Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Աստվածածնի մահվան և երկինք փոխադրվելու հիշատակը տոնում է «Վերափոխումն կամ ննջումն Ս. Կույսին» անվան տակ: Այս տոնը մեր եկեղեցու հինգ գլխավոր տաղավար տոներից չորրորդն է և կատարվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը / Այս տարի օգոստոսի 12-ին /:
Քրիստոս խաչի վրա Իր ծանր չարչարանքների մեջ անգամ չմոռացավ Իր մորը և առաքյալների խնամքին
հանձնեց նրան: Քրիստոսի համբարձումից հետո Ս. Կույսը շրջապատվեց ջերմ հոգածությամբ և 15 տարի ապրեց Երուսաղեմում: Ապա Սուրբ Մարիամը հանգիստ ու խաղաղ ննջեց: Առաքյալները և բարեպաշտ քրիստոնյաները հանդիսավոր թափորով Աստվածամոր մարմինն ամփոփեցին Գեթսեմանի պարտեզի լանջին: Թաղումից հետո երեք օր ու գիշեր գերեզմանի մոտ հրեշտակային երգեր էին լսվում: Թաղմանը չէր մասնակցում միայն Բարդուղիմեոս առաքյալը, որը բացակայում էր Երուսաղեմից: Իմանալով Աստվածամոր վախճանի մասին` նա շտապում է Երուսաղեմ և այցելում գերեզմանին, վերջին անգամ տեսնելու և իր որդիական սերն ու հարգանքը մատուցելու Տիրամորը: Սակայ, երբ աշակերտները գլորում են գերեզմանի քարը` Սուրբ Կույսի մարմինն այնտեղ չի լինում: Նրանք հասկանում են, որ Քրիստոս Իր մորը երկինք է փոխադրել: Ահա թե ինչու Սուրբ Կույսի երկրավոր կյանքի վախճանն անվանվում է «ննջում», որպեսզի հասկանալի դառնա նրա երկինք վերափոխվելը:
Սուրբ Կույս Աստվածածինը հայ քրիստոնյայի համար դարեր շարունակ եղել է գերագույն հարգանք վայելող բացառիկ անձնավորություն: Նրա կուսական մաքուր կյանքը, առաքինի վարքը և աստվածահաճո ընթացքը եղան այն գրավականը, որով նա առանձնացավ աշխարհի բոլոր կույսերից, ընտրվեց Աստծու կողմից և Աստվածամայր դարձավ: Ուստի, տոնի առաջին պատգամը մաքրակենցաղությամբ, սրբությամբ և բարոյական առողջ սկզբունքներով մեր կյանքն ապրելու պատգամն է:
Աստվածածնի տոնին քրիստոնեական եկեղեցին ոչ միայն ոգեկոչում է նրա հիշատակը, այլև մասնավոր կերպով ընդգծում Մարիամի մայրական կերպարը: Աստվածածինը հավատավոր, առաքինի, գթառատ մոր մարմնացումն է, ընտանեկան սրբության պահապանը, բարոյականության խտացումը, «սրբան մաքրության»: Մայր, որ ոչ թե լոկ զավակ է ծնում, այլ ապրում է իր զավակի համար: Աստվածամայրը տառապեց ամեն անգամ, երբ իր զավակը հալածվեց: Խաչելության ժամանակ անգամ իր որդու տառապանքը նա իր մեջ կրեց: Մոր կերպարն այսպես է ընկալվել հայ ժողովրդի կողմից և դրա համար էլ մեր ժողովուրդն իր գերագույն արժեքները մայր բառով է կոչել: Այսպես` իր եկեղեցին կոչել է Մայր եկեղեցի, իր լեզուն` Մայրենի լեզու, իր հայրենիքը` Մայր հայրենիք: Մայրությունն անփոխարինելի է և նա, ով հրաժարվում է մայրության գաղափարից` հրաժարվում է կին լինելու ճշմարիտ գաղափարից, բացի այն պարագայից, երբ իրեն ամբողջովին ընծայում է Աստծուն:
Բացահայտ է, որ մեր օրերում օրեցօր արժեզրկվում են ընտանեկան սրբությունները, ոտնակոխ արվում ընտանեկան ավանդույթները: Եվ որ ամենացավալին է, խամրում է հայ կնոջ, հայ մոր կերպարը, թեև քաջ գիտակցում ենք, որ մայրական զգացմունքն ու կոչումն են, որ բնութագրում են կնոջը, և առողջ ընտանիքն է հասարակության հիմնաքարը, ազգի գոյատևման նախապայմանը:
Այսօր, երբ մեր չորս կողմն այսքան մոլորեցնող գաղափարներ են շրջում, վերարժևորենք մայրության գեղեցկագույն կոչումը հայ ազգի մեջ: Ընտանիքի սրբությունն է ազգի առողջության գաղտնի ուժը, երեխաների առողջ դաստիարակությունը քրիստոնեական շնչով: Մեր մաղթանքն է, որ հայ մայրերը սուրբ պահեն իրենց ընտանիքները:
Աստվածածնի տոնին Հայ Եկեղեցում պահպանված գեղեցիկ ավանդության համաձայն, տեղի է ունենում խաղողի օրհնություն: Խաղողը Հայաստանում համարվում է դաշտերի ու այգիների ազնվագույն պտուղը, ինչպես Հիսուս Աստվածածնի օրհնյալ պտուղն է: «Օրհնյալ ես դու կանանց մեջ,և օրհնյալ է քո որովայնի պտուղը» (Ղուկաս 1:42):
Հայ ժողովուրդը միշտ էլ մեծ ցնծությամբ և խոր ակնածանքով է նշել Աստվածածնի տոնը, ուխտագնացություններ կազմակերպել այն սրբավայրերը, որոնք կոչվում են Աստվածածնի անունով: Հայ ուխտավորն իր աղոթքների մեջ դիմել է Աստվածածնի բարեխոսություններին, հայցել նրա օգնությունը, որպեսզի սուրբ մնան հայ ընտանիքը, հայ կինը և հայոց օջախը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել