ՀՀ պաշտոնյաները մեկը մյուսի հետևից սկսել են քննարկել, քննադատել Ռուսաստանին՝ Ադրբեջանին զինելու քաղաքականությամբ պայմանավորված: Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանն Արգենտինայում ժողովրդի անունից մտահոգություն հայտնեց այդ կապակցությամբ, մյուսներն սկսեցին հետևել նրան և աջակցել իրենց նախագահին՝ նրան միայնակ չթողնելու և նրա կարծիքը խարիզմատիկ լեգիտիմությամբ օժտելու նպատակով: Սակայն, խարիզմատիկությանն ապավինելը շատ հաճախ ունի անորոշության հիմքեր, որն ավելի շատ ռեֆլեքսիվ, քան ռացիոնալ երևույթ է: Ինչևէ, Վազգեն Մանուկյանն օրերս անդրադարձավ այդ թեմային՝ քննադատելով զենք վաճառելու հանգամանքը, որը, ըստ նրա, դաշնակցային վերաբերմունք չէ, հիմա էլ՝ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Վերջինս նշել է, թե «տարածաշրջանը անընդհատ սպառազինել՝ նշանակում է որոշակիորեն բարդացնել նաև հակամարտությունների լուծումները: Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության համար ևս մեկ խնդիր է առաջանում՝ ապահովել հավասարակշռություն»: Փաստորեն, Երևանն աստիճանաբար փորձում է դիրքորոշում ապահովել և ներքին, և արտաքին սպառման համար: Արտաքին առումով այն ունի դրսևորման լատենտային մակարդակ, ըստ որի՝ ռուսական քաղաքականության նկատմամբ արտահայտած մտահոգությունը պետք է հասցնել Եվրամիություն, որպեսզի ցույց տրվի վերջինիս համար անհրաժեշտ դժգոհության որոշակի պաշար: Մյուս առումով, Մոսկվային փորձում են հասկացնել, որ այդպիսի քայլերի շարունակման դեպքում Հայաստանը քայլերը կուղղի դեպի Եվրոպա: Սակայն, իհարկե, այս հայտարարություններն ու մեսիջները կապված չեն Ադրբեջանին զինելու հետ, քանի որ այն ժամանակ դա նույնիսկ գնահատվում էր ընկալելի բիզնես գործարք, սա ավելի շատ օգտագործվող առիթ է՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի անորոշությանն ի պատասխան: Մյուս հետաքրքրական միտքն այն էր, որ հանձնաժողովի նախագահը Ադրբեջանի անդամակցումը համարում է Հայաստանի շահերին դեմ երևույթ: ՀՀ իշխանությունը մի փոքր պատասխան է տալիս Աստանայում կատարվածին, երբ Նազարբաևը հայտարարեց, որ չեն ուզում նեղացնել իրենց բարեկամ Ադրբեջանին: Այս ոչ կոշտ պատասխանով (նկատի է առնվում հայտարարություն անողի արտաքին քաղաքական ռանգը) հասկացվում է, որ ոչ թե Հայաստանն է Ադրբեջանի ցանկությամբ անդամակցում, այլ Ադրբեջանի անդամակցումը պետք է կախված լինի Հայաստանի հայեցողությունից: Գուցե սրանով փորձ է արվում վերջնագրային մոտեցում արմատավորել՝ «կամ ես, կամ նա» սկզբունքով: Այսինքն, «Աստանայի սինդրոմը» դեռևս առկա է, որի հաղթահարման համար մշակվում են պատասխաններ, բայց որոնք դեռևս հեռու են հստակ դիրքորոշումներից, իսկ քանի դեռ չկա դիրքորոշում, որևէ գործընթաց չի կարող սկիզբ առնել կամ, առավելևս, առկա գործընթացը չի կարող փոփոխվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել