***
Բառերը թաց են
անձրևների տակ:
Ես կհրեմ նրանց
դեպի քամիները:
Ուզում եմ տողերս
օրորվեն հեռվում՝
որպես փշածաղիկ:
***
Այս միակ արևի տակ
կգնայիր բոլորի հետ՝
երգելով խայտաճամուկ երգեր:
Ժամանակը իր տեղում է, Համլետ,
ինքդ դուրս եկար շավղից:
Մի քիչ ծիծաղ կկախեիր գլխարկիցդ:
Քարացար՝
դատարկությանը հենված:
***
Կարմիր մատիտով սպիտակ թղթի վրա
նկարեցի նավակ:
Խաղ էր,
օրերի ալիքները տարան:
Հիմա ափ են նետել՝ որպես
ճակատագիր:
***
Ես պարտեզում իմ աճեցրի անօգտակար բույսեր,
գեղեցիկ՝ ինչպես արցունքը, և՝ իզուր:
Իզուր՝ ինչպես արևը արևոտ օրվա մեջ,
գեղեցիկ՝ ինչպես անձրևը անձրևից հետո:
Ես լսում ու չեմ լսում, և շուրջն իմ լռություն է,
այնքան խոր՝ երևում են քարերը հատակի:
Ես նայում եմ ու չեմ տեսնում, ես չեմ տեսնում ոչինչ,
արևից ու արևից բացի:
***
Ոչ ծաղիկ, ոչ էլ խոսք,
լռություն:
Եվ անձրև, որ իջնում է հողին:
Կույրերը վախեցած ձեռքերով
շոշափում են քարերը հսկա:
Համրերը խոսում են վախեցած,
բայց խոսել չգիտեն:
***
Տխուր է առանց քեզ,
և քեզ հետ՝ տխուր է,
ինչո՞ւ ես վախենում անծանոթ նավերից,
նավերից՝ որ անուն չունեն:
Դու տեսե՞լ ես ծովը, երբ արև չկա,
երբ արև չկա, ու ծովը տաք է,
մի՛ սիրիր մահը, մահը մի՛ սիրիր,
մահն անընդհատ է:
***
Ես եմ հաղթողը,
և պարտվողն եմ ես,
և իմ ձեռքերը՝ անձրևի տակ սառը,
ինչո՞ւ է լալիս նա, որ կանգնած է ջրհորին մոտիկ:
Քաղաքը մեկն է՝ ցած կտուրներով,
ձիթենիների դառը ստվերի մեջ,
միշտ է քաղաքը, և ես այստեղ եմ:
Մի ասա՝ չկա,
և եթե չկա՝ ես ի՞նչ եմ ուզում:
***
Ես հաց եմ ուզում ու ջուր,
մի խաբիր ինձ շաքարով…
Բառերի մեջ, որ դատարկ են, մահ կա:
Մահ կա խոսքերի մեջ,
որ պարտվածներն են խոսում:
Ես տեսել եմ արևը
ու ասում եմ՝ ցուրտ է:
Ցուրտ է արևի տակ, որ չկա:
***
Գնամ քարեր բերեմ
դնեմ սենյակումս:
Այսքան աղմուկի մեջ՝
մի քիչ իրականություն:
***
Գնամ կանգնեմ
փողոցում, ձյունը
ծածկի աչքերս:
Այնքա՜ն, այնքա՜ն
լռեմ, պատռվի
վարագույրը հեռվում:
Ձեռքս տանեմ
սրտիս, կարմիր
դառնան մատներս:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել