ասել էր ռազմական փորձագետ Ուեզիր Ջաֆարովը,- բոլորը գիտեն, որ հարձակվող կողմը միշտ ավելի շատ զոհեր է ունենում: Կարծում եմ, որ անհրաժեշտ է լուրջ հետաքնննություն՝ պաշտպանության նախարարության ընդգրկմամբ»:
Որոշ ժամանակ անց Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հակասելով ինքնիրեն հայտարարեց, որ ադրբեջանցի զինվորները զոհվել են եռօրյա համառ մարտերի ընթացքում: Այդ պահից սկսած ադրբեջանական բանակի գործողությունները սկսեցին ընթանալ երկու զուգահեռ իրականություններում: Իրականություններից առաջինում, կարելի է համոզված պնդել, որ ադրբեջանական բանակը ստացել էր դեռևս հուլիսի 28-ին դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ զոհված զինակիցների դիմաց ամեն գնով վրեժխնդիր լինելու առաջադրանք:
Հուլիսի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանի կենտրոնական ենթակայության հատուկ նշանակության բրիգադներից մեկի դիվերսիոն-հետախուզական խումբ փորձեց Մարտակերտի հատվածում ներթափանցել ՊԲ ստորաբաժանումների թիկունք: Հայտնվելով մեր դիրքապահների ծուղակում՝ խումբը տվեց 6 զոհ եւ 7 վիրավոր ու ստիպված եղավ ճողոպրել՝ մարտադաշտում թողնելով մեծաքանակ հանդերձանք եւ սպառազինություն:
Նույն օրը Ասկերանի ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած հատուկ կանխարգելիչ գործողության շնորհիվ շարքից դուրս են եկել հակառակորդի 16 զինծառայող՝ 9 սպանված, 7 վիրավոր:
Հակառակորդը նշանակալի կորուստներ է ունեցել նաեւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանների մյուս ուղղություններում:
Մյուս՝ վիրտուալ իրականության մեջ փաստերը պարզապես նենգափոխվել են: Դիվերսիոն-հետախուզական գործողությունների ձախողված փորձերի հետեւանքով ունեցած երեք տասնյակ ասկյարների մահերը սեփական հանրության աչքերում արդարացնելոււ համար հակառակորդը ձեռնարկել է տեղեկատվական-հոգեբանական հատուկ գործողություններ՝ փորձելով ադրբեջանական ժողովրդին համոզել, որ 1994թ. հրադադարի հաստատումից ի վեր աննախադեպ կորուստներն ադրբեջանական բանակն ունեցել է հայկական ստորաբաժանումների դեմ մղված թեժ մարտերի ընթացքում: Այդ նպատակով պաշտոնական Բաքվի կողմից վերահսկվող լրատվամիջոցները սկսել են ռազմահայրենասիրական քարոզարշավ: Ադրբեջանական լրատվամիջոցների վերնագրերը հիշեցնում են պատերազմական ամփոփագրեր, ընդ որում, զգացվում է, որ, ջանադրաբար կատարելով «վերևների» հրահանգը, ադրբեջանցի հեղինակներն առանձնապես չեն մտահոգվում անգամ իրենց քարոզչական արտադրանքի արժանահավատության մասին:
«Haqqin.az» կայքն, օրինակ, գրում է զենիթահրթիռային համալիրներով Հայաստանի տարածքին հասցվող հարվածների մասին՝ անտեսելով այն փաստը, որ զենիթային համալիրները նախատեսված են բացառապես օդային թիրախներ խոցելու համար և վերգետնյա նշանակետերի դեմ կիրառվել չեն կարող:
«Aze.az» կայքն իր էջում տեղադրել էր Ադրբեջանի կենտրոնական շրջաններից իբրև թե ղարաբաղյան սահման փոխադրվող տանկային շարասյունների լուսանկարները: Սակայն տեղեկատվական անվտանգության հայ մասնագետներն արագորեն բացահայտեցին, որ իրականում տեղադրվել են 2013թ Ռուսաստանից ձեռք բերված տանկերի առաքման ընթացքում նկարահանված լուսանկարներ:
Վիրտուալ իրականության ստեղծման գործին հընթացս լծվել են նաեւ Ադրբեջանի ազգային հերոսները: ԱՀ ԶՈՒ 3-րդ ԲԿ հրամանատար , գեներալ-լեյտենանտ, Ադրբեջանի ազգային հերոս Ռովշան Աքպերովը զոհված զինծառայող Իսա Ալմազովի հարազատներին շքանշան հանձնելու ժամանակ ասել է. 
«Մարտական գործողությունների ընթացքում ոչնչացվել է 71 հայ զինվորական, իսկ 80-ը վիրավոր են»:
Ում-ում, բայց գեներալ-լեյտենանտի կոչումով բարձրաստիճան զինվորականին իրականությունը, անկասկած, հայտնի է: Բայց փաստերն իրեն անհրաժեշտ ձևով ներկայացնելու հատկությունը Աքպերովն ամենայն հավանականությամբ ձեռք է բերել դեռեւս Արցախյան պատերազմի տարիներին, երբ նա ադրբեջանական բանակի 777-րդ գումարտակում վաշտի, հետագայում՝ նույն գումարտակի հրամանատարն էր: Աքպերովի ,,սխրանքներն,, իսկապես զարմանահրաշ են: Իր իսկ վկայությամբ Շուշիի մարտը նա ,,բաց է թողել,, որովհետև…. քնած է եղել հրամանատարական ՈՒԱԶ-ում: Պատերազմի տարիներից է նաը Աքպերովի՝ վերադասին ներկայացրած այս չափազանց ուշագրավ զեկուցագիր:
«Հայկական ստորաբաժանումները, որոնց կազմում կային սեւամորթ վարձկաններ եւ անգլերեն ու արաբերեն խոսող օտարերկրացիներ, հարձակում են գործել մեր դիրքերի վրա: Համառ մարտերի ընթացքում ոչնչացրել ենք հակառակորդի կենդանի ուժի 70 տոկոսը, սակայն ստիպված ենք եղել նահանջել»:
Գլխովին ,,ոչնչացված,, հակառակորդից նահանջելու սովոր Աքպերովը կարծես թե անբացատրելի հակում ունի 70 թվի նկատմամբ: Ավելի քան քսան տարի հետո մարտական գործողությունները նկարագրելիս նա կրկին օգտագործում է թիվը, երկու դեպքում էլ բացահայտորեն ստելով առաջին դեպքում՝ վերադասին, մյուս դեպքում՝ իր զոհված զինվորի հարազատներին:
Միայն այս երկու փաստը թերևս բավական են ադրբեջանցի գեներալին բնութագրելու համար: Սակայն Աքպերովի կենսագրության մեջ կան հեաքրքրական այլ էջեր եւս: 
Աքպերովի հաջող ռազմական կարիերան եւ ծառայողական երկարակեցությունը բացատրվում է ոչ թե նրա մասնագիտական ունակություններով, այլ Ալիեւյների ընտանիքին մատուցած արժեքավոր ծառայությամբ:
1995թ. մարտին հենց Աքպիրովի հրամանատարությամբ գործող 777-րդ գունդն է մասնակցել ահաբեկիչ Ռովշան Ջավադովի ղեկավարած ոստիկանության հատուկ ջոկատի՝ տխրահռչկ ՕՄՕՆ-ի ապստամբության ճնշմանը: Այդ անձնական ծառայության համար Ռ. Աքպերովին ներվել է անգամ ծանր քրեական հանցագործությունը՝ սպանությունը: Արդեն գեներալ և ազգային հերոս դարձած Աքպերովը Կիեւի ռազմական ակադեմիայում ուսանելու տարիներին ռեստորանային հարբած վեճի ժամանակ դաշունահարել եւ սպանել է ադրբեջանցի բիզնեսմեն Էլչին Ալիեւին: Ուկրաինական արդարադատության պատժից խուսափել օգնել է նախագահ Հեյդար Ալիեւի միջնորդությունը: Աքպերովի մարդկային և մասնագիտական հատկանիշների նկարագրության տեսանկյունից բնութագրական է նաեւ հետեւյալ փաստը. նշանակվելով ԱՀ ԶՈՒ 3-րդ ԲԿ հրամանատար՝ Աքպերովը որոշակի քայլեր է ձեռնարկում կորպուսի աղետալի ցածր կարգապահությունը բարելավելու եւ ԱՀ ԶՈՒ ամենից արյունոտ միավորման համբավից ձերբազատվելու համար: Որոշ ժամանակ անց, տեսնելով իր ջանքերի անարդյունավետ լինելը, գեներալ-լեյտենանտի կոչումով Ադրբեջանի ազգային հերոսը իրեն նվիրում է հարբեցողության եւ վատահամբավ հաստատություններում օրնիբուն զվարճություններ որոնելուն:
Իրական Ադրբեջանում նախահարձակ ադրբեջանցի դիվերսանտները տասնյակներով ոչնչացվում են ՊԲ ստորաբաժանումների կողմից: Վիրտուալ Ադրբեջանում ԶԼՄ-ներն ու գեներալները զեկուցում են հայկական կողմի ծանր կորուստների մասին: Սակայն Ղարաբաղի լեռներից ադրբեջանական բնակավայրեր ուղարկվող տասնյակ զինվորական դագաղները միանգամայն իրական են, շոշափելի: Իրական է նաեւ ոչնչացված ասկյարների հարազատների վիշտն ու ցասումը՝ ուղղված իրենց արկածախնդիր իշխանություններին: Հերթական անգամ սեփական հանրության դժգոհությունը ադրբեջանական իշխանությունը փորձում է չեզոքացնել արտաքին վտանգի շահարկմամբ՝ ամեն գնով ստեղծելով լայնածավալ մարտական գործողությունների պատրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել