Մի տխուր բան պատահեց երեկ, որ ինձ շատ ցավ է պատճառում որպես մարդ և Կիսասարկավագ, որովհետև նման բաները հեռացնում են մարդկանց հավատից, մայր եկեցեցուց և դարձնում մեր սիրելի եկեղեցին ավելի խոցելի: 

Օրերս ԱՄՆ-ում բնակվող իմ ծանոթներից մեկը, որի զավակը բնակվում է Լոս Անջելեսի մոտ և պիտի մի քանի ամիս հետո ամուսնանա, ինձ խնդրեց տեղեկանալ, թե կա՞ արդյոք Հայ Առաքելական Եկեղեցի այդ քաղաքում, որպեսզի երեխաներն ամուսնանան Մայր Եկեղեցում: Պարզվեց, որ չկար, և ամենամոտ եկեղեցին առաջնորդանիստ Սբ. Ղևոնդ շքեղ եկեղեցին է: Զանգահարեցի: Մի աղջիկ (հավանաբար քարտուղարուհին) վերցրեց հեռախոսն ու պատասխանեց «Մայր Եկեղեցի:» Հարցրեցի՝ ինչպես է կարգը և այլն, ու նա ասաց, որ Պսակի կարգն արժե 1450 ԱՄՆ դոլար: Այո, դուք սխալ չհասկացաք՝ $1450: Բայց սրանից հետո ամենավատը եկավ: Հարցրեցի, թե արդյոք գնի մեջ զեղչ կատարու՞մ են, քանի որ հասարակ մարդկանց համար, որ ճոխ հարսանիք չեն անում, սա շատ բարձր գին է: Պատասխանը՝ «սովորաբար ոչ:»

Ահա այսպիսի բաներ: Երեկվանից մտածում էի՝ գրե՞մ այս մասին, թե ոչ: Բայց լռելը ճիշտ չի: Որովհետև նման բաները հեռացնում են մարդկանց հավատքից, եկեղեցուց ու թուլացնում մեր սիրելի եկեղեցին: Երբ խոսում ես նման խնդիրների մասին, եկեղեցու նեսում գտնվողները պաշտպատնում են ամեն ճիշտ ու սխալ (շատերը հիմա կասեն, մարդիկ հազարներ են ծախսում հարսանիքների վրա թոզ մի 1450 էլ եկեղեցուն տան), եկեղեցուց դուրս գտնվողները տեղի ու անտեղի քարկոծում են Քրիստոսի եկեղեցին, իսկ մեր եպիսկոպոսները հավաքվում ու խոսում են սրբադասման կարգի մասին կարծես սա լինի մեր եկեղեցու համար առաջին ցավը, երբ ազգի 10 տոկոսն է միայն հաճախում եկեղեցի: Արդյունքում մեր եկեղեցին շարունակում է մնալ խոցելի:

Սիրելի ավագ հոգևորականներ, որ իշխանություն ունեք նման հարցեր լուծելու և կամ ազնվորեն բարձրաձայնելու: Հնարավո՞ր է արդյոք այնպես անել, որ մեր եկեղեցում (Ավստրալիայից մինչև Կանադա ու Արգենտինայից մինչև Վլադիվաստոկ) 7 Սբ. Խորհուրդները չվաճառվեն: «Ձրի առիք, ձրի ալ տվեք»: Մաթ. 8:10 Իսկ եկեղեցու բյուջեներն այլ միջոցներով պետք է լցնել (բայց սա այլ երկար թէմա է, որի մասին ես շուտով մանրամասն կգրեմ):

Հանուն արդարության պետք է ասեմ, որ բավական ազնիվ հոգևորականներ կան մեր մայր եկեղեցում, որ դեմ են այսպիսի բաներին, սակայն նրանք չեն այս որոշումները կայացնողները: 

Հանուն արդարության պետք է նաև հիշենք, որ ապրիլի կեսերին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կասեցրեց Տավուշի մարզի եկեղեցիներում սակագներ սահմանելու որոշումը: Սա շատ ողջունելի է: Եթե սակագներ սահմանելու որոշումները կասեցվեն մեր ամբողջ եկեղեցում, սա կլինի շատ ավելի ողջունելի ու տասնյակ հազարավոր մարդկանց նորովի մտածել կտա մեր հավատքի ու Մայր Եկեղեցու մասին: Իսկ եկեղեցու ֆինանսներն այլ կերպ կլցնենք, որովհետև դա էլ, անշուշտ, անհրաժեշտ է (այս մասին շուտով):

Եկեք իսկապես ցույց տանք, որ սիրում ենք հասարակ, աղքատ ու չունևոր մարդկանց: Նրանք իսկապես մեր եղբայրներն ու քույրերն են (եթե դուք անկեղծ էք երբ ասում էա Հայր Մեր...): Իսկ մենք կոչված էնք հոգ տանելու իրար նկատմամբ: Մի օր մեր Հայրը մեզ էլ կհարցնի «ու՞ր է քո եղբայր Աբելը» Ծննդոց 4:9: Պետք չէ մեր եղբայրներին ու քույրերին ստորացնել, երբ նրանք չեն կարողանում վճարել բարձր սակագները: Այո՛, սփյուռքում ու Հայաստանում ճոխ հարսանիքներ են լինում, բայց ոչ բոլորն են այսպես անում: Դուք տեսնում եք նրանց, որ գալիս ու վճարում են, բայց դուք չեք տեսնում նրանց, որ ստորացած, անկարող ու գլխահակ ետ են վերադառնում, որովհետև ամաչում են զեղջ խնդրել, իսկ երբ խնդրում են, ինչպես ես երեկ հարցրեցի, ասվում է «սովորաբար ոչ»:

Եկեք շտկենք այս և նման հարցերն ու հարյուր հազարավոր մարդկանց ետ վերադարձնենք մեր Ճշմարիտ Ուղղափառ հավատքին ու Մայր Եկեղեցու գիրկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել