Դեռևս 1776 թ. հուլիսի 1-ին Վիրջինիայի օրենսդիր մարմնի կողմից ընդունվեց այսպես կոչված Վիրջինիայի իրավունքների հռչակագիրը, որը համարվում է առաջին հռչակագիրը ամերիկյան ժողովրդի պատմության մեջ: Այդ հռչակագիրն ընդգրկում էր գաղափարների մի ամբողջ շրջանակ, որոնք հիմնավորում են Անգլիայից առանձնացումը և ժողովրդավարական հանրապետության կազմավորումը: Այն խոսում էր կյանքի, ազատության և սեփականության պաշտպանության մասին: Հետագայում այդ փաստաթուղթը հիմք դարձավ ԱՄՆ Անկախության հռչակագրի ընդունման համար:

Ամերիկյան հեղափոխությունն աչքի ընկավ մի շարք առանձնահատկություններով, որոնցից մեկն էլ այն է, որ հետապնդում էր ազգային-ազատագրական նպատակներ: Այդ հեղափոխությունը սկզբնապես սկսվել է խաղաղ, իսկ այնուհետև վերածվել բրիտանական գաղութային ճնշման դեմ զինված պայքարի: Եվ հենց այդպիսի պայմաններում հյուսիսամերիկյան 13 բրիտանական գաղութներ անկախություն հռչակեցին Մեծ Բրիտանիայից, և 1776 թ. հուլիսի 4-ին Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում Երկրորդ մայրցամաքային կոնգրեսի կողմից միաձայն ընդունվեց ԱՄՆ-ի Անկախության հռչակագիրը, որը սկիզբ դրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծմանը և ամերիկյան ժողովրդավարության ու սահմանադրականության ձևավորմանը:

Հռչակագրի նախագծի կազմման համար Կոնգրեսը հիմնել է կոմիտե, որի կազմի մեջ էին Թոմաս Ջեֆերսոնը (Վիրջինիա), Ջոն Ադամսը (Մասսաչուսեթս), Բենջամին Ֆրանկլինը (Փենսիլվանիա), Ռոջեր Շերմանը (Կոննեկտիկուտ), Ռոբերտ Լիվինգստոնը (Նյու Յորք): Այսինքն` դա բավականին ներկայացուցչական մարմին էր նման կարևոր փաստաթղթի ստեղծման համար: Իսկ Հռչակագրի վերջնական տարբերակի հեղինակը դարձավ ամենաերիտասարդ կոնգրեսմեն, 33-ամյա Թոմաս Ջեֆերսոնը (հետագայում ԱՄՆ-ի երրորդ նախագահը), ֆրանսիական լուսավորիչների աշակերտն ու հետևորդը: Նա 17 օր (հունիսի 11-28-ը) աշխատել է տեքստի վրա` չդիմելով ո՛չ կոմիտեի անդամների, ո՛չ էլ գիտական աշխատությունների օգնությանը:

Տվյալ սահմանադրական փաստաթղթում հայտարարվել է մայր երկրից կախվածության վերջնական վերացման և անկախ պետությունների (նահանգների) հյուսիսամերիկյան միության կազմավորման մասին: Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմնվեցին ժողովրդական ինքնիշխանության, ժողովրդավարության և հանրապետականության սկզբունքների վրա: Դրանով իսկ կարելի է փաստել, որ 1776 թ. հուլիսի 4-ի Անկախության հռչակագիրը սկիզբ դրեց ամերիկյան պետականությանը: Հռչակագիրը դարձավ առաջին պաշտոնական փաստաթուղթը, որում գաղութներն անվանվեցին «Ամերիկայի Միացյալ Նահանգներ»: Դարի այդ կարևորագույն փաստաթղթում իրենց արտացոլումն են գտել նաև ամերիկյան հեղափոխության տաղանդավոր գործիչների` Ջ. Վաշինգտոնի, Ջ. Ադամսի, Բ. Ֆրանկլինի, Թ. Փեյնի իրավաքաղաքական և ժողովրդավարական գաղափարները:

Այս փաստաթուղթն իր ժամանակին ունեցել է հեղափոխական նշանակություն: Նախկին անգլիական գաղութները «ազատ և անկախ նահանգներ» հռչակելն Անկախության հռչակագրով նշանակում էր Հյուսիսային Ամերիկայի ատլանտյան ափերին 13 անկախ ինքնիշխան պետությունների ստեղծում: Չնայած հռչակագիրը բովանդակում է «Ամերիկայի Միացյալ Նահանգներ» բառերը, սակայն դա չէր նշանակում, որ ստեղծվել է ԱՄՆ` որպես այդ բառի ժամանակակից իմաստով դաշնային պետություն:

Ստեղծելով ծավալով համեմատաբար ոչ մեծ փաստաթուղթ` Ջեֆերսոնը հիմնվել է ինչպես ամերիկյան և եվրոպական լուսավորիչների, այնպես էլ անգլիական գաղութների բնակչության հեղափոխական փորձի վրա: Հռչակագրում օգտագործվել են նաև հասկացություններ մարդու բնական իրավունքների մասին, որոնք գործածական էին XVIII դարի լուսավորիչների աշխատություններում: Սակայն ոչ բոլոր ժողովրդավարական գաղափարներն է հաջողվել կյանքի կոչել: Ամերիկացի մարքսիստ Հ. Ապտեկերի բնութագրմամբ` «հռչակագրի քաղաքական տեսությունը խիստ արտահայտված ժողովրդավարական և հեղափոխական բնույթ ունի»:

Ջեֆերսոնի նախագիծը` Ջ. Ադամսի և Բ. Ֆրանկլինի աննշան խմբագրական փոփոխություններով, ներկայացվեց հունիսի 28-ին որպես «Գլխավոր կոնգրեսում հավաքված Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հռչակագիր»: Հռչակագրի նախագծի քննարկումն սկսվել է հուլիսի առաջին օրերին և տևել 3 օր: Քննարկումների ընթացքում մտցվեցին փոփոխություններ, մասնավորապես` հանվեց այն բաժինը, որը դատապարտում էր ստրկությունն ու ստրկավաճառությունը: Այն վերացվեց հօգուտ Հարավային Կարոլինայի և Ջորջիայի, որոնք երբեք չեն սահմանափակել ստրուկների ներմուծումը, ընդհակառակը` մտադիր էին շարունակել ստրկավաճառությունը: Հռչակագիրը հաստատվեց հուլիսի 2-ին: Ազգային բուրժուազիան հետաքրքրված էր հեղափոխական վերափոխումներով, որպեսզի իր ճանապարհից ջնջի այն արգելապատնեշները, որոնք խանգարում էին նրա իշխանության ձգտմանը: Այս կապակցությամբ հատկանշական է Անկախության հռչակագիրն ստորագրած պատգամավորների կազմը: Հուլիսի 4-ի երեկոյան հռչակագիրն ստորագրվել է Կոնգրեսի նախագահ Ջոն Հենքոքի և քարտուղար Չարլզ Թոմսոնի կողմից, 56 ստորագրություններից 28-ը փաստաբաններինն էին, 13-ը` վաճառականներինը, 8-ը` ագարակատերերինը, 7-ը` տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներինը: Հարկ է նշել, որ Նյու Յորքի պատվիրակությունը քվեարկությանը չի մասնակցել անհրաժեշտ լիազորությունների բացակայության պատճառով և միացել է ընդհանուր կարծիքին միայն հուլիսի 15-ին:

Անկախության հռչակումից հետո յուրաքանչյուր գաղութ դարձավ ինքնուրույն պետություն (նահանգ): 1776-1780 թթ. դրանք, բացի Ռոդ Այլենդից և Կոննեկտիկուտից, ընդունել են իրենց գրավոր սահմանադրությունները, որոնք կառուցվել են հասարակական պայմանագրի, ժողովրդական ինքնիշխանության և բնական իրավունքի տեսության հիման վրա:

Անկախության հռչակագիրը բաղկացած է նախաբանից, 4 մասից, «ակնհայտ ճշմարտությունների» թվարկումից, անգլիական թագավորի չարագործությունների ցանկից և եզրափակիչ մասից, որում ասված է, որ «միացյալ գաղութները համարվում են և ըստ իրավունքի պետք է լինեն ազատ և անկախ պետություններ»:

ԱՄՆ-ի Անկախության հռչակագիրը պայմանականորեն կարելի է բաժանել 2 մասի: Առաջին մասը բովանդակում է գաղութաբնակների առանձին և ինքնուրույն ապրելու իրավունքի փիլիսոփայա-իրավական հիմնավորումը, իսկ երկրորդ մասը` գործնական փաստարկներ հօգուտ ժողովրդի` կառավարման ձև ընտրելու իրավունքի անհրաժեշտության և արդարացման, որը լավագույնս կապահովի նրա անվտանգությունն ու երջանկությունը:

Հռչակագրում բերվել են հետևյալ փաստարկները հօգուտ կառավարման ձևի փոփոխման.

ակնհայտ ճշմարտություն է, որ բոլոր մարդիկ ստեղծված են հավասար և Արարչից օժտված են բնածին և անօտարելի իրավունքներով, որոնց շարքն է դասվում կյանքի, ազատության և երջանկության ձգտելու իրավունքը,
այդ իրավունքների պահպանության համար մարդիկ ստեղծում են կառավարություններ, որոնք օժտված են արդարացի իշխանությամբ,
եթե կառավարական իշխանության որևէ կազմակերպություն խախտում է այդ սկզբունքները, ապա ժողովուրդն իրավունք ունի «փոխելու կամ վերացնելու» այդպիսի կառավարումը և սահմանելու այդպիսի սկզբունքների և կառավարման այդպիսի ձևի վրա հիմնված կառավարություն, որոնք, ժողովրդի կարծիքով, կարող են լավագույնս ապահովել անվտանգությունն ու բարօրությունը:

Այստեղ հարկ է նկատել մի առանձնահատկություն. Ջեֆերսոնն Անկախության հռչակագրում չի ներառել սեփականությունը որպես բնական իրավունք, նա խորհուրդ է տվել Լաֆայետին այդ իրավունքը չներառել նաև 1789 թ. Մարդու և քաղաքացու իրավունքների ֆրանսիական հռչակագրում:

Հետաքրքրական է նաև հռչակագրի 2-րդ մասը, որն սկսվում է հանդիսավոր. «Մենք ակնհայտ ենք համարում հետևյալ ճշմարտությունները. բոլոր մարդիկ ստեղծված են հավասար և Արարչից օժտված են բնածին և անօտարելի իրավունքներով, որոնց շարքն են դասվում կյանքի, ազատության և երջանկության ձգտելու իրավունքը»:

Ամենից առաջ հարկ է ասել, որ հավասարության սկզբունքը տարածվում էր բնավ ոչ բոլոր մարդկանց վրա, այլ միայն` սպիտակ տղամարդ սեփականատերերի: Բոլոր ստրուկներն իրենց դրությամբ եղել են ոչ թե քաղաքացիական իրավունքի սուբյեկտներ, այլ քաղաքացիական իրավահարաբերությունների` առուվաճառքի, փոխանակության օբյեկտներ: Հավասարության սկզբունքը չի տարածվել նաև Ամերիկայի բնիկ ժողովրդի` հնդկացիների վրա, որոնք, չնայած ստրուկներ չեն եղել, բացառված էին քաղաքական հանրույթից: Կանայք օժտված չէին քաղաքական իրավունակությամբ, իսկ քաղաքացիական իրավունակությունը խիստ սահմանափակ էր: Անկախության հռչակագրով հռչակված հավասարության սկզբունքը չէր տարածվում նաև չունևորների վրա:

Գնահատելով Հռչակագրի պատմական նշանակությունը` Հ. Ապտեկերը հատուկ ընդգծել է «երջանկության ձգտելու» մասին դրույթի կարևորությունը: Ըստ նրա` հենց երջանկության ձգտելու իրավունքի գաղափարն է Անկախության հռչակագրի հեղափոխական դոկտրինայի սրբության սրբոցը. հենց այս գաղափարն է հռչակագիրը դարձնում խորիմաստ և հուզիչ բոլոր ժամանակների համար: Կարևորագույն նշանակություն ուներ նաև Անկախության հռչակագրի դրույթն այն մասին, որ ժողովուրդը ոչ միայն իրավունք ունի տապալելու անցանկալի կառավարությունը, այլև որոշակի հանգամանքների դեպքում պարտավոր է դա անել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել