Հայ ժողովրդի պատմական դժվարին ճակատագրի հետևանքով դեռևս միջնադարում սկսած արտագաղթը առավել մեծ չափերով շարունակվեց ուշ միջնադարում, երբ Հայաստանը հայտնվում էր օտար նվաճողների ծանր տիրապետության տակ: Հանգրվանելով տարբեր երկրներում՝ նրանք համալրել են մինչ օրերս գոյություն ունեցող գաղթավայրերը: Լինելով շինարար ու ձեռներեց և հարմարվելով տեղի պայմաններին ու ձեռք բերելով որոշ արտոնություններ՝ նրանք ստեղծել են արհեստային արտադրությունը, զարգացրել ու պահպանել հայկական ավանդույթներն ու մշակույթը, ծավալել են շինարարական գործունեություն և օտար ափերում գոյատևելու հնարավորություն են ստեղծել իրենց համար:
Կտրվելով մայր հողից՝ հայ ժողովրդի այդ հատվածը հարկադրված է եղել քաղաքաշինական իր հարուստ ավանդույթները շարունակել և ճարտարապետական հանճարը դրսևորել Հայաստանից դուրս:
Այդպես են կառուցապատվել Նոր Ջուղա, Նոր Նախիջևան, Գրիգորիոպոլ և Արմավիր քաղաքները, գյուղական բազմաթիվ բնակավայրեր, Մոսկվայում, Պետերբուրգում, Կրասնոդարում, Աստրախանում, Ստավրապոլում, Լվովում և այլուր հիմնել են հայկական փողոցներ ու եկեղեցիներ, առևտրահասարակական բազմաթիվ կենտրոններ, առևտրական շենքեր ու այլ բազմաբնույթ կառույցներ:
Ռուսաստանի հայկական գաղթավայրերի շինարարական գործունեությանը նվիրված աշխատությունները արժեքավոր տեղեկություններ են պարունակում հայերի ծավալած քաղաքաշինական աշխատանքների, կառուցած տարաբնույթ շենքերի մասին: Արտագաղթած հայերը նույն ջանքերն են գործադրել Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Լիբանանում, Եգիպտոսում, Կիպրոսում, ինչպես նար Իրանում (Պարսկաստան), Հնդկաստանում, եվրոպական երկրներում՝ Բուլղարիայում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Ռումինիայում, Իտալիայում և այլուր:
Տարագիր հայերի շինարարական գործունեության պատմության կարևոր էջեր են կազմում Նոր Ջուղայի, Նոր Նախիջևանի և Գրիգորիոպոլի հիմնադրումն ու կառուցապատումը: Իրականացնելով հայրենիքից դուրս, տարբեր պայմաններում՝ բնական է, որ դրանցում պետք է արտահայտություն գտնեին նաև տեղական քաղաքաշինական սկզբունքներն ու ճարտարապետական ոճերը:
Նոր Ջուղան հիմնվել է 1605 թվականին, երբ Աբաս Ա շահի հրամանով հայերը տեղափոխվելով Պարսկաստան, բնակություն հաստատեցին Սպահանի նահանգում, իսկ մի մասը հանգրվանեցին նոր հիմնադրված բնակավայրում, որը ժառանգելով հին բնակավայրի անունը, կոչվեց Նոր Ջուղա:
Նոր Նախիջևանի Հիմնադրման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1781 թվականի ապրիլի 2-ին, որի ժամանակ արքեպիսկոպոս Հովսեփ Արղությանը կարդում է Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կոնդակը, օծում բնակավայրի հողն ու ջուրը, քաղաքի չորս անկյուններում դրվելիք հիմնաքարերը: Նորահաստատ քաղաքը ստանում է իր տարբերանշանը, որը խորհրդանշելով հայերի աշխատասիրությունը, պատկերում է մեղուներ և փեթակ:
Գրիգորիոպոլի հիմնադրումը տեղի է ունեցել 1787-1791 թվականներին` ռուս-թուրքական պատերազմից հետո:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել