Tert.am-ը գրում է.

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը վստահ է, որ դասական իմաստով երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու վտանգ չկա, չնայած «կեղծ» պատերազմն արդեն իսկ նկատելի է։ Արա Պապյանի գնահատմամբ՝ այսքանով հանդերձ Ադրբեջանը չի օգտվի այս զարգացումներից և պատերազմ հրահրի տարածաշրջանում ոչ միայն այն պատճառով, որ դա իր համար շահեկան չէ, այլ Արևմուտքը դա ուղղակի թույլ չի տա, ինչքան էլ դրանում ՌԴ-ն շահագրգռված լինի։ «Ալիևը լավ է հասկանում, որ այդ պարագայում ինքն իր հարաբերությունները պետք է վերջնականապես վատացնի Արևմուտքի հետ։ Ադրբեջանական քաղաքականությունն այսօր հայերի դեմ ռազմական պատերազմ սկսելը չէ, նրանց նպատակն է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որ Հայաստանում կեցության և գոյության անվստահություն լինի, ներդրումներ չլինեն և Հայաստանը կաթիլ առ կաթիլ արնաքամ կլինի։ Ադրբեջանական այդ ծրագիրը բավական լավ աշխատում է, ինչի՞ պետք է նա պատերազմի գնա»,- նշեց նա և կրկնեց Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական կամք և որպեսզի անհավասարակշիռ իրավիճակը հավասարակշռվի:


-Պարո՛ն Պապյան, ակնհայտ է, որ հատկապես վերջին օրերին կարծես աշխարհում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից՝ Ուկրաինա, Արևմուտք, Ռուսաստան, նաև Մերձավոր Արևելքի երկրներում է պատերազմը շարունակվում, սրանց զուգահեռ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն է սրվել։ Հնարավոր համարո՞ւմ եք նման զարգացումները երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ դառնան և դրան զուգահեռ արդյո՞ք Ադրբեջանը կարող է օգտվել նման խառը իրավիճակից և պատերազմական գործողությունների անցնել Հայաստանի և ԼՂՀ-ի դեմ։


-Չեմ կարծում, որ երրորդ համաշխարհային պատերազմ՝ դասական ըմբռնումով, լինի, այսինքն՝ երբ մեծաքանակ բանակներ իրար դեմ կանգնեն, կռվեն՝ օգտագործելով վերջին զինատեսակները, որովհետև իրավիճակն այդպիսին չէ, բայց այն, որ տեղի կունենան ռազմական ընդհարումներ և դա մեծ ուժերի բախման արտացոլումը կլինի, որը կոչվում է quasi-war՝ կեղծ պատերազմներ, երբ, ըստ էության, մեծ ուժերը չեն կռվում։ Օրինակ՝ Ուկրաինայում իրավիճակը դասական դրսևորում է, որովհետև, այսպես կոչված, աշխարհազորայիններն են, որոնք ներկայացնում են Ռուսաստանի շահերը և Ուկրաինայի իշխանություններն են, որոնք էլ ներկայացնում են Արևմուտքի շահերը։ Այդ բախումն իրենց միջև է, բայց, ըստ էության, դա արտացոլումն է Արևմուտք-Ռուսաստան ավելի մեծ բախման։ Այդ առումով դա կբերի որոշ հարաբերությունների սրման։


Դրան զուգահեռ ես չեմ կարծում, որ Ադրբեջանը կօգտվի այդ ամենից և կգնա պատերազմի։ Ճիշտ է վտանգը բավականին բարձրացել է, բայց միևնույնն է էլի չի գնա, որովհետև դրանով ինքը կվտանգի ոչ միայն սեփական շահերը, այլ նաև շատ ավելի մեծ տնտեսական, հատկապես՝ նավթային ընկերությունների շահերը, այդ թվում նաև կվտանգի Եվրոպայի՝ գազի և նավթի մատակարման այլընտրանքային ճանապարհը, հետևաբար, իրենց պարզապես թույլ չեն տա։ Թերևս կարող է Ռուսաստանը շահագրգռված լինի դրանով։


-Այսինքն՝ Դուք կարծում եք, որ ցանկացած դեպքում Արևմուտքի վերահսկողությունից իրավիճակը չի՞ կարող դուրս գալ, մասնավորապես Ադրբեջանի պարագայո՞ւմ։


- Չեմ կարծում, այդպիսին չի իրավիճակը, որ վերահսկողությունից դուրս գա, ի վերջո, այստեղ շահեր կան։ Ինձ թվում է ամեն ինչ լավ էլ վերահսկվում է, իմ կարծիքով ինչ էլ որ կատարվում է, այդպես պետք է տեղի ունենա և այդպես էլ տեղի է ունենում։ Արևմուտքը տվյալ դեպքում շահագրգռված չէ ռազմական բախումի, որովհետև ինքը վստահ և ուժեղ է զգում տնտեսական դաշտում , հետևաբար պահանջ չունի հակամարտությունը տեղափոխել ռազմական դաշտ։


-Բայց Դուք չբացառեցիք չէ՞, որ Ռուսաստանի շահագրգռվածությունը հնարավոր է լինի, քանի որ մեր տարածաշրջանում պատերազմ հրահրելով՝ նա կարող է Արևմուտքի խաղաքարտերը խառնել և Արևմուտքին զրկել նավթի այլընտրանքային ճանապարհից։ Գուցե վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունն այդ մասին է հուշում, որ դրանով Ռուսաստանը զգուշացնում է Արևմուտքին, թե ով է Կովկասում խաղի տերը։


-Ո՛չ, Ռուսաստանը չի կարող դա ցույց տալ, որովհետև Ռուսաստանը ո՛չ դրա տնտեսական կարողությունն ունի, ո՛չ նույնիսկ՝ ռազմական։ Ռուսաստանը հզոր է, որովհետև ունի ատոմային զենք, իսկ սովորական զինատեսակներով ինքը բավական խեղճացած է և Ղրիմի դեպքերը դա ցույց տվեցին, երբ Ռուսաստանը չկարողացավ անգամ կազմակերպել մի ափից մյուս ափ ափհանման ծրագիրը, քանի որ պարզապես դրա հնարավորությունը չուներ։ Նա չի կարող իրացնել, այլ բան, որ Ռուսաստանը շարունակի զենք վաճառել Ադրբեջանին և փորձի Ադրբեջանին հրահրել պատերազմի մեջ, որովհետև այդ առումով եթե հաջողվի, կստացվի խաղաղապահների միջոցով զորք տեղակայել և նոր միայն ինչպես ասում եք դառնալ վիճակի տերը։ Բայց Ալիևը լավ է հասկանում, որ այդ պարագայում ինքն իր հարաբերությունները պետք է վերջնականապես վատացնի Արևմուտքի հետ, և այս լարված իրավիճակում նա դրան չի գնա։ Իմ կարծիքով ադրբեջանական քաղաքականությունն այսօր ռազմական պատերազմի գնալը չէ հայերի դեմ, նրանց նպատակն է ստեղծել մի այնպիսի իրավիճակ, որ Հայաստանում կեցության և գոյության անվստահություն լինի, ներդրումներ չլինեն և Հայաստանը կաթիլ առ կաթիլ արնաքամ լինի։ Ադրբեջանական այդ ծրագիրը բավական լավ աշխատում է, ինչի՞ պետք է նա պատերազմի գնա, այսպես ասած, «նաղդ» աշխատող ծրագիրը թողած գնա ինչ-որ բանի հետևից, որը չգիտի ինչի կհանգեցնի։ Ադրբեջանը չի փոխի իր տակտիկան, Ադրբեջանին սա շատ ձեռնտու է և այսպես էլ կշարունակի։


-Այդ դեպքում մեր իշխանությունների քայլը ո՞րը պետք է լինի, եթե Ադրբեջանը նման տակտիկա է վարում, իսկ մենք հույսներս դրել ենք Մինսկի խմբի համանախագահների վրա, որոնք կարծես բացի կողմերին զսպվածության կոչ անելուց, այլ բան չեն առաջարկում։


-Մինսկի խումբը այստեղ կապ չունի, ենթադրենք Մինսկի խումբը վաղը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է, ի՞նչ է փոխվելու, ոչի՛նչ: Մեր իշխանությունը պետք է հզորացնի Հայաստանը: Մեր իշխանությունը պետք է անի այն, ինչ սահմանադրորեն իր գործառույթն ու պարտականությունն է: Մնացածը երկրորդական է: Իսկ հզորացման համար անհրաժեշտ է արդար կառավարում, իրական պայքար կոռուպցիայի դեմ, բիզնես մթնոլորտի բարելավում և այլն: Ի վերջո, պատերազմի առկայությունը և դրա վտանգը կարևոր չէ, եթե ներքինը ճիշտ ես կառավարում։ Չպետք է այս ամենը ԼՂ հակամարտության վրա բարդեն, բայց հարցը միայն դրանով չէ: Հետևաբար Մինսկի խումբը այստեղ կապ չունի: Ղարաբաղի վերաբերյալ որևէ հայտարարություն, ըստ էության, չի ազդում Հայաստանում կատարվող ներդրումներ կատարելու կամ չկատարելու վրա, դա այլ հարցերից է կախված և հենց սա պետք է բարելավվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել