Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն օրերս հայտարարեց, որ երկրի արևելքում ընթացող «հակաահաբեկչական» ռազմագործողությանն ընդգրկված ուկրաինական ստորաբաժանումներն այլևս որևէ կերպ սահմանափակված չեն հրադադարի մասին նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու անհրաժեշտությամբ: Նախագահի հայտարարությունից հետո Ուկրաինայի ապստամբած արևելքում հակամարտությունը բորբոքվեց նոր թափով: Ռազմագործողության գոտում երևացին 9Կ57 «Ուրագան» ռեակտիվ հրթիռային համալիրներ և Սու-24 ռմբակոծիչներ: Ռուսական հեռուստաալիքները սկսեցին ցուցադրել հիմնիվեր ավերված տների պատկերներ ու զոհված խաղաղ բնակիչների արնաշաղախ դիակները:
Սակայն թեժացող հակամարտության տարբեր կողմերին աջակցող ՌԴ և ԱՄՆ ղեկավարների վերջին հայտարարությունների ու գործողությունների վերլուծությունը հուշում է, որ նրանք կարծես թե ձեռք են բերել որոշակի պայմանավորվածություններ: ՌԴ նախագահ Վ. Պուտինը Դաշնային Խորհրդին էր ներկայացրել Ուկրաինայում անհրաժեշտության դեպքում ռուսական զինուժի կիրառումն արտոնող որոշումը հետ կանչելու առաջարկ: Բացի այդ Ռուսաստանը խստացրել է վերահսկողությոնը Ուկրաինայի ապստամբած շրջանների հետ իր սահմանի նկատմամբ, ինչպես նաև ռուսական անցակետերում թույլատրել է ծառայություն իրականացնել ուկրաինացի սահմանապահներին: ԱՄՆ իր հերթին սկսել է խոսել Ռուսաստանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների նկատմամբ եվրոպացի գործընկերների ունեցած էական վերապահումներին ըմբռնումով մոտենալու մասին, իսկ Ղրիմի թեման կարծես թե բոլորովին դուրս է եկել օրակարգից: Թվում է, թե Ղրիմը այն գինն է, որ Ուկրաինան ներքուստ պատրաստ է վճարել իր եվրոպական ասոցացման և ռուսական ազդեցության գոտուց դուրս գալու համար, իսկ Ռուսաստանը Ղրիմի դիմաց կարծես թե հատուցում է Ուկրաինայի կորստով:
Ուկրաինական հակամարտությունը հետաքրքրություն է ներկայացնում նաև արցախյան հակամարտության հետ հնարավոր աղերսների տեսանկյունից, հակամարտության վերլուծությունը հնարավորություն է տալիս կատարել մեզ առնչվող որոշակի եզրահանգումներ: 
1. Եվրոպական պետությունը իր արյունակից և հավատակից քաղաքացիների բողոքը ճնշելու համար կիրառում է ԶՈՒ բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ ծանր փողային և ռեակտիվ հրետանի ու ռազմաճակատային ավիացիա՝ ռմբահարելով ապստամբած շրջանների բնակավայրերն ու տնտեսական ենթակառուցվածքը, ինչը խրախուսվում է իրենց ժողովրդավարական արժեքների տարածման ու մարդու իրավունքների պահպանման երաշխավոր հռչակած պետությունների կողմից: Այսինքն՝ ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից մարտական գործողությունների վերսկսման համար անհրաժեշտ ռազմական (ռազմական հավասարակշռության էական փոփոխություն հօգուտ Ադրբեջանի) և արտաքին-քաղաքական ( գերտերությունների համաձայնություն ) նպաստավոր գործոնների առկայության դեպքում այդ հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը իր տնօրինած բոլոր ռազմատեխնիկական միջոցները ուղղելու է ոչ այնքան հայկական բանակի ստորաբաժանումների, այլև ԼՂՀ ողջ ազգաբնակչության դեմ՝ փորձելով հայաթափել Արցախը:
2. ՄԱԿ-ի դերը գրեթե հավասարվել է զրոյի: ՄԱԿ-ի բանաձևերը փաստացիորեն ունեն միայն խորհրդատվական կամ նույնիսկ խորհրդանշական արժեք: Այսինքն՝ արցախյան հակամարտության ակտիվ մարտական գործողությունների փուլի վերսկսման դեպքում հակամարտության կողմերը համարձակորեն կարող են անտեսել միջազգային հանրության արձագանքը: Տարբեր կառույցների ընդունած բանաձևերը, հայտարարությունները, որոշումները, եթե ամրապնդված չեն դրանք կյանքի կոչելու հարցում կենսականորեն շահագրգռված գերտերությունների ռազմական ուժով, հակամարտության ընթացքի վրա չեն կարող ունենալ որևէ ազդեցություն:
3. Հակամարտող կողմերի հաստիքապաշտոնային կազմում տեղեկատվական ստորաբաժանումների ստեղծումը, լրագրողների դեմ ընթացող իսկական որսը հուշում են, որ ինչպես 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի բոլոր հակամարտություններում, այնպես էլ ուկրաինական հակամարտությունում կողմերի միջև լուրջ պայքար է ընթանում տեղեկատվական գերիշխանության համար: Ուկրաինական կողմը փորձում է հասնել տարածաշրջանի տեղեկատվական մեկուսացմանը՝ հետապնդելով հետևյալ նպատակները:
ա) ցույց տալ աշխարհին, որ ուկրաինական բանակը գործում է ոչ թե Դոնբասի բնակչության, այլ ՌԴ կողմից հովանավորվող «անջատողական-ահաբեկչական խմբավորումների» դեմ
բ) ստեղծել տպավորություն, որ ուկրաինական բանակը հարվածում է բացառապես նախօրոք հետախուզված ռազմական թիրախներին:
գ) համոզել, որ խաղաղ բնակչության դեմ պատերազմական հանցագործություններ կատարում են «անջատողական-ահաբեկչական խմբավորումները»
դ) ձևավորել կարծիք, որ «անջատողական-ահաբեկչական խմբավորումները» զինվում, ֆինանսավորվում և ուղորդվում են Ռուսաստանի կողմից

Այդ քարոզչական թեզերին արժանահավատություն հաղորդելու նպատակով ըստ ռուսական մամուլի ուկրաինական կողմը դիմում է հատուկ տեղեկատվական-հոգեբանական գործողությունների՝ տարբեր ուժային կառույցների զգալի միջոցների ներգրավմամբ:
Ակնհայտ է, որ Արցախում պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում, տեղանունների և հակամարտող կողմերի անվանումների փոփոխություն կատարելով, վերոհիշյալ քարոզչական թեզերը փորձելու է կիրառել նաև Ադրբեջանը՝ ձգտելով քողարկել իր հայատյաց գաղափարախոսությունից անխուսափելիորեն բխող պատերազմական հանցագործությունները:
Ուկրաինական հակամարտությունը հերթական անգամ ապացուցում է, որ խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման դեպքում նշանակություն են ստանում բացառապես սեփական շահերն ու ռազմական նպատակահարմարությունը: Այս համատեքստում բացարձակապես ակհայտ է, որ ինչպես և նախկինում, այնպես էլ հիմա հայ ժողովրդի ազգային անվտանգության գլխավոր երաշխավորը մարտունակ, իր առջև դրված խնդիրները կատարելու ունակ հայոց բանակն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել