Մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, հարցազրույց տալով «Ասեկոսե» լրատվականին, Հայաստանի Եվրասիական միությանն անդամակցության հետ կապված հարցին ի պատասխան՝ նշել էր, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, և յուրաքանչյուր երկիր իրավունք ունի առանց ճնշումների որոշումներ կայացնել: Ինչն է հետաքրքիր, որ դեսպանը սկզբում խոսում է Հայաստանի ինքնիշխանության մասին, բայց հաջորդ իսկ մտքով նա կասկածի տակ է առնում այդ ինքնիշխանությունը, որովհետև ինքը միանշանակորեն գիտի, որ Հայաստանի վրա այդ հարցում ռուսական ճնշումներ եղել են: Բայց սա ոչ թե վրիպում էր, այլ դիվանագիտական հրաշալի հնարք: Նա և Հայաստանին, և նաև Ռուսաստանին հասկացնում է, որ ԱՄՆ-ի համար ճնշման լեզուն ընբռնելի չէ այս պարագայում, և իրենք, այսպես ասած, չեն լեգիտիմացնում ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը, քանի որ դա ճնշման արդյունք է: Այս կոնտեքստում էլ նույն Հեֆերնը ողջունեց Տիգրան Սարգսյանին ԱՄՆ-ում դեսպան նշանակելու որոշումը, որովհետև նախկին վարչապետը արևմտամետ ուղղության քաղաքականության կողմնակից էր, և ոչ միայն դրա համար: Տիգրան Սարգսյանը եղել է երկրի վարչապետ, ում դեսպան լինելը նաև «քաղաքական դիվանագիտություն» է: Այս առումով, առաջին հերթին, կարևոր է անձի կարգավիճակային գործոնը, երկրորդ՝ վարչապետը ոչ միայն շատ լավ տիրապետում է երկրի ներքին խնդիրներին, այլև հենց ինքն է մասնակից եղել ինստիտուցիոնալ շատ նախագծերի ներդրմանը, այսինքն՝ հայաստանյան հասարակության քաղաքական համակարգի որոշ ենթահամակարգեր գործում են Տիգրան Սարգսյանի հեղինակած մոդելներով, թեկուզ հիմնականում՝ ոչ լավ, բայց այս պարագայում դա կարևոր չէ, մյուս կարևոր հանգամանքն էլ, ինչպես նշվեց, նրա արտաքին քաղաքական կողմնորոշումն է: Այլ կերպ ասած՝ նախկին վարչապետը կարող է ԱՄՆ-ի համար դառնալ թիրախային-բացահայտման (այսինքն՝ թե որ «օջախներում» կարելի է Հայաստանի հետ աշխատանքներ տանել) լավ գործընկեր: Ահա, թե ինչու, ԱՄՆ դեսպանն այդքան դրական է արտահայտվել թե Տիգրան Սարգսյանի անձի, թե նրան դեսպան նշանակելու որոշման մասին: Սա նշանակում է, որ Վաշինգտոնը Երևանի հետ ծրագրում է բոլորովին այլ որակի հարաբերություններ զարգացնել: Հիմա դրա համար նպաստավոր որոշակի արտաքին քաղաքական իրավիճակ կա, որոնք անմիջականորեն ազդում են կամ ազդելու են Հայաստանի վրա: Որոնք են դրանք՝

1. ռեգիոնալ կոմունիկացիոն՝ Վրաստանի ասոցացում,

2. գործընթացային՝ ՀՀ-ի ԵԱՏՄ-ին անդամակցության ձգձգում,

3. ստրատեգիական կոմունիկացիոն՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների կառուցողականություն,

4. անվտանգություն՝ Թուրքիայի կողմից, հավանաբար Ցեղասպանությանն ընդառաջ, դիրքորոշման որոշակի մեղմացում: Այս բոլոր իրավիճակները ստեղծում են միասնական տարածաշրջանային ուրվապատկեր, որում էլ ամերիկացիները կփորձեն սեփական մշակումների դաշտը բացել: Թե որքանով այդ ծրագրերին կօգնի Տիգրան Սարգսյանը՝ կախված է մեր պետության որոշումներից՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման առումով, որովհետև չի բացառվում, որ հայկական ղեկավարությունն այդ նշանակումով կատարել է պրոֆիլակտիկ քայլ՝ Արևմուտքից եկող դժգոհությունները զսպելու դիվանագիտական ժեստի տեսքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել