Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում «ԻԿՕՄՕՍ. Հայաստան» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Գյուրջյանն իր անհամաձայնությունը հայտնեց, որ եկեղեցիների, պատմամշակութային այլ հուշարձանների մերձակա տարածքում ուտող-խմող հայերս փնթի ենք, կեղտոտում և հեռանում ենք, և դրա համար մեղավոր համարեց տարածքը «կառավարողներին»: Նա բերեց «Էրեբունի» արգելոցի օրինակը՝ ասելով.«Մի ժամանակ, երբ մամուլը մշտապես անդրադառնում էր Էրեբունի ամրոցի աղտոտվածությանը՝ սիգարետ, լուցկի, պլաստիկ շշեր, թափթփված ցելոֆանե տոպրակներ և այլ պարագաներ, և իսկապես էլ այդպես էր, մենք ի՞նչ արեցինք, ընդամենն ամբողջ տարածքում տեղադրեցինք 48 հատ աղբաման: Իսկ հիմա մի հատ լուցկու չոփ չեք կարող գտնել այնտեղ»:

-Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հուշարձանների տարածքների մաքրության պահպանության հարցով: Տեսնում ենք, թե ինչ անմաքուր վիճակում են գտնվում Սևանի, Գեղարդի վանքի և մնացած մի շարք այլ հուշարձանների ու եկեղեցիների մերձակա տարածքները, որտեղ զբոսաշրջիկները նստում, ուտում-խմում, աղբը թափում և հեռանում են:

-Սա ընդամենը կառավարման խնդիր է, որևէ բարդություն չկա: Դեմ եմ այն մոտեցմանը, երբ ասում են, թե մեր ժողովուրդը փնթի է, թափում է, կեղտոտում է: Այդպես չէ: Այդ նույն ժողովուրդը, երբ գնում է մի ուրիշ տեղ՝ ամեն ինչ անում է շատ ավելի կարգապահ, քան մի ուրիշ ազգի ներկայացուցիչ: Եվ կարծում եմ, որ մենք՝ կառավարողներս, ովքեր կառավարում են տվյալ ժառանգության տարածքը, թերանում ենք, ոչ մի քայլ չենք ուզում անել. չենք տեղադրում աղբարկղեր, համապատասխան ցուցանակներ, համապատասխան մոտեցումներ չենք ցուցաբերում, ալարում ենք անել, հետո էլ ասում ենք, թե փնթի են, բերում, թափում են:

Հասարակ մի օրինակ բերեմ. մի ժամանակ, երբ մամուլը մշտապես անդրադառնում էր Էրեբունի ամրոցի աղտոտվածությանը՝ սիգարետ, լուցկի, պլաստիկ շշեր, թափթփված ցելոֆանե տոպրակներ և այլ պարագաներ, և իսկապես էլ այդպես էր, մենք ի՞նչ արեցինք, ընդամենն ամբողջ տարածքում տեղադրեցինք 48 հատ աղբաման: Իսկ հիմա մի հատ լուցկու չոփ չեք կարող գտնել: Նո՛ւյն ժողովուրդն է, նո՛ւյն այցելուներն են: Մարդն ի՞նչ անի, եթե ծխելով գնում է, հսկայական տարածք է 3-4 հեկտար, ման է գալիս, ջուր է խմում, բնականաբար, ձեռքին չի պահում մնացորդները, մի տեղ գցում է: Կառավարողները պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերեն, ինչը նրանք չեն անում: Իհարկե, կարող են լինել 1-2 հոգի, ովքեր բարեխիղճ իրենց գործն են անում: 

Պետք է ճիշտ պայմաններ ստեղծել: Միաժամանակ, մենք չունենք համապատասխան վստահություն այն կառույցների նկատմամբ, որտեղ կարգավիճակ կա, տնօրեն ու հիմնարկություն կա: Բայց չէ՞ որ կան շատ կառույցներ, որտեղ տնօրեն չկա, օրինակ՝ Սմբատաբերդը, որը ևս համարվում է պետական սեփականություն: Բայց այնտեղ կա համայնք: Դրա համար անհրաժեշտ ու շատ կարևոր է համայնք-նախարարություն կապը: Եթե նախարարությունն ասում է՝ «սա իմն է, դու գործ չունես», համայնքն էլ ասում է, որ եթե գործ չունեմ՝ արի, դու տիրություն արա, մաքրություն ապահովի»: Իսկ երբ համայնքին ներգրավվում ես այդ գործի մեջ, համայնքը գիտի, որ դա իրենն է: Ամբողջ աշխարհում կան համայնքային ծառայություններ: Էլի եմ ասում՝ այս ամբողջը ոչ թե օրենքների փոփոխման, այլ ճիշտ կառավարման խնդիր է:

-Գուցե որոշ հուշարձանների հարակից տարածքներում պարզապես արգելվի՞ կերուխում կազմակերպելը:

-Երբ մի բան արգելում ես, այդ արգելված պտուղն սկսում է ավելի քաղցրանալ: Իսկ երբ ազատ ես թողնում և որոշակիորեն կարգավորում այդ ամենը, դա ավելի արդյունավետ է, քան արգելելը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել