Tert.am-ը գրում է.

Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը համոզված է, որ բոլոր ինտեգրացիոն ծրագրերին ՀՀ-ն պետք է վերաբերվի իր ինքնիշխանության դիրքերից։ Նախագահ Սարգսյանի փոխանցած մտահոգությունը, որ ՌԴ-ն Ադրբեջանին զենք է վաճառում, ըստ Չուգասզյանի՝ բավարար չէ և պետք է ձեռքերն ազատել։ Իսկ դրա համար, ըստ նրա, ռեալ հնարավորություններ կան. «Ո՞վ է մեզ խանգարում ընդարձակել մեր տնտեսական համագործակցությունն Իրանի հետ, այս պահին մենք Չինաստանի համար կարող ենք փոխաբերական իմաստով Հոնկոնգի դեր կատարել: Ինչո՞ւ չենք անում, որովհետև մեզ թույլ չեն տալիս: Մեզ ստիպում են, որ մեր բոլոր գործողություններում սահմանափակվենք։ Իսկ մենք էլ ընդունել ենք խաղի նման օրենքները»: Չուգասզյանը հուշում է, որ ուկրաինական դեպքերից հետո հստակ դարձավ, որ բոլոր միջազգային երաշխիքները «կոպեկ չարժեն, եթե տեղում չկա ուժ, որը կարող է ժողովրդի շահերն ապահովել»։

 

-Պարո՛ն Չուգասզյան, ինչո՞վ է պայմանավորված ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու ձգձգումը, ուրախ չե՞ն միության անդամները, թե՞ կան այլ գործոններ ևս։


-Նախ ես ուզում եմ ասել, որ աշխարհում, բացի արևմտյան և Եվրասիական տնտեսական միության ծրագրերից ,այլ մրցակցող խոշոր ինտեգրացիոն ծրագրեր նույնպես կան։ Կա չինական «Մեծ մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու ծրագիրը, կա կորեական ծրագիր, այս բոլոր ծրագրերը մեկը մյուսի հետ մրցակցող ծրագրեր են։ Եթե չենք ձևակերպել մեր շահերը և չկա մեր շահերն արտահայտող սուբյեկտը, մեզ համար այդ բոլոր ծրագրերը վերացական արժեք ունեն կամ էլ առհասարակ արժեք չունեն ։ Երբ կճշգրտենք մեր շահը և այնքան կամք կունենանք, որպեսզի պաշտպանենք այն, այդ ժամանակ էլ կարող ենք քննարկել, թե ինչպես գործակցել այս կամ այն ծրագրի հետ։ Իսկ ամենակարևորը մենք այդ ամեն ինչին պետք է վերաբերվենք մեր ինքնիշխանության դիրքերից։


-Այո՛, աշխարհում հազարումի ծրագրեր կան, բայց մեր ընտրությունը հստակ է այլևս, որոշ իմաստով անշրջելիորեն. Հայաստանը ցանկություն է հայտնել անդամակցել Մաքսային միությանը, կամ ԵՏՄ-ին։


- Ո՞վ է որոշել իմ և Ձեր փոխարեն, որ սա ցանկալի ծրագիր է, այն էլ անշրջելիորեն ցանկալի: Նման հարցը Հայաստանի անունից միայն ժողովուրդը կարող է որոշել: Դուք երբևէ լսե՞լ եք, որ այս հարցը քննարկվի որևէ քաղաքական մարմնում: Հանրային քննարկում անգամ չի անցկացվել, էլ չեմ ասում հանրաքվե, չնայած այս հարցը հենց հանրաքվեի հարց է: Ուրեմն ինչպե՞ս դարձավ այն անշրջելի որոշում։ Սա ճակատագրական որոշում է, իսկ նման ճակատագրական որոշումներ ժողովուրդն է կայացնում: Ուստի և ոչ ոք չի կարող պնդել, որ ներկայիս ընթացքը արտահայտում է մեր ցանկությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել