Ուրիշների մասին։

Մենք էնքան քիչ ենք ուրիշների մասին մտածում։ Ասենք առովտյան նստում եմ երթուղային ու ինչ֊որ կին անկապ մունաթ է գալիս ինձ վրա։ Ի՞նչ եմ անում ես։ Կամ տենց նեղացած նստում եմ, կամ մի լավ տեղն եմ դնում կնոջը, ու երկուսս էլ հարամված օր ենք սկսում։ Ակնհայտ է, որ ես դժվար թե երթուղայինում ինչ֊որ լուրջ բան արած լինեմ կնոջը, ու հավանաբար, ինքը երթուղային էր բարձրացել արդեն վատ տրամադրությամբ, հիմա էլ մեկին գտավ, թափեց իր ջղայնությունը։

Ի՞նչ արեցի ես․ ես նախ ընդունեցի դա անձնական ու նեղացա (այսինքն ինքս դարձա վատ տրամադրության հաջորդ «զոհը») հետո էլ կամ կծեցի իրեն, կամ պահեցի ուրիշ մեկի վրա թափելու։

Բայց ինչի՞։ Ինձ համար հո ակնհայտ էր, որ կինը իմ դեմ, անձնապես, ոչինչ չունի, ուղղակի վատ տրամադրություն․․․ դե հասկանում եք, առավոտ գիշերով մարդու վատ տրամադրությունը հավանաբար վատ գիշերվա հետ է կապված, ուրեմն կարելի է հասկանալ նրան։ Ուրեմն ես կարող էի նախ չնեղանալ նրանից նրա մունաթի համար, իսկ դրանից հետո արդեն ոչ իրեն կծել, ոչ էլ նեղացածությունս հետո ուրիշ մեկի վրա թափել։

Բայց մեզնից գրեթե ոչ մեկ էդպես չի անում։ Ու նույնն էլ ավելի բարդ դեպքերում, երբ ինչ֊որ մեկի հետ հարաբերություն ունենք, կամ ընկերներ ենք, նրանց ասածներից հեշտ վիրավորվում ենք, համարում ենք, որ մեզ նեղացրել են, իսկ հիմնականում, մարդիկ «ուրիշներին նեղացնում են», երբ իրենց է վատ լինում։ Ու ուրեմն, մենք նեղանալու փոխարեն պիտի փորձենք հասկանալ, թե ինչի, էդ մարդը մեզ «նեղացրեց» ու փնտրենք, թե ինչից է էդ մարդուն վատ (հիմնականում մարդիկ ինչ֊որ բան անում են իրենց ցավի, իրենց մտահոգությունների պատճառով, ոչ թե դիմացինին ցավեցնելու)։

Բայց մեզ միշտ մի բան խանգարում է սա անել․ էդ մեր ֆեյք ինքնասիրությունն է՝ «ո՞նց թե դու ինձ նեղացրիր․․․», ու էս «ինքնասիրությունը» իրականում վերածվում է եսակենտրոնության՝ «ես աշխարհի կենտրոնն եմ, բոլորը իմ դեմ են․ կինը երթուղայինում ուզում էր ինձ նեղացներ, դու ուզում ես ինձ նեղացնես, ․․․»։

Պետք  ա ազատվել տենց եսակենտրոնությունից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել