Այսպիսի քաղաքական անորոշություն, որ համակել է մեր երկրին՝ կապված արտաքին քաղաքական ուղղության հետ, թերևս չէր եղել անկախությունից ի վեր: Սա հետևանք է առանց լուրջ արտաքին քաղաքական ռազմավարության, առանց գաղափարական, ծրագրային, սիտուատիվ ռեակցիայի հիման վրա կառուցված գործողությունների: Չկա ազգային անվտանգության և ազգային շահերի հստակ հիերարխիզացիա, այդ երկու կոնցեպցիաները համահունչ չեն, գտնվում են ավելի շատ պրպտումների, իլյուզիվ, ինտուիտիվ որոշումների, գերտերությունների խոստումների դիտարկման, քան սեփական ինքնուրույնության, իրավիճակի ճիշտ գնահատման, աշխարհաքաղաքական կոդերի ճիշտ պատկերացման և այլ քաղաքական ռացիոնալության մակարդակներում: Այլ կերպ ասած՝ Հայաստանը չունի պատկերացում և չի կարողանում մուտք գործել աշխարհաքաղաքական գործընթացների մեջ, դառնալ տարածաշրջանի մակարդակով սուբյեկտ: Գոնե այս մակարդակում դա լիովին հնարավոր է, եթե առկա են ազգային կամք ու տնտեսական հնարավորություններ: Ինչպես Բժեզինսկին է նշում, այդպիսի երկրներն են ի վիճակի փոխելու ուժերի բալանսը: Սակայն Հայաստանի իշխանությունը վաղուց նման կամք չի դրսևորում, իսկ արտաքին մոնոպոլիզացված տնտեսությունն էլ չի կարող ապահովել մրցունակություն և զարգացման համապատասխան դինամիկա, հետևաբար՝ ունենք այն, ինչ ունենք: Եվ ամենևին էլ պատահական չէ, որ մեր երկրին նույնիսկ ԵԱՏՄ-ի նման աուտսայդեր կազմակերպությունում չեն սպասում, երբ նման կառույցների, որոնք չունեն ստրատեգիական հստակություն և համախմբային կայունություն, կայացման քիչ թե շատ ընդունելի տարբերակը սումարային գործունեությունն է. որքան հնարավոր է շատ անդամների հավաքագրում՝ հույսով, որ քանակը կարող է որակի վերածվել: Այլ մրցակցային ներուժ պարզապես չկա: Բայց սկզբում Նազարբաևի ոչ դիվանագիտական արգելանքը, հիմա էլ Պուտինի դիվանագիտական խոստումը, թե Հայաստանը կանդամակցի մոտ ապագայում, վերջինիս, կարծես, զրկում են մուտքի արտոնագրից: Նույնիսկ այս պարագայում Երևանը չի փորձում հանդես գալ սեփական հայտարարությամբ, թեկուզ մեսիջային կոնտեքստով, չի փորձում բարձրացնել իր գինը, և սա տարօրինակ վարքագիծ է: Իսկ ԵԱՏՄ-ը Հայաստանին չի շտապում ընդունել մի քանի պատճառով՝

1. Ընդհանուր սահմանի բացակայություն, որը բավական լուրջ խոչընդոտներ է հարուցելու, հատկապես Վրաստանի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո.

2. Հայկական թույլ տնտեսությունը, փոքր շուկան.

3. Անդամների շահերի համընկումը Հայաստանի թշնամի Ադրբեջանի հետ և այլն:

Փաստորեն, Մոսկվային պետք էր ոչ թե ԵԱՏՄ անդամ Հայաստան, այլ ասոցացումից դուրս Հայաստան, որը կորցնելու էր ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման լավագույն հնարավորությունը և դառնալու իր հայեցողությունից ամբողջապես կախյալ երկիր: Հիմա Կրեմլը կարող է հայաստանյան իշխանության հետ հարաբերություններում ավելի գերիշխող դիրքերից հանդես գալ, քանի որ վերջինս արդեն կորցրեց բավական ուժեղ այլընտրանք: Ակնհայտ է դառնում նաև, որ անվտանգության խնդիրները ԵԱՏՄ-ի շուրջը ոչ թե լուծվում, այլ ավելի են խորանում, քանի որ վերջին շրջանում Ադրբեջանի ջանքերով ավելի են սաստկանում սահմանային միջադեպերը: Այսքանից հետո հայաստանյան ղեկավարությունը շարունակում է միամտաբար հավատալ ղազախա-ռուսական խոստումներին, թե անդամությանը տեխնիկական հարցերի հստակեցման փուլում է և շուտով այն տեղի կունենա: Սա հենց վերոնշյալ քաղաքական ռացիոնալության բացակայությունն է, երբ որոշում կայացնողները տրվում են այլ երկրների ղեկավարների խոստումներին կամ հավաստիացումներին: Չի բացառվում նաև, որ մերոնք էլ չեն հավատում անդամությանը, սակայն փորձում են լուծել ներքին սպառման խնդիրներ: Ի դեպ, ոչ ՌԴ-ը, ոչ էլ, առավել ևս ՀԱՊԿ-ն, երբևէ ցույց էլ չեն տվել, որ պատրաստ են լուծելու Հայաստանի անվտանգության խնդիրներ, որևէ անգամ որևէ լուրջ հայտարարություն չի եղել՝ Ադրբեջանի ակնհայտ ռազմական, ինֆորմացիոն և դիվանագիտական ագրեսիային: Այդքանից հետո, զարմանալի է, թե ինչպես էր տնտեսական կառույցը լուծելու այդ հարցը, երբ դրա համար կոչված կառույցը պահպանում է ակտիվ չեզոքություն, իսկ ավելի զարմանալի է, որ դրան հավատացողներ էլ կան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել