«Օրինաց Երկիր» կուսակցության հոււլիսի 18-ի հանրահավաքում կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը կոչ արեց չլցվել չարությամբ և չզբաղվել կուսակցությունը վարկաբեկելու գործով: Փորձեմ հնարավորինս լինել կառուցողական և զուտ բարի նպատակներով անել մի քանի հարցադրումներ: Հարցադրումներս կլինեն միայն Բաղդասարյանի խոսքերի հետ կապված: Օրինակ՝ Արթուր Բաղդասարյանը շարունակում է շահարկել այն միտքը, որ կոալիցիայի մեջ չի հաջողվել իրականացնել բազմաթիվ ծրագրեր, դրա համար էլ հեռանում են: Այս մասին դեռ ասվում էր 3 ամիս առաջ, երբ ՕԵԿ-ը նոր էր դուրս եկել իշխանությունից: Կարծում էի, որ կուսակցության ղեկավարի կողմից այսօր ավելի համոզիչ ու լուրջ փաստարկներ կլինեն: Լավ, այդքան փորձառու մարդուն արդյո՞ք 6 տարի էր պետք, որպեսզի նա հասկանա, որ անհնար է իրականացնել բազմաթիվ համակարգային բարեփոխումներ: Ես գիտությունների դոկտոր չեմ, բայց անգամ 4,5 և նույնիսկ 6 տարի առաջվա խելքով հասկանում էի այդ պարզ ճշմարտությունը: Կարող են շատերը քննադատել Բաղդասարյանին, բայց համաձայնեք, որ նա ունի քաղաքական փորձ և «հոտառություն»,ծանոթ է ներիշխանական խոհանոցին ինձանից և շատերից լավ: Այդ դեպքում ինչու՞ հնչեցնել նման միամիտ արդարացում և ժողովրդին համոզել այդ ռոմանտիկ թեզի ճշմարտացիությանը: Բաղդասարյանը ասաց, որ 2008-ին հավաքել է 300.000 ձայն, որը շատ քիչ է տարբերվում Լևոն Տեր-Պետրոսյանի ձայներից, խոսեց նաև Տեր-Պետրոսյանի «ստվերը» լինել-չլինելու մասին: Նման «ամբիցիոզությունը» գուցե ողջունելի կլիներ, եթե չլինեն շատ հանգամանքներ: Նախկին ԱԽՔ-ը 100 անգամ հանգամանորեն բացատրել է նաև այն, թե ինչու չմիանալով Լևոն Տեր-Պերոսյանին, նախընտրեց Սերժ Սարգսյանին: Այդ բացատրությունները ինքնին հակասում են «ստվերի» մասին արդարացումներին: Փաստորեն, Բաղդասարյանի պես ինքնուրույն մարդը տարբերություն է դնում, թե ում «ստվերը» կարելի է լինել: Այո, 6 տարի շարունակ այդ ամբիցիոզ մարդը իր թիմակիցների հետ եղել է միայն ՀՀԿ-ի շողքի դերում, ՕԵԿ պատգամավորները կողմ են քվեարկել ՀՀԿ-ի բոլոր օրինագծերին, իսկ սեփականները չեն կարողացել անցկացնել: Եվ ահա 6 տարի անց նոր են հասկանում այդ իրողությունը: Ասվեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը խոստացել է իրեն չմիանալու դեպքում ոչնչացնել Բաղդասարյանին, ու, որ Տեր-Պետրոսյանի թիմակիցները վիրավորում էին ՕԵԿ ղեկավարին, բայց բոլորս հիշում ենք, որ նախընտրական և հետընտրական շրջանում Արթուր Բաղդասարյանը ինչեր էր ասում իշխանությունների կողմից իրեն հնչեցված սպառնալիքների մասին և այսօրվա հավաքին էլ կուսակցության առաջնորդը խոսեց իր քաղաքական ուժի հանդեպ կիրառված ճնշումների մասին: Ինչու՞ միավորվել քեզ ճնշած ուժի հետ և պատճառներից մեկը բերել այն, թե մյուս ուժը վիրավորում է: Ինչպե՞ս ես դու պատկերացնում ճնշողի դիրքից խոսողի կողմից համակարգային բարեփոխումներ: Դու խոսում ես կուսակցությունդ ոչնչացնել խոստացողի մասին և մոռանում, որ առաջին ես նպաստել այդ քայլին: Այս պարզ հարցերին ավելի լուրջ, համոզիչ պատասխանները միայն կարող են օգնել հավատի վերականգնմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել