Նման բաների մասին, ավաղ, քիչ է խոսվում, որովհետև մարդու թշնամին արագ հանում է նման դեպքերի մասին պատմությունները մարդու հիշողությունից: Մինչդեռ, այսպիսի իրական պատմություններն ինչքա՜ն դաստիարակչական իմաստ ու քաջալերանք ունեն:

Անցյալ տարի՝ դեկտեմբերի 2-ին, Բասկ մարզիկ Իվան Ֆերնանդես Անիան վազքի առաջնության էր մասնակցում Նավարրայում: Նա 2-րդն էր: Իսկ առաջին տեղում վստահաբար հաղթում էր Աբել Մուտաին, որը Լոնդոնի Օլիմպիական խաղերի 3000 մետր մրցավազքի բրոնզե մեդալակիրն էր: Հենց որ նրանք մտան վերջին շրջանը, Ֆերնանդեսը տեսավ, որ քենիացի մարզիկը կանգ առավ վերջնագծից մոտ 10 մետր առաջ, ով սխալմամբ կարծել էր, թե արդեն հատել է վերջնագիծը: 

Ֆերնանդեսն արագ հասավ Մուտայիին ու, նրա սխալը շահագործելու փոխարեն (նա կարող էր արագ անցնել ու վերցնել անհավանական հաղթանակը), մնաց ետևում, նշաններով հասկացրեց քենիացուն, որ վերջինս դեռ չի հատել վերջնագիծն ու մնաց նրա ետևում, առաջնորդեց քենիացուն միչև վերջնագիծ ու թողեց, որ քենիացին առաջինը հատի վերջնագիծն ու հաղթի:

Ֆերնանդեսը 24 տարեկան Բասկ վազորդ է և համարվում է խոստումնալից ապագա ունեցող մարզիկ: Երկու տարի առաջ նա 5000 մետր հեռավորությունում Իսպանիայի չեմպիոն էր դարձել:

«Եթե ինձ ասեին, որ հաղթանակն ինձ Իսպանիայի հավաքականում տեղ կապահովեր Եվրոպայի առաջնության համար, միևնույնն է, ես այլապես չէի վարվի: Սա շատ կարևոր է, որովհետև այսօր տարբեր շրջանակներում (ֆուտբոլ, հասարակություն, քաղաքականություն) կարծես թե ամեն ինչ թույլատրելի է հաղթելու համար, մինչդեռ ազնիվ մեկ ժեստն ավելի կարևոր է ու ավելի բարիք կանի»:

Նա նաև ավելացրերց. «Ցավոք, շատ քիչ է խոսվում այսպիսի ժեստերի մասին: Եվ դա ամոթ է: Լավ կլիներ մեր երեխաներին բացատրել, որ սպորտն ու քաղաքականությունն այն չեն, ինչ նրանք տեսնում են հեռուստատեսությամբ՝ բռնություն, ցոփություն, անվայել արտահայտություններ ու հակառակորդի աչքի մեջ մատ խոթել»: 

Այս տղան այսպիսի բաներ է անում 24 տարեկան հասակում: Ուրեմն լավ ծնողներ է ունեցել ու լավ դաստիարակություն, որ նրան սովորցերել են հերոս ու ազնիվ լինել, այլ ոչ թե լիդեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել