Ներկայացնում եմ ընկերոջս՝ Արծրուն Հովհաննիսյանի հեղինակած աշխատության վերաբերյալ իմ գրախոսությունը «Լրաբեր հասարակական գիտությունների» գիտական ամսագրում: Գիրքն ինձ շատ է դուր եկել, հուսով եմ՝ Ձեզ էլ կհետաքրքրի...

ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Տարածաշրջանի ռազմականացումը և Հայոց բանակը, Ե., Հեղինակային հրատ., 2013, 267 էջ:

Հարավկովկասյան տարածաշրջանի ռազմականացման ուսումնասիրությունը կարևոր է ոչ միայն տարածաշրջանի երկրների ռազմական հնարավորությունները ու ներուժը հասկանալու, կանխատեսումների, այլև հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական անելիքների ճշգրտման տեսանկյունից: Տարածաշրջանում առկա բարդ խնդիրների հանգույցը ժամանակակից միջազյանին հարաբերությունների ամենաբարդ ոլորտներից է: Այս համատեքստում ռազմականացումն ու սպառազինությունների արդիականացումը շատունակում են կարևոր դեր ունենալ ընթացիկ տարածաշրջանային գործընթացում: Չկարգավորված հակամարտությունները, Հարավային Կովկասոում Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի հեգեմոնիայից բխող մրցակցությունը, ինչպես նաև ադրբեջանի ռևանշիստական քաղաքականությունը ՀՀ և ԼՂՀ ռազմաքաղաքական անվտանգության դեմ ուղղված լուրջ մարտահրավերներ են, որոնց դիմակայելու համար որոշիչ նշանակություն ունեն Հայոց բանակի հզորացումը, արդիականացումն ու սպառազինության արդյունավետ օգտագործումը: Ցավոք, ժամանակակից աշխարհակարգը դեռևս չի կարողանում ամբողջովին ապահովել ժողովուրդների ու պետությունների խաղաղ համակեցությունը, իսկ միջազգային իրավունքի վրա խարսխված աշխարհակարգի ժամանակակից մոդելը շատ դեպքերում աչքի է ընկնում արդյունավետության պակասով` «ռազմական հավասարակշռություն» հասկացությունը պահպանելով որպես անվտանգության ապահովման գլխավոր բաղադրիչներից մեկը: Հարավկովկասյան տարածաշրջանի ռազմականացման գործընթացի ուսումնասիրությունը և դրան համահունչ Հայոց բանակի հզորացումն ու արդիականացումը չափազանց կարևոր խնդիր է, քանզի 1994 թ. Մայիսյան զինադադարից ի վեր Հարևան Ադրբեջանը շարունակում է ռազմականացման գործընթացը` թիկունքում ունենալով Հայաստանի մեկ այլ հարևանի` Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունը:

Ճիշտ է, աշխատության շրջանակում կատարված ուսումնասիրությունները հիմնականում կենտրոնացած են սպառազինման գործընթացի և ռազմական ներուժին առնչվող խնդիրների վրա, սակայն ամբողջական համալիրում հեղինակն ուշադրության կենտրոնում է պահել նաև տարածաշրջանի հարաբերությունների պատմագիտական, քաղաքագիտական և հոգեբանական հիմնահարցերը: Տարածաշրջանի ռազմականացման գործընթացի ուսումնասիրությունը և այս համատեքստում Հայոց բանակի խնդիրները Հայ ընթերցողի համար ունեն ճանաչողական լուրջ նշանակություն: Հեղինակը շրջանառության մեռ է դնում իր տրամադրության տակ եղած ծավալուն նյութը` ի ցույց դնելով աշխարհաքաղաքական նշանակության այն կարւոր հանգամանքը, որ ռազմական առկա ներուժը և ռազմաքաղաքական իրավիճակը շատ դեպքերում կանխորոշում են ինչպես դաշնակիցների շրջանակը, այնպես էլ համագործակցության ծավալն ու մակարդակը: Ուշագրավ է, որ Ա. Հովհաննիսյանը փորձում է պատմաբանների, քաղաքագետների և ռազմական փորձագետների լայն շրջանների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ժամանակակից աշխարհում ռազմական լարվածությունը չի նվազում, իսկ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցությունն ու տարածաշրջանում առկա չկարգավորված հակամարտություններն զարկ են տվել աննախադեպ ռազմականացման` ստեղծելով այնպիսի նոր տեսակի պատերազմների սպառնալիքներ, որտեղ քանակական գործոնները համադրվելու են նորարարական մոտեցումներին, չեն լինելու միայն գերճշգրիտ հարվածային միջոցների կիրառությամբ` հանդիսանալով չորրորդ և հինգերորդ սերունդների պատերազմների յուրօրինակ միջինացված սինթեզ:

Թեև տաևածաշրջանի երկրների վրա ուղիղ կամ միջնորդավորված ազդեցություն ունեն բոլոր գերտերությունները, սակայն այս աշխատության մեջ հեղինակը առավել հանգամանալիորեն անդրադարձել է Հայաստանի հարւան երկրներին` տարածաշրջանի ռազմականացումը դիտարկելով Հայ ժողովրդի և հայոց պետականության ազգային անվտանգության համատեքստում: Իրանի միջազգային մեկուսացումը և սրան առընթեր ռազմականացումը, իրանական զինանոցում առկա սպառազինության ուսումնասիրությունը, վերլուծությունը և Իրանի ռազմարդյունաբերական համալիրի ստեղծած զինատեսակների մասնագիտական քննարկումը մեծ արժեք են հաղորդում Ա. Հովհաննիսյանի աշխատությանը: ՆԱՏՕ-ի անդամ Թուքիան և հայաստանի հետ փաստացի պատերազմի մեջ գտնվող Ադրբեջանը Իրանը դիտում են որպես տարածաշրջանային լուրջ մրցակից, ինչը ՀԱՊԿ անդամներ Հայաստանին և Հաևավային Կովկասում ծանրակշիռ ռազմական ներկայություն ունեցող Ռուսաստանը վերածում են Իրանի բնական դաշնակիցների:

Աշխատությունը շատ կարևոր լույս է սփռում նաև ժամանակակից Թուրքիայի ռազամական հնարավորությունների և ներուժի վրա: Հայոց ցեղասպանությունը ժխտող, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող և ռազմատենց ադրբեջանին աջակցող Թուրքիան լրջագույն ռազմական սպառնալիք է: Այս առումով Ա. Հովհաննիսյանը բովանդակալից գնահատական է տալիս. «Թուքական բանակը արագորեն կերպարանափոխվում է, ինչը պահանջում է ավելի մեծ ուշադրություն: Չնայած բազում թերությունների և բացթողումների և ներկայումս բավականին միֆականացված հզորությանը, թուրքական բանակն արագ առաջ է ընթանում: Թուրքական բանակի հզորացումը հատկապես առարկայական հետաքրքրություն է ներկայացնում տարածաշրջանային մրցավազքի և Ադրբեջանի հետ ունեցած հարաբերությունների համատեքստում: Գաղտնիք չէ, որ Թուրքիան Ադրբեջանի հիմնական հովանավորն ու ապավենն է» /էջ 40/:

Հեղինակը հատուկ ուշադրության է արժանացրել տարածաշրջանային անվտանգությանը առավելագույնս սպառնացող Ադրբեջանին մի քանի ենթագլուխ նվիրելով ռևանշիստական տրամադրություններ ունեցող այս երկրի ռազմական փաստացի հնարավորություններն ու սպառազինությունը, ռազմական ներուժի դինամիկային, որոշակի հարվածային միջոցների տեխնիկական հնարավորությունների ուսումնասիրությունը, ինչպես նաև Հայոց բանակի հետ համեմատականներին: Ըստ էության Հովհաննիսյանի աշխատությունը եզակի փորձերից է գիտական հիմքերի վրա հակազդել ադրբեջանական պետական քարոզչամեքենայի աշխատանքին: Համացանցը, արբանյակային հեռուստաեթերը օգտագործվում են ադրբեջանական բանակի ձեռք բերած հարվածային միջոցները գովազդելու, դրանց տեխնիկական ւ մարտական հնարավորությունները չափազանցնելու գործում: Բաքվում ուժ ու եռանդ չեն խնայում ներքին և արտաքին լսարանի համար ստեղծված ադրբեջանական բանակի հզորության և Հայոց բանակի հանդեպ ունեցած առավելության առասպելը, իսկ գիտական անաչառության վրա հիմնված սույ աշխատությունը ջրի երես է հանում ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծ տեղեկատվությունը` հայ ընթերցողին հնարավորություն ընձեռելու ծանոթանալու օբյեկտիվ իրականությանը:

Ուշագրավ է նաև աշխատության շրջանակում տեղ գտած տարբեր ռազմական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը: Հեղինակը, օգտվելով օտարալեզու աղբյուրներից, հեղինակավոր միջազգային կազմակերպությունների և գործակալությունների զեկույցներից, տարատեսակ սկզբնաղբյուրներից, կարողացել է հանրության դատին ներկայացնել տարատեսակ ռազմական միավորների, ռազմական տեխնիկայի փաստաթղթային և իրական հնարավորությունների մասին արժոքավոր վերլուծություն: Իսկ աշխատության «Առաջարկություններ ՀՀ ԶՈԻ-ի բարեփոխումների շրջանակներում» ենթագլուխը արժեքավոր է բանակային համալիր ծրագրերն ուսումնասիրող մասնագիտական ոլորտների համար: Ժամանակակից աշխարհում իրադարձությունները շատ արագ են զարգանում, ուստի ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովող գլխավոր պետական ինստիտուտը` Հայոց բանակը, պետք է ունակ լինի արագորեն հարմարվելու, անգամ առաջ ընկնելու ժամանակից և դիմագրավելու սպասվող ռազմական մարտահրավերներին: Մեր օրերում չափազանց կարևոր են նաև հեղինակի մոտեցումները արցախյան գոյամարտի 1993-1994 թվականների ռազմարվեստի փորձը ներկայացնելուն ուղղված քայլերը, ինչպես նաև ադրբեջանական բանակում առկա հոգեբանական խնդիրների վերլուծությունը, դրանց ճիշտ ընկալումն ու հնարավոր պատերազմի դեպքում նախորդի փորձի վրա հիմնված արդյունավետ հակաքայլերի մշակումը: Ինչպես աշխատության վերջաբանում շատ դիպուկ նկատում է հեղինակը` «Վերջին բնագծից չկա նահանջ, միայն առաջ: Հակառակորդին հարկավոր է վերջնական ծնկի բերել ու մասնտել» /էջ 209/:

Աշխատության մեջ հանդիպում են որոշակի վրիպակներ. Այն շարադրված է «տեխնիկական» հայերենով, գուցե ասվի` հենց զինվորական լեզվով, նյութի տրամաբանական համակարգում որոշ խախտումներով: Սակայն դա բնավ չի ստվերում այն ծանրակշիռ ավանքը , որ մենագրությունն ունի տարածաշրջանի ռազմականացման և Հայոց բանակի հիմնախնդիրների ուսումնասիրության գործում: Անտարակույս, Ա. Հովհաննիսյանի հեղինակած ուսումնասիրությունը կբավարարի մասնագետների և ընթերցողների լայն շրջանակի խնդրո առնչությամբ վաղուց հասունացած հետաքրքրքասիրությունը:

ՀԱԿՈԲՅԱՆ Մ.Տ.
Պատմական գիտությունների թեկնածու

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել