ԽՍՀՄ փլուզումից հետո նախկին Խորհրդային Միության կազմում ներգրավված երկրների համար սկսվեց փորձությունների և տառապանքների մի նոր ալիք: Դրանք բազմաթիվ կրոնական, հոգեբանական, օկուլտ աղանդների ներխուժումներն էին, որոնք, եվրոպական երկրներում անհաջողությամբ “ավարտելով” իրենց գործունեությունը, նետվեցին դեպի տանջված, հոգևոր սննդից երկար տարիներ զուրկ մնացած, ավտորիտար գաղափարախոսության ենթարկված, սիրո և խաղաղության կարիք ունեցող, աղանդների մասին պատկերացում չունեցող ժողովուրդները: Իհարկե առաջին ալիքի կրողը դարձավ Ռուսաստանի Դաշնությունը, հետո նոր, սովորության համաձայն, ցանցն սկսվեց տարածվել այլ երկրներում: Աղանդների գործունեությունը հաջողվում է ոչ թե այն պատճառով, որ նրանք հիմնված են բարձր և վեհ կրոնական գաղափարախոսությունների վրա (որպես կանոն՝ իրենք այդպես են ներկայացնում), այլ այն պատճառով, որ նրանք կարողանում են հմտորեն կառավարել մարդկային թուլությունները և օգտագործել դրանք իրենց նպատակների համար: Նախքան քարոզչություն սկսելն ուսումնասիրվում է բնակչության սոցիալ-հոգեբանական կառուցվածքը և մշակվում է համապատասխան ռազմավարություն: Օրինակ, եթե խորհրդային ժողովուրդը սովոր էր լսել, թե ինչպես են վատաբանում “տերտերներին”, ապա բոլոր աղանդներն իրենց գործունեությունն սկսեցին եկեղեցու և քահանաների թերությունները մատնանշելով: Խորհրդային մարդը պատասխանատու չէր իր գաղափարախոսությունների և առհասարակ իր կյանքի համար: Նրա փոխարեն այդ պատասխանատվությունը կրում էր պետությունը: Պետությունն էր որոշում՝ ինչպես ապրել, ինչ հագնել, ինչ ուտել, ուր գնալ, ինչ մասնագիտություն ստանալ, ինչ բարոյական նորմերի հետևել: Ամեն բան պլանավորված էր առնվազն 5 տարի առաջ, և տրամադրվում էր մեզ դպրոցի, գրականության, ԶԼՄ-ների միջոցով: 

Շատ աղանդավորական կառույցներ համոզված են, որ յուրաքանչյուր երկրում ավետարանչությունն արդյունավետ է, եթե դրա համար կան պատրաստված անձինք հենց այդ ժողովրդի միջից` տվյալ ժողովրդի արժեքներին համապատասխան մտածողությամբ: Դա էր պատճառը, որ նրանք, օգտագործելով մանիպուլյացիայի պարզ մեթոդներ, ընտրեցին և դաստիարակեցին համապատասխան “լիդերների” մի սերունդ: Տարբերությունը առինքնող չէր, որովհետև մանիպուլյատորներ էին և’ Լենինը, և’ Ստալինը, և’ Բերիան, և’ Խորհրդային Միության գրեթե բոլոր առաջնորդները: Կան ընդհանուր մոտեցումներ, որով աղանդավորական առաջնորդները կարողացան ներկայանալ ժամանակաշրջանին համապատասխան. գրեթե բոլոր աղանդների ղեկավարները հանդես եկան որպես խորհրդային իշխանություններից հավատքի պատճառով տուժած, դժվար կյանք կամ հանցավոր ճանապարհ անցած անձնավորություններ, որոնք ապաշխարության արդյունքում դարձել են Աստծուն, և իրենց կյանքը փոխվել է:

Աղանդավորական հարձակման համար դա ճիշտ ռազմավարություն էր, որովհետև երկիրը գտնվում էր անցումային շրջանում. խորհրդայինը մերժվում էր, նախկինում հաջողության չհասած և հանցագործ կյանքով ապրող մարդիկ հարստանում էին, բիզնեսներ ստեղծում, ինտելիգենցիան խեղճացած վիճակում էր, կրթության դերը նվազել էր, ոչ ոք չէր զարմանում, երբ կիսագրագետ միսիոներներն աստվածաշնչյան դպրոցներ էին հիմնում և ուսուցանում: Աղանդավորական գործունեությունը և երկրի զարգացումը համահունչ ընթացք ունեին: Ապագա “լիդերներին” տեսան, ընտրեցին, վարժեցրին և զինեցին համապատասխան հմտություններով, մղեցին համարժեք գործունեության` այն կեղծ տեսլականով, թե իբր իրենք Աստծուն և հայ ժողովրդին են ծառայում: Իսկ ինչպիսի՞ հոգեբանական մեխանիզմներ, մեթոդներ, տեխնոլոգիաներ են օգտագործվում աղանդավորական գործունեությամբ զբաղվող սուբյեկտի վարքի և գիտակցության պլանավորման, ծրագրավորման և համապատասխան իրավիճակում գործելու համար: Սա մի հարց է, որը հուզում է ոչ միայն հոգեբաններին, սոցիոլոգներին, այլ նաև քայքայիչ աղանդներից տուժած անձանց և նրանց մտերիմներին:Դժվար չէ նկատել, որ աղանդավոր լիդերը պետք է իր անձնային տիպով բավարարեր բոլոր այն պահանջները, որոնք ներկայացվում են “հեղինակություն-մանիպուլյատորի” կողմից: Թե գործունեությունը և թե այն իրականցնող սուբյեկտը պետք է բավարարեն այն հիմնական չափորոշիչներին, որոնք ներկայացվում են այս կամ այն գաղափարախոսության “լույսի” տակ: Այդ չափորոշիչներից կարելի է առանձնացնել անձի մանիպուլյատիվ կարողությունները: Մանիպուլյացիայի միջոցով ստեծվում է “իրականության խեղաթյուրման դաշտը”, որը հնարավորություն է տալիս կառավարել մարդկանց՝ ըստ աղանդի համապատասխան նպատակների: Նախ, ի՞նչ է մանիպուլյացիան, ո՞վ է մանիպուլյատորը, և ի՞նչ կապ ունի մանիպուլյացիան աղանդների հետ: “Մանիպուլյացիան” որևէ անհատի հոգեկանի վրա ազդեցությունն է, որը, համեմատած մյուս հոգեկան ազդեցությունների, ունի այն առանձնահատկությունը, որ մանիպուլյատորը ձգտում է թաքցնել իրական միտումները և ձգտումները։ Հոգեբան Է. Շոստրոմը դիպուկ կերպով նշում է, որ մանիպուլյացիաները դարձել են մեր առօրյա կյանքի մի մասը այնպես, որ մենք դադարել ենք դա նկատել: Սոցիալական դիմակներն օգտագործվում են կյանքի տարբեր սցենարների համապատասխան:

20-րդ դարի շուկայական հարաբերությունների զարգացումը բերեց այն բանին, որ մարդն այլևս դիտվում է որպես շուկայի մի մասնիկ. վաճառողի համար նա հավանական գնորդ է, դերձակի համար` կոստյում, բանկիրի համար` բանկային հաշիվ, աղանդավորական առաջնորդի համար` հերթական զոհ:Մանիպուլյատորին բնորոշ գծերից մեկը մակերեսային զարգացումն է, որի նպատակն է ազդեցություն թողնել մարդկանց վրա` նրանց կառավարելու համար: Սակայն պարադոքսն այն է, որ որքան շատ է նա սիրում կառավարել, այնքան նրա մեջ մեծ է մեկ այլ անձնավորության կողմից կառավարվելու ձգտումը: Ընդ որում, նա փնտրում է որևէ հեղինակություն, որի կարծիքի հիման վրա ձևավորվում է նրա ինքնագնահատականը: Լավը որակվում է այն, ինչ հաճելի է հեղինակություն-անձին, վատը` այն ինչը ընդունելի չէ նրա համար: Այսպիսով, երբ նա թույլ է տալիս որևէ մեկին իր փոխարեն որոշումներ կայացնել, կորցնում է իր անձի ամբողջականությունը և բաժանվում է ինքն իր մեջ, պառակտվում է: Որևէ մեկի կողմից թելադրված և ներշնչված բարոյական արժեքները և սկզբունքները բերում են մերժման և երկատման հոգեվիճակի, որովհետև անձը կանգնում է որոշման առաջ` իր որ կողմերն են լավը և որոնք վատը: Պարզ է, որ նա ջանում է ընդունել իր “լավ կողմը”, իսկ “վատը” դաժանորեն մերժել: Սակայն վտանգավոր է մերժել սեփական բնությունը, պետք է ընդունել մարդկային բնության բոլոր արտահայտումները: Հայտնի հոգեբան Է. Ֆրոմը ասում էր, որ իրերը հնարավոր է մասնատել և մանիպուլյացիայի ենթարկել՝ չվնասելով նրանց բնությունը, սակայն մարդն իր չէ, նրան հնարավոր չէ մասնատել՝ առանց նրան վնասելու և քայքայելու: Դրա համար են հոգեբաններն ու աղանդագետներն աղանդներին կոչում “քայքայիչ”: Ֆ. Փերլզն այս հարցի վերաբերյալ նշում է, որ յուրաքանչյուրիս մեջ կա երկու սկիզբ` “շունը վերևում” և “շունը ներքևում”: “Շունը վերևում” վիճակն ակտիվ սկիզբն է, որն արտահայտվում է ղեկավարելու, իրեն ենթարկելու, հեղինակությամբ ճնշելու ձգտումով: “Շունը ներքևում”-ը պասիվ սկզբունք է, որն արտահայտում է մարդու ենթարկվելու, համաձայնվելու և լսելու կարիքը:

Երկու սզբունքներից յուրաքանչյուրը կարող է արտահայտվել կամ մանիպուլյացիով, կամ ստեղծագործությամբ: Ընդ որում, մենք բոլորս կարող ենք լինել մանիպուլյատորներ, սակայն մանիպուլյատիվ վարքն անհրաժեշտ է վերափոխել ակտուալիզացված վարքի: Ակտուալիզատորը հոգեբանության մեջ մանիպուլյատորի հակառակ հասկացությունն է: Ակտուալիզատորի կյանքի հիմնական դիրքորոշումն է գիտակցել իր սեփական և մյուս մարդկանց ինքնությունը:Եկեք դիտարկենք մանիպուլյատորի և ակտուալիզատորի հակադարձ բնութագրումները:Մանիպուլյատորի հիմնական բնութագրիչներն են.1. Սուտ, կեղծիք, խաբկանք. Մանիպուլյատորը խաղում է դերեր, փորձում է տպավորություն թողնել, օգտագործելով տարբեր մեթոդներ, ձևեր, մոտեցումներ: Իրական զգացմունքներ չի ապրում, այլ մանրակրկիտ ընտրում է իր հույզերը և արտահայտում դրանք հանգամանքներից ելնելով:2. Անգիտակցվածություն, անտարբերություն, ձանձրույթ: Չի գիտակցում կյանքի իրական իմաստը, ունի “թունելային” մտածողություն, այսինքն՝ տեսնում և լսում է այն, ինչ ուզում է տեսնել կամ լսել:3. Վերահսկողություն, փակվածություն, դիտավորություն. Իր համար կյանքը շախմատի խաղ է: Փորձում է վերահսկել իրավիճակը, սակայն իրեն էլ ինչ-որ մեկն անդադար վերահսկում է: Արտաքինից պահպանում են հանգստություն, որպեսզի դիմացինից թաքցնեն իրական պլանները:4. Ցինիզմ, անհավատություն:

Չի վստահում ոչ մեկին, ոչ իրեն, ոչ այլոց: Մարդկանց բաժանում է երկու մեծ խմբերի` նրանք, ովքեր վերահսկվում են, և նրանք, ովքեր վերահսկում են:Ակտուալիզատորի բնութագրիչներն են.1. Ազնվություն, թափանցիկություն, անկեղծություն, վավերականություն: Կարող է ազնիվ լինել յուրաքանչյուր զգացմունքի մեջ, ինչպիսին էլ որ դա լինի:2. Գիտակցվածություն, ապրումակցում, կենսուրախություն, հետաքրքվածություն: Լավ տեսնում է և լսում է ինքն իրեն և այլոց:3. Ազատություն, ինքնաբերականություն, շիտակություն): Ունի իր պոտենցիալն արտահայտելու ազատություն: Նա պատասխանատու է կյանքում իր կայացրած որոշումների համար:4. Վստահություն (հավատք, համոզմունք): Խորությամբ հավատում է իրեն և այլոց: Ձգտում է կյանքի հետ կապ հաստատել, այլ ոչ թե կտրված լինել և դժվարությունները փորձել հաղթահարել տվյալ պահին, տվյալ տեղում:Ելնելով վերոհիշյալից՝ կարելի է ամփոփել, որ ակտուալիզատորը փնտրում է իր մեջ բացառիկություն և ինքնություն: Իսկ մանիպուլյատորն իր անհատականությունը թաքցնում է խորքում և կրկնօրինակում, բազմացնում է որևէ մեկի վարքային մոդելը: Դիտելով աղանդների ղեկավարների վարքագիծը՝ կարելի է եզրակացնել, որ նրանք կրկնօրինակում են ամերիկյան արտահայտման մոդելները:Ակտուալիզատորը կյանքը դիտում է որպես զարգացման ընթացք: Պարտությունները դիտվում են որպես ժամանակավոր դժվարություններ: Նա ամբողջական անձ է, նրա հիմնական դիրքորոշումն անհատականության գիտակցումն է:Մանիպուլյատորը մասնատված անձ է: Նրա գործողությունները հիմնված են այն բանի վրա, որ իր սեփական անկատարությունը կարող է հաղթահարվել իր և շրջապատի հետ պատերազմելով: Իր համար կյանքը պատերազմ է՝ իր սեփական ռազմավարությամբ, մարտավարությամբ, տեխնիկաներով և խաղերով, որոնք անհրաժեշտ են իրեն՝ պաշտպանական մեխանիզմներ ստեղծելու և գոյատևելու համար:Մարդ-մանիպուլյատորը տարբերվում է. նա աչքի է ընկնում կեղծավորությամբ, ունի իրականության իր սեփական շեղված ընկալումը և փորձում է մարդկանց հարմարեցնել այդ պատկերացմանը, վերահսկել նրանց, օգտագործել և ծառայեցնել սեփական նպատակներին: Մանիպուլյատորներն ի վիճակի չեն ըմբռնելու իրենց գիտակցության ողջ խեղաթյուրված վիճակը:Ի տարբերություն մանիպուլյատորի՝ ակտուալիզատորը համագործակցում է մարդկանց հետ հավասարության սկզբունքով:   

Ինչ մեթոդներ են օգտագործում մանիպուլյատորները:Մանիպուլյացիայի երևույթի տակ հասկացվում է բարդ տարաբնույթ հոգեբանական իրողություն, որի բաղադրիչներն են ազդեցության գաղտնիությունը, ներգործությունը` վերահսկման նպատակով, նպատակաուղղվածությունը` մանիպուլյատորի կողմից շահ ստանալու համար: Սրանք իրականացվում են միջանձնային ազդեցության բազմաթիվ տեխնիկաների օգտագործմամբ: Վերոհիշյալ նպատակների համար լայնորեն օգտագործվում են անձի վրա ներազդելու այնպիսի սոցիալ-հոգեբանական ֆունկցիոնալ համակարգեր, ինչպիսիք են ներշնչումը, իմիտացիան, էմոցիոնալ վարակումը:Ներշնչումը (суггестия)-անձի վրա անմիջական հոգեկան ներազդումն է, որը կապված է ներշչնվող բովանդակության ընկալման և իրագործման ընթացքում գիտակցման և քննադատական մոտեցման նվազման հետ և ուղեկցվում է ըմբռնման, վերլուծության, անցած փորձի և սուբյեկտի ներկա իրավիճակի հետ համեմատականի բացակայությամբ: Ներշնչման ժամանակ տեղի է ունենում մտքերի, տրամադրության, զգացմունքների, վարքի, վեգետատիվ և շարժողական ռեակցիաների փոխանցում և տարածում: Սա կատարվում է ոչ թե ըստ դիմացինի համաձայնության, այլ այն ինֆորմացիայի հիման վրա, որը պլանավորված հետևության արդյունք է: Մանիպուլյատորի կողմից կառավարվող գործողությունների ընդունումն անձի կողմից զուրկ է քննադատական վերլուծությունից, անցյալի փորձից և պայմանավորված չէ ներկա իրավիճակով, իսկ հիշողության աշխատանքը նվազեցվում է մինչև առաջնային ազդակների ընդունման (զգացողությունների) մակարդակ: Մեծ նշանակություն ունի ներշնչողի հանդեպ վստահությունը, նրա հեղինակությունը: Ի տարբերություն համոզելուն, որտեղ հիմնական ազդեցությունը թողնում է ռացիոնալ փաստարկը, ներշնչումն ուղեկցվում և կառավարվում է մարդկային հոգեկանի զգացմունքային կողմը ճնշելու միջոցով: Ներշնչման համար հիմնական միջոց է հանդիսանում խոսքը: Ներշնչման ազդեցությունը գերագույն աստիճանի հասցնելու նպատակով օգտագործվում են խոսքի փոխանցման արտահայտչական միջոցներ` ռիթմ, ինտոնացիա, շեշտադրումներ, դադարներ, բանալի-բառերի հաճախակի կրկնումներ: Կարելի է նկատել, որ աղանդավորի բառապաշարը լի է յուրահատուկ բառ-ազդակներով: Ներշնչումը կառուցվում է վստահության հիմքի վրա, երևակայության և զգացմունքների ստիմուլյացիայի (գրգռման) միջոցով, վարակման և իմիտացիայի մեխանիզմների օգնությամբ: Վարակումը հոգեֆիզիոլոգիական մակարդակի վրա էմոցիոնալ վիճակի փոխանցման պրոցեսն է (դրա վառ օրինակը “էմո”-ներն են): Հետադարձ կապի առկայության դեպքում մեծ խմբավորումներում այն կարող է վերածվել փոխադարձ լայն տարածման՝ հասցնելով մասնակիցների լարվածությունը գերագույն աստիճանի (սա սովորաբար տեղի է ունենում հոգեգալստական և խարիզմատիկ ուղղություն ունեցող խմբերում):Կարելի է առանձնացնել մանիպուլյացիայի մի քանի տեսակներ, որոնք տարբերվում են ինչպես հոգեբանական ներազդեցության միջոցներով, այնպես էլ միջանձնային պրոցեսների բնութագրմամբ: Դրանք են` պատկերներով մանիպուլյացիան, հռչակվող մանիպուլյացիան, առարկայական մանիպուլյացիան, անձի շահագործումը և հոգևոր մանիպուլյացիան:

Դրանք կարելի է դիտարկել որպես իրար լրացնող տարբեր մեխանիզմներ, որոնք ուղղված են ներգործության ազդեցությունը ուժեղացնելուն: Օրինակ՝ պատկերներով մանիպուլյացիան ունի հոգեբանական ազդեցության ուժեղ պոտենցիալ: Տվյալ ազդեցության մեխանիզմը հիմնված է պատկերի և դրա հետ կապված ռելեվանտ (համապատասխան) կարիքի ասոցիացիայի վրա` մղելով անձին այդ պատկերի ռեալականացմանը: Պարզ մեթոդները կառուցվում են այնպիսի ազդակների վրա, որոնք օգնում են մանիպուլյատորին հայտնաբերել անհրաժեշտ պահանջմունքը և տալ դրան համապատասխան պատկերը: Պատկերները կարող են լինել ոչ միայն տեսանելի, այլ նաև լսելի, իսկ որպես զգայաշարժողական մակարդակով հոգեբանական ազդեցության միջոց օգտագործվում են նաև ձեռքսեղմումը, գրկախառնումը, փաղաքշանքը և այլն: Կոնվենցիոնալ ազդեցությունն` դա տվյալ խմբավորման մեջ ընդունված պահվածքի և արտահայտման ձևերի փոխանցումն է անձին և դրանից ելնելով, անձի կողմից ընդունած դերային դիրքորոշման ուժն է: Շատ մարդիկ ի վիճակի չեն անմիջապես ընդունել իրենց վրա փաթաթած դերը, սակայն ստիպված են կատարել այդ դերը ողջ կյանքի ընթացքում: Մանիպուլյացիայի համար մեծ նշանակություն ունեն ստերեոտիպային վարքի այնպիսի ձևեր, ինչպիսիք են իներցիա, սովորություն, որև է աշխատանքի կատարման հմտություններ: Կանխատեսելի մարդուն հեշտ է կառավարելը: Սրան են վերաբերվում նաև մարդու բնավորության իմացությունը, այսինքն՝ մանիպուլյատորի կողմից իր սեփական նպատակները իրագործելու համար տվյալ տեսակի մարդու նկատմամբ օգտագործվող մեթոդները:    Մանիպուլյատորի միտումներից կարևորագույնը կատարվող գործողությունների պատասխանատվությունը ներազդվող սուբյեկտի վրա գցելն է, և սա այն դեպքում, երբ շահառու անձը մանիպուլյատորն է: Դրա համար նա մարդու վրա ազդեցություն գործելը կազմակերպում է այնպես, որ զոհի մոտ մնա որոշումների կայացման սեփական ազատության պատրանք (“ընտրությունն իմն է”): Արդյունքում անձը հայտնվում է այն հոգեվիճակում, երբ ինքն իրեն մղում է մանիպուլյատորի կողմից իր առջև դրված նպատակի կատարմանը: Աղանդի կողմից անձին պարտադրած կյանքի սցենարը դառնում է անհրաժեշտ պահանջմունք, և աղանդավորը հայտարարում է, որ ինքը ինքնուրույն է կատարել կյանքի ուղու և հավատքի ընտրությունը, բացահայտել է իր համար “իրական ճշմարտությունը” և պատրաստ է մինչև կյանքի վերջ ծառայել իր կազմակերպությանը: Այդ հանգամանքը գործնականորեն անհնարին է դարձնում աղանդավորականների վերադարձն արտաքին աշխարհ` առանց համապատասխան մասնագետների լրացուցիչ օգնության:Բոլոր վերոհիշյալ մեխանիզմները և հատկապես անձի կառավարումը հմուտ ձևով օգտագործվում են աղանդների ղեկավարների կողմից` համապատասխան վարքային գծերով և մտածելակերպով աղանդավոր-անձ ձևավորելու համար` նրանց դրդելով ուսմունքի ագրեսիվ տարածմանը և նոր անդամների ներգրավմանը: Ընդ որում, ստեղծում են մարդկային բոլոր պահանջմունքների բավարարման և կատարյալ երջանկության պատրանք, որն անհրաժեշտ է մարդուն առօրյա կյանքի համար, եթե նա անվերապահորեն հետևի աղանդում ընդունված բոլոր օրենքներին և նորմերին: Աղանդների գործունեության մեջ ներգրավված երեխաների մանիպուլյացիան և գիտակցության վերահսկումը խիստ դեֆորմացնում են երեխայի վաղ սոցիալականացման գործընթացը, նրա “Ես”-ի ձևավորումը:

Աշխարհընկալման շեղումներն առավել բացասական ազդեցություն են թողնում դեռահասության տարիքում, քանի որ երեխայի մոտ չի ձևավորվում քննադատական մտածողություն, չեն դաստիարակվում ընտրություն կատարելու և անհատականության զարգացման մեխանիզմները: Նրան ներշնչում են, որ ինքը չպիտի շեղվի իր փոխարեն ընտրած ճանապարհից, որպեսզի չկործանվի:   Բոլոր տեսակի մանիպուլյատորների համար ամենագրավիչ ոլորտը կրոնն է: Մանիպուլյատորին բնորոշ հատկությունները, նրա թուլությունները և ձգտումները դեպի փառքը, որը ներկայացվում է որպես խարիզմա կամ լիդերություն, գրավիչ են արտասահմանյան միսիոներների համար: Նրանք ընտրում են աղանդների ղեկավարներ հենց այնպիսի մարդկանց, որոնց մոտ մանիպուլյատիվ հատկությունները զարգացած են և աշխատում են նրանց հետ, քանի որ, ինչպես վերևում նշվեց, մանիպուլյատորներն իրենք իսկ կարիք ունեն վերահսկման մեկ այլ անձի կողմից: Որպես կանոն, աղանդների ղեկավարները չունեն բարձրագույն կամ այլ մասնագիտական կրթություն կամ որպես մասնագետ չեն կայացել իրենց ոլորտում, փոխարենը նրանք բոլորը ունեն հավակնությունների ոչ իրական բարձր մակարդակ, ձգտում շռայլ կյանքի, փառքի և իշխանության: Մանիպուլյացիայի հիմնական հարվածները հասցվում են այն ժամանակ, երբ համոզելուն միտված փաստարկներն անցնում են բանականության սահմաններից դեպի զգացմունքները, գիտակցության սահմաններից` դեպի չարտահայտված ցանկությունները, վախերը, չիրականացված երազանքները, երբ մարդը գտնվում է խոցելի հոգեկան վիճակում և ընկճված է իր կյանքի չիրականացված նպատակների պատճառով: Մանիպուլյատորները հենց այդպիսի ցանկություններով և վախերով լի իրականության խեղաթյուրման մի դաշտ են ստեղծում, որտեղ երազանքները և ցանկությունները թվում են հասանելի: Իրականության խեղաթյուրման դաշտը կարող է լինել ինչպես դրական ազդակներով, այնպես էլ բացասական: Իրականության խեղաթյուրման դաշտը մի երևույթ է, որով 1981թ. բացատրվեցին Ա. Հիտլերի և Ս. Ջոբսի “հաջողությունները”. Ա. Հիթլերի դեպքում բացասական հետևանքներով, Ս. Ջոբսի դեպքում` դրական Apple համար, սակայն բացասական Ս. Ջոբսի հետ աշխատող և այդ դաշտում իր կողմից օգտագործվող մարդկանց համար: Իրականության խեղաթյուրման դաշտը թույլ է տալիս տեսնել և ներկայացնել ուրիշներին իրականությունը ոչ այնպիսին, ինչպիսին որ կա, այլ այնպիսին, ինչպիսին որ տվյալ մարդն ուզում է տեսնել: Դա խարիզմատիկ հռետորության, կամքի ուժի, համառության, ինքնահավանության մի դրսևորում է: Օրինակ` “Նոր սերունդ” աղանդի ղեկավար Լեդյաևը իրեն տեսնում է որպես առաքյալ և կարողացել է համոզել իր հետնորդներին, որ որպես առաքյալ՝ նա նոր տեսլական ունի Հայաստանի համար: Որոշակի քաջության, համառության, վստահության և “խելամիտ” մտածված քայլերի հետ համատեղ ղեկավարների նպատակները հետնորդների ջանքերի շնորհիվ դառնում են հասանելի:Իրականության խեղաթյուրման դաշտում յուրաքանչյուր փաստարկ մեկնաբանվում և ծառայում է կառավարողի վերջնական նպատակի օգտին, ընդ որում, վերոհիշյալ դաշտում հայտնված անձի համար հմուտ մանիպուլյացիայի շնորհիվ իր սեփական խնդիրները փոքր են երևում, իսկ հնարավորությունները` գերագույն աստիճանի: Այդ դաշտի ներքո աղանդներում ներգրավված անձինք չեն տեսնում իրենց իրական փոքր խնդիրները, սոցիալական ճնշվածությունը, անհաջողությունների շղթաները, ընտանեկան բարդությունները, այլ ներկայանում են որպես Աստծո կողմից բացառիկ օրհնության (իրականում նրանցից ոչ ոք չի կարողանում ձևակերպել, թե վերջ ի վերջո ինչ է “օրհնություն” ասվածն իրենց համար) արժանացած և մոլորակի վրա գերագույն նպատակների և փոփոխությունների իրագործողներ: Դա է պատճառը, որ աղանդներում ներգրավված մարդիկ խոսում և պատմում են անհավանական բժշկությունների և հրաշքների մասին, որոնք իրականում բժշկական լուրջ հետազոտությունների ժամանակ կարող են և չապացուցվել:Իրականության խեղաթյուրման դաշտն ստեղծում է ոգևորված խաբկանք, անհամբերություն, անհանդուրժողականություն, սեփական արդարության մեջ համոզվածություն, իսկ դրա հիմնական նպատակն է մանիպուլյատորի կողմից ստանալ փող, ազդեցություն և փառք: Յուրաքանչյուր աղանդ կտրված է իրականությունից, ստեղծում է իր համար իր արժեքները, ունի արդարության իր սեփական համակարգը: 

Գտնվելով իրականության խեղաթյուրման դաշտում` մանիպուլյատորի ազդեցության տակ, անձն իրականացնում է գործողություններ՝ առանց դրանց իրական նպատակի գիտակցումն ունենալու, ինչը վնասում է նրա ֆիզիկական և հոգեկան առողջությանը, ֆինանսական և սոցիալական դիրքին, հոգեկան հավասարակշռվածությանը: Մանիպուլյատորները հիմնականում գործողության են մղում անձի տարրական ցանկությունները (հարստանալ, լավ ապրել, ապահով լինել) և վախերը (անարգված լինելու, մերժված, չսիրված, անպետք լինելու հեռանկարով տագնապներ), որոնց բավարարման արդյունքում մրցավազքի դուրս եկած անձն արգելակվում է իր անհատական հոգևոր զարգացման մեջ:Ներկայացնենք մեկ օրինակ “Կյանքի Խոսք” աղանդում օգտագործվող մանիպուլյացիայի միջոցներից: “Հովիվ” Արթուր Սիմոնյանի յուրաքանչյուր քարոզը վերլուծելիս կգտնեք մանիպուլյացիայի վերոհիշյալ նկարագրումներից գրեթե բոլորը, ինչպես նաև իր կողմից առաջարկվող իրականության խեղաթյուրման տարաբնույթ մոդելներ, որոնց մեջ նա տարբեր մեթոդներով սկսում է ներգրավել ներկաներին: Օրինակ են բերվում տեսիլքներ (իբրև թե դրանք Աստծուց են իրեն փոխանցված), հայտնություններ (իր սեփական մտքերը ներկայացվում են իբրև Աստծուց իրեն տրված հայտնություններ), որոնք առողջ բանակություն ունեցող մարդու համար կարող են տարօրինակ թվալ: Օրինակ, քարոզներից մեկում Ա. Սիմոնյանը նշում է, որ երիտասարդ տարիներին ինքը շատ գեր էր, և Աստված իրեն հայտնություն տվեց, որ պիտի դիետա պահի և կանոնակարգի իր սնունդը: Սովորական ընթերցողի համար սա կարող է տարօրինակ թվալ, սակայն եթե գործ ունենք մանիպուլյատորի հետ, ապա դա մի պարզ միջոց է Աստծո անունը օգտագործելով իշխանություն ձեռք բերել նաև անդամների սննդակարգը կառավարելու վրա, որն իր հերթին լայն հորիզոն է բացում՝ անհատի և ընտանիքի սահմաններից ներխուժելու և ավելի խորը հոգեկան միջամտություններ կատարելու համար:Եվս մի հատված “Անարգվածները” քարոզից, որը տեղադրված է և’ Youtube, և’ Wolarm կայքերում: Քարոզի սկզբնամասում ասվում է. “Այսօր իմ քարոզի նյութն ա, կոչվում ա անարգվածները, անարգված մարդիկ: Եվ գիտեք, այսօր երիտասարդությունը անարգված ա, կարելի ա այդպես էլ տեսնել, որ նրանք անարգված են և այդ անարգանքը այնքան ուժեղ ա թափանցում մեր յուրաքանչյուրի վրա….”: Բաց թողնելով բանավոր խոսքի մեղմ ասած ոչ շատ գրագետ շարադրանքն ու հայերեն լեզվի աղավաղումը՝ վերլուծենք վերը նշված նախադասությունը: Այստեղ “անարգանք” բառը մի քանի անգամ ասվում է յուրահատուկ շեշտադրումով. պարզ է, որ նպատակն է դատարկ տեղում ստեղծել անարգվածության զգացողություն, որն այդքան շեշտադրելուց հետո արհեստականորեն ուժեղացվում է, և յուրաքանչյուր մարդ ակամա փորձում է փնտրել դա իր կյանքում (եթե ուշադիր լինեք ձեր զգացմունքներին հոդվածը կարդալու ընթացքում, այդ երևույթը կնկատեք նաև ձեզ մոտ): Եվ այս բառերից հետո, երբ մարդն արդեն որոշ չափով գտնվում է հարմար կեղծ “անարգված” հոգեվիճակում, մանիպուլյատորը, ստիպելով մարդուն զգալ իրեն վախեցած, մեղավոր կամ “անարգված”, գտնվում է հոգեբանական այն դիրքում, որն իրեն թույլ է տալիս փարատելու մյուսների վախերը, թեթևացնելու անարգվածությունը` “ապահովելով” նրան խելամիտ բացատրություններով և հանգստացնող որոշումներով (ինչը տեղի է ունենում քարոզի շարունակության մեջ) և իշխանություն ձեռք բերել տվյալ մարդկանց վրա:Հմուտ մանիպուլյատորները լավ գիտակներ են այն իրավիճակների, որտեղ մարդկային վախերը և անհանգստություններն առավել չափով են արտահայտված, քանի որ մանիպուլյատորները հենց իրենք վախենում են կյանքից, և գիտեն, թե որ հարցերը առավել արագ կգրավեն միջավայրի ուշադրությունը: Որպես փաստարկ բերենք նույն “Կյանքի Խոսք” ղեկավարի մի քանի քարոզների թեմաներ` “Սեր”, “Անտարբերություն”, “Հոգսերի հասցեատերը”, “Ազատություն” և այլն: Արդիական թեմաներ, որոնք հուզում են յուրաքանչյուր մարդու: Եվ ամեն բան նման իրավիճակում նորմալ կլիներ, եթե այդ հարցերը իսկապես լուծում գտնեին մասնագետների կողմից: Սակայն հոգևոր մանիպուլյատորը երբեք հույսը չի դնում մասնագիտական որևէ կարողությունների վրա (կոնկրետ այս քարոզչի դեպքում միակ մասնագիտությունը ժամանակին բիզնեսով զբաղվելն է եղել), այլ բոլոր քարոզների ժամանակ շեշտադրում է միայն իրեն տրված աստվածային հայտնությունները և իր անձնական “անհաջող” փորձառությունը` սեփական կյանքից մեջբերելով իրարամերժ փաստարկներ ` նայած, թե այդ պահին դիմացինին համոզելու համար որն է առավել հարմար:Ընդհանրապես մանիպուլյատորը համոզված է, որ ինքը տարբերվում է մյուսներից իր ֆիզիկական և հոգեբանական կարողություններով, որոնք իր գնահատմամբ իր մոտ ավելի բարձր են, քան այլ մարդկանց մոտ, և սա մղում է ինքն իրեն իրավունք վերապահել՝ իր անձնական փորձառությունը դիտելու որպես բացառիկ երևույթ: Ինչպես նշեցինք վերևում, մանիպուլյատորն ունի նպատակ` դուր գալ մարդկանց: Այդ նպատակի համար նա հագնում է ինքնավստահ, անվտանգություն և վստահություն ներշնչող մարդու դիմակ, սակայն կարող է իրեն ձևացնել նաև համեստ, պարզ, ուրիշներին ցավակցելու պատրաստ. ամեն բան կախված է իրավիճակից: Սակայն մանիպուլյատորի իրական պատկերը սա է` ոչինչ չարտահայտող հայացք, անբնական ժպիտ, ավելորդ քաղաքավարություն (ուշադիր նայեք Ա. Լեդյաևի, Ա. Սիմոնյանի և մյուսների նկարներին): Հնարավոր է, որ նա շատ արագ փոխի իր դիրքորոշումը` ամեն բան կախված է նրանից, թե ինչպիսի ազդակներ են պետք դիմացինի վրա ներգործություն թողնելու համար:

 Օրինակ, Ա. Սիմոնյանը իր քարոզներից մեկում պատմում է իր անցյալի մասին. “Իմ ուսուցիչներն ասում էին, որ կյանքդ կվերջացնես բանտերում, քո կյանքը վատ ա լինելու, մեր բարեկամները ասում էին, որ դու մարդ չես դառնա, ես շատ անարգվում էի, և ուզում էի բոլորին ապացուցել, թե ով եմ ես: Եվ դու անկում ես ապրում, փորձելով ապացուցել; որ դու կաս”, “Երբ որ ես նոր էի ապաշխարել, և ուզում էի քարոզել, եղբայրները ինձ ասացին, որ երկու տարի դեռ չեմ կարող քարոզել, նրանք ինձ անարգեցին”: Ոչ բոլոր մարդիկ են այդքան ցավագին ընդունում “ոչ” բառը՝ դրան տալով անարգանքի իմաստ: Սա ևս մանիպուլյատորի հատկություններից է, քանի որ նրանք տանել չեն կարողանում քննադատությունը կամ որևէ բան, որն ճնշում է իր ցանկությունները: Մեկ ուրիշ քարոզում ասվում է. “Ես իմ ծնողների, տատիկի և պապիկի, շրջապատի կողմից ամենասիրված անձնավորությունն էի”: Նմանատիպ այլ իրարամերժ մտքեր, հասկացություններ հանդիպում են յուրաքանչյուր քարոզում: “Կյանքի Խոսքի” ղեկավարը վարվում է իր հետնորդների հետ այնպես, ինչպես ժամանակին վարվել է իր ընտանիքի հետ, իր իսկ խոսքերով` “Պապիկից փող էի ուզում 30 կոպեկ, հետո տատիկիցս, հետո հայրիկից, հետո մայրիկից և այդպես շռայլությամբ ծախսում էի (Մոսկվայի 2012թ. փետրվար ամսվա քարոզից)”: Հիմա այդ կարիքները բավարարվում են իր հետնորդների միջոցով և նա նույնպես շռայլությամբ ծախսում է, ուղղակի մարդկանց համոզելու համար բերվում են օրինակներ Աստվածաշնչից: Ճշմարտությունն այն է, որ քրիստոնեությունը մարդուն դիտում է որպես բարոյապես ազատ, ամբողջական անձնավորություն, ով ունի ազատ կամք, ընտրելու իրավունք, և հետևաբար ինքն է Աստծո արդարության առջև պատասխանատու կյանքում իր ընդունած որոշումների համար: Եվ այդ տեսակ ազատությունն Աստծո գերագույն շնորհներից մեկն է: Նոր Կտակարանը սիրո և ազատության ուխտն է: Կարևոր է հիշել մի բան. պետք չէ ձեր երազանքները և կարիքները դարձնել մանիպուլյատորների ձեռքում խաղաքարեր` ձեր իսկ կյանքի ընթացքը որոշելու համար: Պետք է պատասխանատու լինել սեփական կյանքի, որոշումների, ապրումների համար և Աստծո ողորմածությունը կուղեկցի ձեզ` յուրաքանչյուրիդ:
Հաջորդ հոդվածում ձեզ կներկայացվեն մեխանիզմներ, որոնք կօգնեն խուսափել մանիպուլյացիաներից և ազատվել անցանկալի ազդեցությունից:
Շարունակելի……

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել