Ինչպե՞ս պայքարել սրա դեմ

Արևմուտքում վիդեոխաղերի ու մեդիամոլության վտանգավոր հետևանքները երեխաների վրա հասել է անկառավարելի աստիճանի: Հավանաբար աշխարհի մյուս մասերում էլ վիճակը լավ չէ, բայց այստեղ շատ ու շատ երեխաներ կյանքն այլևս տեսնում են միայն iPad-ների ու iPhone-ների էկրանների պրիզմայով: Ծնողները սկսում են մտածել որ իրենք միայնակ անզոր են պայքարել այս, մի տեսակ աներևույթ, չարիքի դեմ: Արդյոք կա՞ լուծման եղանակ: Պարզվում է այո:

Ինձ, իմ ոչ քրիստոնյա ընկերներն ասում են, որ երեխաներին պետք է ազատություն տալ, որ իրենք իրենց կամքով ընտրեն, թթ ինչ են ուզում իրենց համար, որ ծնողները իրենց պիտի չստիպեն: Բայց սա շատ վտանգավոր է: Եվ ահա թե ինչու: Փոքր նորածին երեխային ծնողը պինդ կերակուր չի տալիս, որովհետև այդ երեխան չի կարող ընդունել այն: Ազատ թողնե՞նք խորոված ուտի: Դեռ ատամ չունի, ինչպե՞ս խորոված ուտի: Եվ երկրորդ, երբ փոքր երեխաները դպրոց են գնում, դուք թողնու՞մ եք, որ նրանք մենակ գնան, եթե պետք է մի քանի հատ փողոց անցնեն, մեքենաների արանքով գնան: Ո՛չ, նույնն էլ այստեղ է, մենք նրանց պիտի առաջնորդենք կյանքի փորձությունների միջով, մինչդեռ նրանք մեծանում են: Երբ չափահաս դառնան, դա արդեն ուրիշ պատմություն է:

Մեր ու մեր երեխաների վրա այս տեսակ հարձակումները գալիս են հեռուստացույցից, մամուլից, բակից, դրսից, նույնիսկ մեր վարքից, մեր վատ օրինակներից, բարի տեսքով ձյաձյաներից ու ծյոծյաներից: Արդյոք մի օր տեսե՞լ եք, որ հեռուստատեսությամբ ասեն՝ «երեխաներ լսեք ու սիրեք ձեր ծնողներին, հնազանդ եղեք նրանց, լսեք ու կատարեք իրենց ծնողական բարի խորհուրդները, պատվեք ձեր հորն ու մոր, դուք կարիք չունեք այդ iPad-ի կամ iPhone-ի այս տարիքում:» Ոչ, սրա փոխարեն ձեզ գնդակոծում են այսպիսի պատգամներով «էժանացում կա, ավելին գնիր, առաջին սերնդի iPad -ն ու iPhone-ն անցան, 2-րդ սրնդինը վերցրու, ավելի լավն են, ավելի շատ բան կարող եք անել դուք և ձեր երեխաները, ավելին վերցրու: Եթե դրամ չունես, վնաս չունի, պարտքի տակ ընկի, մենք ֆայնենս կանենք ու պարտք կձևակերպենք: Հետո կմտածես, թե ինչպես տակից դուրս գաս, հիմա վայելիր»:

Բայց սա ու՞ր է տանում: Ինչու՞ այսպիսի թշնամանք մարդու հանդեպ: Ինչու՞ մարդկային ու ընտանեկան բարի արժեքների այսպիսի անխնա ոչնչացում: Չէ՞ որ այս բաները հաղորդողներն իրենք նույնպես կքած են այս անիմաստ վազքի ու դժվարության տակ:

Քրիստոնյա ծնողները միշտ պետք է հիշեն, որ թե մարդը, և թե մարդու զավակները թշնամի ունեն, որ միշտ ցանկանում է կործանել ու մոլորեցնել: Ահա թե ինչ է ասում Աստծո Խոսքն այս մասին:

1 Պետրոս 5:8-9
«Արթո՛ւն եղեք, հսկեցէ՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ Սատանան, մռնչում է առիւծի պէս, շրջում եւ փնտռում է, թե ո՛ւմ կուլ տայ։ Դիմադրեցէ՛ք նրան՝ հաստատուն լինելով հաւատի մէջ.» Սա գրում է Պետրոս Առաքյալը՝ մի մարդ, որ 3 տարի Հիսուսի հետ էր ապրել, ուրացել էր ու զղջացել էր: Նրա ստվերից մարդիկ էին բուժվում ու նա երկինքն էր տեսել:

Զգույշ եղեք, սատանան կարող է կերպարանավորվել որպես լուսո հրեշտակ, ասում է Պողոս Առաքյալը (2րդ Կորնթացիներ, 11:14): Իսկ մի ուրիշ տեղում էլ ասում է «Աստծու սպառազինութիւնը հագէ՛ք, որպէսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին. (Եփես 6:11-15 ուշադիր կարդացեք սա):

Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆԵԼ ԾՆՈՂՆԵՐԸ

1. Սպառազինվել (Եփես 6:11)՝ ամրանալով «խաղաղութեան Աւետարանի պատրաստութեամբ (Եփես 6:15): Ավետարանը միշտ կարդացեք: Աստծուն մոտիկ մնացեք՝ ԻՐ Խոսքը միշտ ձեր մեջ պահելով ու ՀԻՇԵԼՈՎ: Լավ հիշեք, դուք ճյուղերն եք, Հիսուսը որթատունկը, իսկ մեր ՀԱՅՐԸ պարտիզպանն է: Ճյուղը սնվում է որթատունկից: Եթե չմնաք որթաունկի վրա, կչորանաք, սնվելու աղբյուր չի լինի: Իսկ չոր ճյուղերը պտուղ չեն տալիս, դրանք հավաքվում ու դրանցով տարբեր նպատակների համար կրակ են վառում: -- Սա շատ շատ կարևոր կետ է, կարծես թե պրակտիկ չէ, քանի որ հոգևոր է, բայց չէ որ այս պայքարն էլ հոգևոր է, տեսանելի չէ, շոշափելի չէ:

2. Օգնեք ձեր երեխային իր կյանքում տեսնի, թե ինքն ինչ ունի, այլ ոչ թե նեղվի իր չունեցած համար՝ աչքն էլ պահած ընկերոջ ունեցածի վրա: Իմ մեծ տղան 10 տարեկան է: Իր ընկերներն ունեն iPad, ինքն առայժմ չունի: Երբ նա բողոքում է, թե ինչու՞ նա չունի այն, ինչ իր ընկերներն ունեն, ես նրան ասում եմ՝ մտածիր այն ամենի մասին, որ դու ունես, ու քո ընկերները չունեն: Քո ընկերն iPad ունի, բայց դու ճամփորդել ես Եվրոպայում, Հայաստանում, Արցախում, 2 լեզուների էս տիրապետում, լավ ընկերներ ունես, լավ հետաքրքրություններ ունես, լավ ընտանիք ունես, լավ բարեկամներ և այլն: Երեխան զգում ա, որ ինքն էլ դատարկաձեռն չի: Եվ իրեն լավ ա զգում: Ուրեմն եկեք իրենց բողոքներին ի պատասխան մեր երեխաներին օգնենք տեսնել այն օրհնությունները, որ իրենք ունենք իրենց կյանքում:

3. Ես ու կինս մեր տանը կաբելային հեռուստատեսություն չունենք: Միայն նայում ենք հասարակական ալիքները: Մենք այդ որոշմանը հանգեցինք՝ տեսնելով, թե որքան վատ խոսքեր ու հայհոյանք կա կաբելային ալիքներով: Երբեք չենք ափսոսել այս որոշման համար: Բայց հասարակական ալիքներով նույնպես վատ բաներ են ցուցադրում: Եվ սա բերում է իմ 4-րդ կետին:

4. Մենք չենք նայում այնպիսի հաղորդումներ, որ չենք ուզում մեր երեխաները նայեն: Օրինակ: Ես չեմ ասում, գնա ստեղից, այս հաղորդումը քեզ համար չի: Երեխայի մոտ հարց ա առաջանում, ինչու պապային կարելի ա վատ բաներ, ինձ չէ: Եթե վատ ա, ինչո՞ւ ինքը իր մասին հոգ չի տանում: Ուրեմն էտքան էլ վատ չի: Ու հենց դուք տանը չլինեք, նա կմիացնի ու կփորձի համտեսել արգելված պտուղը: Ես նկատի ունեմ կռիվ կինոներ, վայրենի բաներ (արյունոտ դանակներ ու դաժան տեսարաններ), անպտուղ բաներ: Վախենալիք բաներ: Ինչո՞ւ երեխաներին ավելի սթրեսավորենք այսպիսի բաներով: Նրանց ներկայությամբ ու ցերեկային ժամերին նայում ենք միայն լավ բաներ (երբ ժամանակ կա): Երբ նրանք գնում քնում են, մենք արդեն կարող ենք դիտել մեծերի համար լավ հաղորդումներ, որոնք գրեթե անհետացել են արդեն:

5. Փորձում ենք գտնել ընկերների մի շրջանակ, որ մեր պես են մտածում: Անձնական ու ընտանեկան ընկերություն պիտի անել նմանատիպ մտածողություն ունեցող ընտանիքների հետ որոնց դավանած արժեքները գոնե մոտ են ձեր դավանած արժեքներին, որոնք ցանկանում են որ իրենց երեխաներն էլ նույն կերպ մեծանան: Գոնե ուտելուց ու iPad-ից բացի, այլ բաների մասին մտածեն:

6. Երբեմն դժվար է սա, բայց այս մեդիամոլությունից երեխաներին հեռու պահելու համար, մենք դրանք փոխարինում այլ բաներով: Այլ ժամանցային բաներով, գիրք, փայտաշինություն, սպորտ, երգ, ուրախություն: Սա օգնում է, որ երեխաները մի այլ աշխարհ տեսնեն էտ էկրաններից դուրս: Օրինակ, երբ մենք մեքենայով տեղ ենք գնում, երբեք թույլ չենք տալիս, որ երեխաներն ինչ-որ վիդեո խաղ կամ բան վերցնեն հետները: Թող դուրս նայեն պատուհանից ու աշխարհ տեսնեն մի քիչ:

7. Ծնողն ինքը պիտի ուզենա ապրի ու լինի այն, ինչ որ ինքն ուզում է տեսնել իր երեխային: Այսինքն մենք՝ ծնողներս, շատ-շատ ուշադիր պիտի լինենք մեր վարքի, խոսքերի ու մտքերի մեջ: Եթե ծնողը դաշնամուր նվագել չգիտի, երեխային չի կարող դաշնամուր նվագել սովորեցնել: Ծնողը դադարում է երեխայի համար լինել հեղինակություն, երբ նա երեխայի մոտ մի բան է ասում, հետո ինքն այլ բան անում: Օրինակ՝ տանը մարդիկ են գալիս: Նստում, հաց են ուտում, գեղեցիկ կենացներ ասում իրար ու գովում: Հետո մարդիկ գնում են, ու ծնողներն սկսում են բամբասել հյուրերի ետևից: Երեխայի սրտում երկրաշարժ է տեղի ունենում: Աշխարհը շուռ է գալիս. «Ոոոոոնց, ախր հենց նոր, ինչ լավ բաներ էիք ասում այս մարդկանց մասին, հիմա դարձան ձեր բամբասանքի առարկա՞ն» մտածում է երեխան: Եվ ծնողը կորցնում է իր հեղինակությունը: Նա երեխային սովորեցնում է կրկնակի ստանդարտների:

Սիրելի ընկերներ, սրանք զուտ մի քանի կետեր են, որոնց հավատարիմ մնալը կարող է շատ մեծ փոփոխություն բերել երեխաների և ձեր կյանքում: Իսկ ամենակարևորը առաջին կետն է, որովհետև սա հոգևոր պայքար է, հակառակորդն էլ՝ անտեսանելի: Եվ աղոթեք: Ընտանիքով աղոթեք: Ձեր զավակների համար աղոթեք: Ուշադրությամբ աղոթեք: Սրտով աղոթեք: Ձեր զավակների հետ միասին աղոթեք ու նրանց Աստուծո մասին պատմեք: Այս կերպով պայքարելը հաղթանակի է տանում, երբ կողքիդ ունես Հիսուսին քեզ ապավեն ու առաջնորդ: Դա հաղթանակ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել