Անդոյի բանակ գնալը Համասյանի Leaving Paris-ով եմ պատկերացնում: 
Չէ, ինքը Փարիզի իր տունը չի լքում,
որ դեռ չունի, բայց մի օր անպայման կունենա, 
այլ` Երևանը,
Փարիզը լքում ա Երևանն ու մեր քաղաքն առանց Փարիզ ա մնում:
Թողնում ա իրենց Սարի թաղի գլոր-գլոր  ճանապարհները,
որ կարգին ասֆալտապված չեն, 
անտառը, որի միջով 18 տարի անցնում ա,
 բայց դեռ վախենում ա, որ կմոլորվի, 
էն խորը փոսը, որ միշտ նկատել ա,
 բայց երբեք չի հասկացել, թե երբ ու ոնց ա առաջացել,
 բոշաներին, որոնց մասին տենց էլ նյութ չարեց,
 ու «Լրատվական ռադիո»-յի Գարիկին չհաջողվեց համոզել, որ շփվի հետները, 
էն ճանապարհը, որի վրա Կիև գնալուց առաջ քիչ էր մնացել անձրևի ժամանակ ընկներ մեքենայի տակ
ու իրագործեր իր առաջին ու վերջին չստացված ինքնաոչնչացումը, 
հարևաններին, որ  ամեն անգամ, սեփական տներում ապրողներին բնորոշ հարազատ ու հարևանական ժպիտով, նայում են իրեն ու մտածում, 
թե ինչի՞ էս տղան իրենց տղաներին նման չի, ու  էն մյուսի տղային էլ նման չի, ու ոչ մեկին նման չի, ու ոչ մեկ իրեն նման չի,
կանգառը, որ իրենց տանից, իր ասելով, 1 ժամվա ճանապարհ ա,
իսկ իրականում 15 րոպեում էլ կհասնես,
իրենց տան դարպասները,
որոնցից այն կողմ հսկա շունը անուշ ա անում Անդոյի գուլպաների հերթական զույգը, 
ու էն 1000 մետրը, որ 1000 անգամ անցել ա ականջակալներով` տանից անհետ կորելու նպատակով, 
բայց նորից վերադարձել իր սենյակը, որ երբեք իրենը չի եղել,
 որովհետև ոչ հայկական շունչ կա, ոչ ֆրանսիական ոչ էլ առավել ևս անդոյական,
մահճակալը, որի գլխավերևի պատուհանից թափանցող լույսն ամեն առավոտ սահմանափակում ա մինչև երկուսը ձգվող քունը,
լոգարանը, որտեղ ամենից հաճախ հարդարում ա մազերն ու մորուքը,
և ոչ այն պատճառով, որ ուզում ա լսել մարդկանց լավ կամ վատ կարծիքներն ու կատակները,
այլ, որովհետև իրեն էդպես ա դուր գալիս, ու ինքն իրեն լավ ա զգում,
գրասեղանը, որտեղ գրում ա էն աղջկա մասին, 
ով մեկ Լիլիթ Հովհաննսիյանին ա սիրում, մեկ էլ կարճլիկ, անդուր տղաներին, 
իսկ Անդոն ու Պիպոյանը դուրն էնքան էլ չեն գալիս, 
բակը, որտեղ իրեն մի քիչ ազատ է զգում ու գծում իր փարիզյան կաբարեն,
պատուհանից բացվող մորեգույն գիշերները, դեղին առավոտներն ու ճերմակ ցերեկները,
փողոցները,
մայթերը, 
շենքերը, 
քաղաքը,
մարդկանց:

 ու գծվելու է բանակից առաջի ու հետոյի սահմանը,
ոնց ծնվելուց, մեռնելուց, սիրելուց, ապրելուց, ինքդ քեզ գտնելուց
 առաջն ու հետոն:



Երբ Անդոն բանակ գնա, 
էն նույն ժամանակ, երբ ավտոբուսով հեռու-հեռու ճանապարհ անցնելիս լինի,
ես կմիացնեմ Համասյանի նվագն
 ու կմտածեմ, որ որ Փարիզը լքեց Երևանը,
կտխրեմ,
ավելի շատ քան հիմա,
հետո կժպտամ, ու կսպասեմ ընկերոջս:

Ճանապարհները կասֆալտապատեն,
 անտառը կկտրեն, որ շենքեր կառուցեն
 կամ ծառատունկեր կկազմակերպեն,
  էն ունայնության փոսը կամ կլցվի հողղով կամ ավելի կխորանա,
 բոշաների ծնելիության ցուցանիշը կնվազի կամ կբազմանան ու կշատանան, 
մեքենաները վթարի կենթարկվեն, 
կամ կշարունակեն իրենց ճանապարհը, 
բայց Անդոյին չեն հասնի,
 հարևանները առանց գիտակցելու կկարոտեն Անդոյին,
ու կհասկանան, որ իրենց տղան շատ հանգիստ կարող էր լինել հարևանինը,
որովհետև քաղաքում տիրում է մասսայական նմանությունը,
կանգառի ճանապարհը կմնա նույնը, 
ու մարդիկ չեն էլ մտածի այն արհեստականորեն երկարացնելու մասին,
էն հսկա շունը էլ ուտելու գուլպա չի գտնի տանը, 
էն ճանապարհով ուրիշ մարդիկ կքայլեն ու ականջակալները կկորցնեն նոտաների մեջ, 
սենյակում փոշի կնստի, կամ էլ հյուրերը երբեմն էնտեղ կգիշերեն,
 ու Անդոյի մաման փոփուկ կտորը մի քանի անգամ նույն ուղղությամբ կտանի,
ու չի էլ նկատի, որ մի քանի ժամ  ձգվող անշարժությունը,
կհուզվի,
կկարոտի,
կհպարտանա իր տղայով,
բայց դա չի խանգարի, որ ուշունցի մեր պետության ղեկավարներին,
կառավարությանը,
հրամանատարներին,
ու մեծ հաշվով  ճիշտ էլ կանի,
փոխարենը կօրհնի զինվորներին` առանց դասակարգելու ու որևէ տարբերության,
ու կաղոթի, որ մեր սահմանները վերջապես խաղաղվեն,
ավելի շատ, քան երբևէ կմտածի կարոտի, հայրենիքի ու խաղաղության մասին:
 էն աղջիկը Անդոյին չի մոռանա,
 ու թաքուն Պիպոյանի երգերը կլսի, 
հետո կգնա կարճլիկների հետ հանդիպման,
կկորցնի չունեածն ու ոչինչ էլ չի գտնի,
ու կշարունակի ոչինչ չանելով փնտրել:

Երևանը էլ Փարիզ չի ունենա,
բայց Փարիզը նոթատետրում կփորձի պատկերել Երևանի կիսատ-պռատ փողոցները,
Փարիզը Երևանին կկարոտտի,
Երևանը Փարիզին,
հեռվից հեռու իրար կխոստանան, որ էլի են հանդիպելու,
ու անպայման ճանաչելու են իրար:

էսպես  2 տարի,

հետո, հետո Անդոն կգա հետ,
ու էստեղ նոթս կավարտվի,
որովհետև ես չգիտեմ, թե ինչ կլինի հետո,
ի՞նչ տեսք կունենա Երևանը,
ու Անդոյենց Սարի թաղը, որտեղ երբեք չեմ եղել,
կճանաչե՞մ Անդոյին, թե չէ,
ինքն ինձ կճանաչի՞, թե կփորձի հիշել,
կխոսի՞ հետս, թե միասին կլռենք,
կպատմի՞ բանակից, թե կնախընտրի, որ երբեք ոչինչ չիմանամ,
ի՞նչ տեսք կունենան փողոցները, որոնցով կքայլենք, կամ չենք քայլի,
ու մեզ կճանաչե՞ն մարդիկ, թե՞ մոռացած կլինենք բոլորին, ու մեզ էլ ոչ մեկ չի հիշի,
հարցեր կտա՞ էն աղջկանից,
 ու ես արդյոք նուն տղայի մասին կպատմեմ, թե՞ ուրիշ.
կգնան՞ք Պուրակ ու Պիպոյան կլսե՞նք,
ու կհիշի՞ արդյոք երգի բառերը,
մենք կփորձենք լցնել 2 տարվա տարածությունը, ամեն ինչ նորի՞ց կսկենք, թե՞ կշարունակենք ինչ որ անհայտ կետից,
չգիտեմ:

պատկերացնում եմ`
սարսափելի ճշգրտությամբ:
Կնստենք Մաշտոցի պուրակում,
կմիացնեմ Համասյանի նվագը,
թևերս ավելի բարակ ու երկար կլինեն,
Անդոն էլ ավելի բոյով ու ուժեղ,
կգրկենք իրար` ամուր-ամուր.
ու կասենք`
«ու տենց միշտ»,
ու էդպես կվերանան բոլոր հարցերը,
ու պատասխանների կարիք չի լինի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել