Հայաստանում ձևավորվում է քաղաքական անոմիա. քաղաքականության նորմատիվային, արժեքային հենքն ունի մեծ շեղում, մինչդեռ վաղուց ժամանակն է քաղաքական զարգացման անշրջելի գործընթացի համար: Հիմնականում քաղաքական ուժերն ընտրություններում ձայներ հավաքելու համար դիմում են ընդդիմություն դառնալու տեխնոլոգիային, որոշներն էլ՝ իշխանական և էլեկտորատային ռեսուրսներ ունենալու համար դիմում են իշխանությունից ընդդիմություն և հակառակը դերային փոփոխությունների: Սա ոչ թե ֆունկցիոնալ քաղաքականության դրսևորում է, ինչը բնական է ու նորմալ, այլ՝ սոցիալ-հոգեբանություն, որը վտանգավոր է, քանի որ ոչ իշխանություն լինելուց է կրում հստակ պատասխանատվություն, ոչ էլ ընդդիմություն լինելիս է որդեգրում հասկանալի դիրքորոշում, կամ էլ խնդիրներ է ունենում որպես ընդդիմություն ընկալվելու առումով՝ թե քաղաքական ուժերի, թե հանրության կողմից: Այս տեսանկյունից ՕԵԿ-ը որոշակի բարդություններ ունի, քանի որ պետք է իշխանությունից ընդդիմադիր դաշտ ճիշտ դիրքավորման խնդիր լուծի, առավել ևս, որ մինչ նրա՝ կոալիցիայից դուրս գալը, արդեն ձևավորվել էր պառլամենտական ընդդիմության կոնսոլիդացման հարթակ: Այս ընթացքում ՕԵԿ-ը հասկացավ, որ քառյակի մոտ ինքը դեռևս կասկածելի միավորում է և եթե շարունակի բախել դրա դուռը, կհայտնվի մարգինալացման վտանգի մեջ: Նման պայմաններում, կարելի է ասել, որ գոյություն ունի դիրքավորման հինգ հարթություն. առաջինը պառլամենտական ընդդիմության հետ միավորումն է, երկրորդը՝ արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունների հետ միավորումը, որը Հայաստանում գրեթե անօգուտ զբաղունք է, երրորդը՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ համագործակցելը, որը նույնպես բարդություններ ունի, քանի որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հաճախ փորձում են մնալ ապաքաղաքական տիրույթում, հատկապես՝ իշխանությունից նոր դուրս եկած կուսակցության նկատմամբ չունեն վստահություն, չորրորդ՝ միայնակ հասարակական խնդիրների մեջ ներքաշվելը, ընդ որում՝ դա պետք է լինի վճռական և համոզիչ, որպեսզի մարդիկ համոզվեն անկեղծության մեջ ու գնան այդ ուժի հետևից և, վերջապես, հինգերորդ՝ արտաքին քաղաքական ապավինում: ՕԵԿ-ը հիմա որդեգրել է վերջին երկու տարբերակները՝ վերցնելով, այսպես ասած, ամենասուր «արտաքին-սոցիալական» խնդիրներից մեկը՝ գազի սակագինը: Արթուր Բաղդասարյանը մի կողմից անընդունելի է համարում գազի գինը, որը հասնում է սպառողներին՝ այդպիսով լուծելով «հասարակական խնդիրների մեջ ներքաշվելու» հարցը, մյուս կողմից էլ, խոսելով ռուսական 189 դոլար սակագնի մասին, նշում է, որ դա լավ գին է՝ այստեղ էլ լուծելով «արտաքին քաղաքական ապավինման» հարցը: Նա հանրությանը հասկացնում է, որ պատրաստ է զբաղվել նրա համար ամենացավոտ խնդիրներով, իսկ Ռուսաստանին էլ հավաստիացնում, որ գազի սակագնի հետ կապված հանրային դժգոհությունները կփորձի իր միջոցներով ևս վերահասցեագրել այնպես, որ Ռուսաստանին հայ հանրությունը չմեղադրի այդ հարցում: Սակայն տվյալ դաշտում «Օրինաց երկիրը» դեռ պետք է կարողանա հասարակության շահերի ու պահանջմունքների արտահայտման վստահելի ինստիտուտի կերպար ձևավորել: Ինչ էլ ասեն ՕԵԿ-ականները, միևնույնն է, սա օբյեկտիվ գործընթաց է, մարդիկ պետք է ընտելանան դերային փոփոխությանը: Այստեղ պետք է նշել, որ եթե տեղի ունենար իշխանություն-ընդդիմություն դասական հերթափոխ ընտրությունների միջոցով, այլևս ընկալումների խնդիր օբյեկտիվորեն չէր լինի, սակայն կոալիցիա մուտքն ու ելքը տեղավորվում են ընկալումների այլ տիրույթում, օրինակ՝ ռեսուրսների տիրապետելու նպատակ, սեփական շահերի իրացման հնարավորություն և այլն: Ինչևէ, ՕԵԿ-ին սպասվում են բարդ քննություններ, որը պետք է զգուշությամբ կատարի, ապացուցի, որ հասարակության խնդիրները նաև իր խնդիրներն են և հատկապես չփորձի ավանգարդային կուսակցության դեր ստանձնել սոցիալական խնդիրներում՝ այլապես և քաղաքացիական սեկտորը, և խորհրդարանական ուժերը կարող են մղել նրան մարգինալացման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել