Վարագույրը իջնում է։ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները ինֆանտիլ տրտինգով ու հրճվանքով մեկնաբանողները չեն գիտակցում խնդրի խորքայնությունը։ Արևմուտքը ցանկանում է տնտեսապես մեկուսացնել Ռուսաստանին, որին հետևելու է ոչ թե Ռուսաստանի զղջումը, ինչպես սիրում են պատկերացնել մանկամիտ ամենագետները, այլ Ռուսաստանի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԿՈՒՍԱՑՈՒՄԸ։ Այլ կերպ ասած՝ ԵՐԿԱԹՅԱ ՎԱՐԱԳՈՒՅՐԸ։ Ռուսական քաղաքական իշխանությունը, փողի քչանալուն զուգահեռ, այն կփոխարինի ներքին ռեպրեսիաներով։ Դա կարվի ինքնըստինքյան, սեփական դիրքը ամրապնդելու նպատակով, հայրենսիրական լոզունգներով, մի քանի օլիգարխի հրապարակային կուլակաթափությամբ, հայրենիքի դավաճանների փնտրտուքով… 
Ինչքան քչանա փողը, այնքան ռեպրեսիաների դոզան կբարձրանա։
Վարագույրը իջնում է, այն այս անգամ կրկին երկաթյա է և մանկապարտեզային քննարկումներից (Պուտի՞նն ա ուժեղ, թե Օբաման, իմ պապա՞ն ա ուժեղ, թե քո պապան) պետք է տեղափոխվել փորձագիտական հարթության քննարկումների։ 
Տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղի ունենում և օգտակար կլիներ, որ գոնե այս անգամ (չկրկնելով մեր ազգային պատմական սխալը) «պապաներին» կռվացնելու մանկապարտեզային մտածելակերպի փոխարեն, լրջորեն մտածեինք, թե վարագույրի ո՞ր կողմում Հայաստանի համար ավելի շահավետ կլինի՝ հիմա, տասը տարի անց, հիսուն տարի անց…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել