Պատժի գաղափար, գրեթե բոլոր կրոններն էլ ունեն և նրանցից շատերի մոտ արտահայտվում է բարբարոս ու վրեժխնդիր ձևերով:
Ահա, օրինակ, ճապոնացիների «Հարաքիրի» կոչվածը, որ կատարվում է կրոնական արարողության ձևի տակ:Իր խղճի առջև ծանր մեղքով մեղավոր զգացող ճապոնացին դաշույնը իր փորն է խրում ու իր աղիքները կտրելով` հոգին ավանդում է այն գիտակցությամբ, թե ինքն իրեն պատժեց և իր Աստծո առաջ իր մեղքը քավեց հերոսաբար:
Քրիստոնեությունը ո’չ այդպիսի պատիժ է ընդունում, ո’չ այսպես մեղքերի թողություն է ըմբռնում և ո’չ էլ որևէ ձևով կատարված անձնասպանությունը հերոսություն է նկատում:
Ընդհակառակը, մահը պատիժ չի կարող լինել, այլ փախուստ պատժից, իսկ անձնասպանությունը ոչ թե հերոսություն, այլ թուլություն է, դասալքություն:
Իրական հերոսությունը ապրելն է , և մեղքից ու սխալից իսկապես ազատվելու միակ ճանապարհը` բարի գործերով դրանք հատուցելը: Այստեղ, ահա, սկսվում է երրորդ հոգեկան պահը, որ է բարի գործով մեղքը քավել: Ինքն իրեն ուղղել բարի գործելով` ահա դրա մեջ է կայանում փրկությունը մեր անձերի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել