Ընկերներիցս մեկը մի հարց տվեց այսօր, որը կարծում եմ կհետաքրքրի նաև շատերին: Հարցը մորտավորապես հետևյալն է, թե արդյոք հնարավո՞ր է որ փողով հարուստ մարդը երջանիկ լինի այս կյանքում: 
Կարճ պատասխանը հավանաբար ԱՅՈ է, քանի որ Աստվածաշնչից օրինակներ ունենք, բայց այստեղ մի փոքր բացատրության կարիք կա: 
Երկու տեսակ փողով հարստություն կա:
Ա. Մարդ որ փողով հարուստ է, այդ հարստությունն իր նվաճումն է համարում (թեկուզ արդար քրիտինքով) ու իր հույսն այս կյանքում այդ հարստության վրա է: Նա հույս ունի որ այդ հարստությունն իրեն կտա ապահովություն դժվար կամ ծերության տարիներին:
Բ. Մարդ, որ փողով հարուստ է, բայց այդ հարստությունն իր համար ոչ մի արժեք չունի: Նրա համար կա մի այլ հարստություն՝ ճանաչել Աստուծո ՍԵՐՆ ու ապել այս սիրով, քանի որ դա է որ հավիտենական կյանք է ապահովում մարդու համար: Իսկ փողը՝ լինի կամ չլինի, միևնույնն է այս տեսակ մարդու համար: Նրա համար իսկական հարստությունը Հիսուս Քրիստոսին որպես իր փրկիչ ճանաչելն ու այդ սիրով ապրելն է: Այս տեսակի մարդը շատ լավ գիտակցում է, որ այդ հարստությունից մի դրամ անգամ չի կարող տանել իր հետ այս աշխարհից:
Աստվածաշնչում, Հին Կտակարանում մենք տեսնում էնք մի քանի լավ օրինակներ որոնցից ես կ՛նշեմ երկուսը: Աբրահամն ու Դավիթ թագավորը: 
Աբրահամը հարուստ մարդ էր, մեծ հարստություն ուներ, բայց մենք ոչ մի տեղ չենք կարդում, որ նա իր հույսը դրել էր իր «բիզնեսների» և ունեցվածքի վրա: Նա քայլում էր Աստուծ հետ իր կյանքում, անկեղծ հավատում և հնազանդ ապրում Աստծուն: Հստակ էր, որ իր հույսը իր տնտեսական հարստությունը չէր: 
Նույնպես էլ Դավիթ թագավորը: Մարդը Իսրայելի թագավոր էր, հարուստ մարդ: Կարդացեք իր Սաղմոսներն ու չպիտի գտնեք գեթ մի նախադասություն ու նա ասի թէ իր հարստությունն իր հույսն է: Այլ հակառակ, նա ասում է (22րդ Սաղմոսում) «Տէրն է իմ հովիվը և ես ոչ մի բանի կարոտություն չպիտի ունենամ»: «Եթէ նոյնիսկ անցնեմ մահուան ստուերների միջով, չեմ վախենայ չարից, քանզի դու, Տէ՛ր, ինձ հետ ես։ Քո ցուպն ու գաւազանն ինձ կը մխիթարեն»։ Իսկ 24րդ Սաղմոսում ասում է «Աստուա՛ծ իմ, քեզ վրայ դրի յոյսն իմ, թող ամօթով չմնամ, եւ թշնամիներս չծիծաղեն ինձ վրայ։ Բոլոր նրանք, ովքեր յոյսով սպասում են քեզ, ամօթով պիտի չմնան, այլ ամօթով պիտի մնան անօրէններն իրենց ունայնութեան մէջ»։ 
Ինչպես տեսնում էք Աբրահամի ու Դավթի պես հարուստները պատկանում են 2րդ տեսակի հարուստներին, որոնց համար իսկական հարստություն է Կյանքի Աղբյուրին ճանաչելը, Աստուծո հետ ապրելն ու այդ մասին խոսելը: Իսկ առաջին տեսակի հարուստները նման են Հիսուսի պատմած առակի հարուստին (Ղուկաս 12:16-21), որի բիզնեսներն ու «օբյեկտները» լավ եկամուտ էին ապահով ու նա դրանց վրա հույս դնելով սկսեց ճոխ-ճոխ պլաններ կազմել իր ապագայի համար: Իսկ Աստված նրան ասաց «Անմի՛տ, հէնց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»։ Նոյնպէս է նաեւ նա, ով իր անձի համար գանձ կը հաւաքի եւ Աստուծով չի հարստանայ»։ 
Ուրեմն մենք պետք է հարստանանք Աստուծով, Նրա հետ հարաբերությամբ, ձգտենք ճանաչել Նրա սերը, ավելի սիրենք Նրան, ավելի մոտենանք Նրան, ընկերանանք Նրա հետ ու զգանք մեզ Նրա ընտանիքի անդամներ, որովհետև նա մեզ թույլ տվեց իրեն ասելու «Հայր մեր...» դրանից բխող բոլոր դրական հետևանքներով ու Պապայի օրհնություներով:
Հիմա, մարդը լինի հարուստ թէ աղքատ, հարցն այն է թէ նա ինչն է համարում իսկական հարստություն՝ փո՞ղը, թե՞ Աստուծո հետ քայլելը: Աղքատ կա որ Աստծուն մոռացած ձգտում է փողով հարստության: Փողով հարուստ էլ կա որ իր հարստությունն իր հույսն ու ապավենն է, ինչ Աստված ինչ բան: Իսկ ռամիկ էլ կա իշխան դառնալ չի ուզում, այլ Աստծու հետ քայլել ու Նրան մոտենալ է փնտրում: Նրանով հարստանալ է փնտրում: Եվ փողով-հարուստ էլ կա, որի համար այդ տնտեսական հարստությունը ոչ մի արժեք չունի: Նա գիտի որ դա ժամանակավոր է ու ինքն իր կյանքն ապրում է Աստծո հետ, հավատարմությամբ, մարդկանց սիրելով, պատվիրանապահությանբ, համեստությամբ, աղոթքով ու բարի գործերով: 
Հետևաբար՝ փողի քանակը չէ որ ապահովում է երջանկությունը, այլ այն թե դու ինչ էս փնտրում քո կյանքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել